Արմենը զոհվել է նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ

629

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Առուստամյանի մայրը՝ Ելիզավետա Աբաջյանն, ասում է՝  այդ սարսափելի օրերին իր որդին  ռազմադաշտից զանգահարելիս միշտ լավատեսություն էր փոխանցում, վստահեցնում էր՝ ամեն բան լավ է լինելու։  Արմենը շատ բաներ չէր պատմում Արցախում կատարվող իրադարձություններից, բայց որոշ դրվագներից հասկանալի էր դառնում, որ մեր տղաները նույնիսկ անհնարինն էին անում։

«Մի անգամ որդիս   զանգել էր, պատմեց․ «Մա՛մ, այսօր մի զինվորի դեղ եմ ներարկել․ նա  գոռում ու  գալարվում էր ցավից, մեզ մոտ էլ բժիշկ կամ բուժակ չկար։ Սպասել հնարավոր չէր, ելք չկար, ուստի ես ներարկեցի, ես  կարողացա․․․»։ Որդուս լսելով՝ ապշեցի, որովհետև  նրան ճանաչելով՝ երբեք չէի պատկերացնի, որ ներարկիչն իր ձեռքը կվերցնի։ Բայց, պատերազմական սարսափելի օրերը տղաներին ստիպել էին անել այն, ինչն այլ իրավիճակներում, գուցե, չկարողանային անել», — հիշելով  Արցախյան 44-օրյա պատերազմի սարսափելի օրերը՝ պատմում է տիկին  Ելիզավետան։

Արմենը զոհվել է Մարտունիում նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ։

Ժամկետային զինծառայող Արմեն Առուստամյանը 2019-ի հուլիսի 1-ին ծառայության էր անցել ՀՀ   ԶՈՒ, նախ՝  6 ամիս ծառայել էր Լուսակերտի զորամասում, ապա կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել Արցախի «Մարտունի 2» զորամաս։

Արմենը ծրագրավորող էր, պետք է բանակից վերադառնար, համալսարանում շարունակեր կրթությունը։ Նա նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամ էր, սկաուտական խմբի ղեկավար։ Նա մինչև բանակ գնալը սկաուտների հետ բանակումների էր մասնակցել, կոփված էր, ֆիզիկապես ուժեղ։  Պատերազմի օրերին Մարտունու դիրքերում կռիվ մղող Արմենին օգնում էր ոչ միայն կոփված լինելը, այլև ծրագրավորման ոլորտի հետ կապված գիտելիքները․ նա կարողանում էր  կարճ ժամանակահատվածում արագորեն հաշվարկներ կատարել։

Արմենի մայրը պատմում է՝ պատերազմի թեժ պահերին տղաները հրամանատարի՝ Ժորա Պետրոսյանի հետ  մի վայր էին գնացել, քանի որ շատ հոգնած էին եղել ու գոնե մի փոքր պիտի հանգստանային։ Այնտեղ մի անսարք գնդացիր էին գտել,  որը վտանգավոր տեղում էր եղել՝ բաց տարածության մեջ։  Թեև հրամանատարն արգելել էր դրան ձեռք տալ՝ հասկանալով, որ այն  նորոգելը շատ վտանգավոր կարող է լինել, սակայն  Արմենը, իրեն հատկացված հանգստի ժամանակահատվածն օգտագործելով,  աննկատ գնացել էր, նորոգել է այդ գնդացիրը։

«Հետո հրամանատարը արթնացել է ու տեսել է՝ շրջափակման մեջ են։ Հրամանատարն է մեզ պատմել, որ Արմենի նորոգած այդ գնդացիրով 1200 փոմփուշտ են կրակել, նաև դրա շնորհիվ են կարողացել  շրջափակումից դուրս գալ։ Հրամանատարն ասաց՝ եթե այդ գնդացիրը չլիներ, չգիտեմ՝ ողջ կմնայի՞նք, թե՞ ոչ։ Ընդ որում, այդտեղ նաև այլ դասակից են զինվորներ եղել, բայց  հստակ չգիտեմ՝ քանի հոգի են եղել», — պատմում է տիկին Ելիզավետան։

Նա ասում է՝ հրամանատարը միշտ  հպարտորեն է խոսում Արմենի ու մյուս զինվորների մասին։ Անգիր հիշում է իր զինվորների ծննդյան օրերը, Արմենի ծննդյան օրը հրամանատարը զանգահարել ու տեղեկացրել՝ շուտով Արմենը  «Մարտական ծառայություն» մեդալից զատ՝ նոր պարգև է ունենալու, ափսոս, որ հետմահու․․․

Արմենի մայրը պատմում է՝ որդին շատերին է օգնել, ոմանց կյանքն է փրկել։ Ընկերներից երկուսը  անձամբ են պատմել, որ Արմենն իրենց կյանքը փրկել է։  Նրանիցի մեկը գլխի շրջանում է ծանր վիրավորում ստացել ու հիմա Մոսկվայում բուժվում է։ 

Արմենի մյուս  ընկերը՝ Լևոնը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ 2 ամսվա զինծառայող է եղել,  Արմենի ընտանիքի պատմել է՝ պատերազմի ընթացքում ինքը վիրավորում է ստացել, աչքերը վնասվել են, իրեն թվացել է՝ կուրացել է։ Արմենը Լևոնին գրկած 2 կմ քայլել է, որ հասցնի Շտապ բուժօգնության մեքենայի մոտ, բայց մինչև տեղ է հասել,  մեքենան  տեղում չի եղել,  և Արմենը կրկին այդ 2 կիլոմետր տարածքով  ընկերոջը գրկած վերադարձել է իրենց դիրքը, մինչև հաջորդ օրը մեքենան եկել է, նաև Լևոնին է տարել հոսպիտալ։

«Հիմա Լևոնը բուժման կուրսեր է անցնում, մի աչքը 99 տոկոսով չի տեսնում, նա զինծառայությունից ազատվել է» —  պատմում է տիկին Ելիզավետան ու հավելում՝ Լևոնը դեռ պատերազմի ավարտից հետո  Առուստամյաննների ընտանիքի անդամների հետ կապ է հաստատել, պատմել Արմենի խիզախության մասին ու շնորհակալություն հայտնել, որ այդպիսի որդի են դաստիարակել, որն իր կյանքը վտանգելով՝ բազմիցս օգնել է մյուսներին։

Տիկին Ելիզավետան հիշում է այն չարաբաստիկ օրվա մանրամասները, որի մասին պատմել են Արմենի ընկերներն ու հրամանատարը․․․

«Նոյեմբերի 9-ին ուժեղ հրետակոծություն է եղել, Արմենը  սկզբի ակնթարթներին չի էլ զգացել, որ վիրավորում  է ստացել, հետո տեսել է՝ քթից արյուն է գալիս։ Հրամանատարը ասել է՝ իջի՛ր, թո՛ղ քեզ օգնություն ցույց տան, Արմենն ասել է՝ կարիք չկա։ Այդ անգամ  վնասվածքը ծանր չի եղել,  բայց ժամեր անց՝  13։30-15։00-ի հատվածմերում, ականանետով ուժեղ հրետակոծություններ են եղել, Արմենն այդ պահին  խրամատից դուրս  է եկել ու զոհվել․․․ Հավանաբար, դուրս էր եկել  ինչ-որ մեկին օգնելու», — պատմում է տիկին Ելիզավետան։

Մայրն ասում է՝  ավելի ուշ է իմացել որդու զոհվելու մասին։ Նա Արմենի հետ վերջին անգամ խոսել  էր նոյեմբերի 7-ին, Արմենն ասել էր՝ ամեն ինչ նորմալ է, պարզապես հեռախոսակապը չի աշխատում, հնարավոր է՝ չկարողանա պարբերաբար զանգել, ուստի օրեր շարունակ Արմենից զանգեր չստանալով՝ ընտանիքը, այնուամենայնիվ, հույս է ունեցել, որ նա դեռ կզանգահարի։

«Ես  դպրոցում եմ աշխատում, մենք այդ օրերին պաշտպանիչ գորգեր էինք գործում, որ  ռազմադաշտ՝ մեր տղաներին ուղարկենք։ Ես անընդհատ աղոթում էի, սպասում էի Արմենի զանգին, և երբ ինձ զանգում էին,  ամեն անծանոթ  համար տեսնելիս ինձ թվում էր՝ Արմենն է զանգում, բայց նա այլևս չզանգեց․․․ Հետո ամուսնուս տեղեկացրել էին՝ մի վիրավոր տղա կա,  անգիտակից է և, գուցե, նա Արմենն է։ Մինչև կհասցնեինք հիվանդանոց գնալ,  մեզ տեղեկացրին՝ այդ զինվորը  գիտակցության է եկել, նա Արմենը չէ», — հիշում է տիկին Ելիզավետան։

Նոյեմբերի 12-ին  Արմենի հորն են զանգահարել, ասել են՝ պետք է գնա  որդու մարմինը ճանաչելու։

«Հրետակոծության պատճառով մարմինը մասնատվել էր։ Ամուսինս էր գնացել ճանաչելու, նա ինձ զերծ պահեց․․․․ Ամուսինս պատմեց՝ թեև դեմքը մգացած էր, բայց անգամ ձեռքերից մեր որդուն ճանաչել էր։ Արմենին փակ էին տվել, ես չեմ պատկերացնում՝ ինչ վիճակում է եղել որդուս մարմինը», —  արցունքների միջից պատմում է տիկին Ելիզավետան՝ հավելելով՝ ինքը ջանում է ուժեղ լինել,  իր մեջ սեղմել  ցավը, բայց այդ ցավը ոչ մի տեղ ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել․․․․

Հասմիկ Բալեյան