Անկազմակերպ պատերազմ էր, մեզ անընդհատ նահանջ հրաման էին տալիս. պատերազմի մասնակից ենթասպա

150

44-օրյա պատերազմն անկազմակերպ էր: forrights.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում պատերազմի մասնակից, ենթասպա Կարեն Ղահիրյանը՝ նշելով՝ որ, մասնավորապես, իր ուղղությամբ զորքին հստակ հրամաններ չեն տրվել:

«Անկազմակերպ պատերազմ էր, կազմակերպող չկար: Կոնկրետ չէին ասում՝ ինչ է կատարվում, ինչ չի կատարվում: Մեկն ասում էր առաջ գնացեք, մեկն ասում էր «Հաղթում ենք», բայց միշտ հետ էինք նահանջում: Այդ անկազմակերպ իրավիճակը բարձրաստիճան ղեկավարների կողմից էր դրսևորվում: Խնդիրը կար և առանձին հրամանատարների և բարձր պաշտոնյաների կողմից: Ձուկը գլխից էր հոտած: Կոնկերտ չէին ասում՝ ինչ վիճակ է, ինչ անենք: Մեզ անընդհատ նահանջ հրաման էին տալիս, քանի որ սնայրադները հասնում էր արդեն մեզ վրա, տեխնիկայի վրա»,-ասում է պատերազմի մասնակիցը:

Կարեն Ղահիրյանը շուրջ 20 տարի ծառայել է Արցախի զինված ուժերում: 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցել է Ֆիզուլիում, Մարտունիում և Հանդրութում: Նա զինտեխնիկայի տեղափոխումն է ապահովել:

«Պատերազմի առաջին օրը խառը իրավիճակ էր, զոհեր կային, վիրավորներ: Մի կերպ մտել եմ հրամանատարի մոտ, որ հասկանամ, թե ինչ պետք է անեմ»-ասում է  նա և նշում, որ 2020 թվականի հոկտեմբերի առաջին օրերին, այն ուղղությամբ որտեղ ինքն է եղել, հրաման է եղել անօդաչու թռչող սարքերին չխփել, քանի որ «հրթիռների խնդիր է եղել»:

«Մեզ մի քանի օր ասեցին ռակետներով մի կրակեք ԱԹՍ-ներին, պահեք սամայլոտների (նկատի ունի Բայրաքթարները,-հեղ) համար, բայց հետո բերեցին ռակետները, խնդիրը լուծվեց: ՀՕՊ-ը պետք է թիկունքում աշխատեր, ինչքան կարողացել աշխատել է: ԱԹՍ-ներից մեկը բռնում էր, երկուսը գալիս մտնում էր զորքի մեջ՝ ավերում էր»,- ասաց նա:

Կարեն Ղահիրյանն իր այն պնդումներին, թե պատերազմն անկազմակերպ է եղել, խուճապ է եղել, միաժամանկ նշում է՝ մինչև վիրավորվելը որևէ մեկից չի լսել, որ առաջնագծում հայտարարեն. «Արցախի համար կռվել պետք չէ, քանի որ հողերը ծախված են»:

«Ես պատերազմի ընթացքում չեմ լսել, որ գան ասեն՝ հողերը ծախած է, մի կռվեք, բայց որ հիմա վեր եմ լուծում, այդպես է ստացվում: Ով կպատկերացներ, որ թուրքը Քարին տակը կանցնի՝ կհասնի Շուշի: Հադրութ հասնելու ճանապարհն էլ էր դժվար, որ պահող լիներ՝ կմնար մեզ: Կազմակերպողները թողել են փախել: Մեծահարուստները, որոնք հեկտաներով հողեր ունեն, բիզնեսներ ունեն՝ թողել փախել են: Զինվորները մնացել կռվել են, ես չեմ տեսել, որ սպան զինվորին թողնի փախնի»,-ասաց նա:

Կարեն Ղահիրյանը վիրավորվել է Կարմիր Շուկայից  դեպի Հանդրութ տանող ճանապարհին: Ենթասպան և հինգ զինծառայող փորձել են ՀՕՊ համակարգը տեղափոխել Հադրութ, սակայն, ճանապարհին թիրախավորվել են թշնամու ԱԹՍ-ների կողմից:

«Հոկտեմբերի 11-ի գիշերը Հակաօդային պաշտպանության տեխնիկան էինք տեղափոխում Կարմիր շուկա գյուղից Հադրութ, այդ պահին ԱԹՍ-ներով հարձակվեցին: Մեր գլխավերևից երկու մետրի վրա պայթեցին հրթիռները: Հինգ հոգով էինք, մեկը զոհվեց, ես վիրավորվեցի: Մյուսները, փառք Աստծո, լավ են: Ես լսել եմ, որ թշնամին հոկտեմբերի 10-ից արդեն Հադրութում է եղել, բայց թե, երբ են ամբողջապես գրավել՝ չեմ կարող ասել: Ես պատերազմի հրադադարից երեք ամիս հետո եմ իմացել, որ մենք Շուշին ու Հադրութը կորցրել ենք, քանի որ անգիտակից եմ եղել»,- ասաց նա:

ԱԹՍ-ների հարվածից Կարեն Ղահիրյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել, բեկորները դեռ գլխում են: Նշում է, որ Հայաստանում  հնարավոր չէ վիրահատության միջոցով հեռացնել, իսկ արտերկրում վիրահատվելու համար գումար չունի:

«Այդ օր ես գլխի վնասվածք ստացա, մինչև հիմա էլ գլխիս մեջ է, չեն հանում, ասում են՝ վտանգավոր է: Սրա պատճառով անընդհատ ցնցումների մեջ եմ ընկնում, դրա համար ուր գնում եմ կինս կամ երեխաներից մեկը հետս գալիս են, որ ցնցում լինի ինչ-որ մեկը օգնի: Դեղը գրպանս ման եմ գալիս հենց վատանում եմ՝ խմում եմ»,- ասում է նա:

Կարեն Ղահիրյանն այժմ անօթևան է: Ծնունդով Հադրութի շրջանի  Տող գյուղից է, որն այժմ թշնամու վերահսկողության տակ է: Ընտանիքի հետ բնակվում է Աբովյանի քաղաքի գիշերօթիկ դրպրոցի դասասենյակներից մեկում:

«Մի ամսից հանելու են, չգիտեմ, թե ուր եմ գնալու: Ձմեռն էին ուզում հանել, բողոքեցինք ասեցին լավ ամռանը կհանենք»,- ասաց նա:

Կարենը հույս ունի, որ մի օր ունենալու է իր տունը և զբաղվելու է մեղվապահությամբ, ինչպես ծննդավայրում:

Նարեկ Կիրակոսյան