Արդարադատության նախարարությունը նպատակ ունի նվազեցնելու ինքնասպանության և ինքնավնասումների դեպքերը կալանավայրերում, որին հասնելու համար պատրաստվում է օրենսդրական մի շարք փոփոխություններ կատարել:

ՀՀ կառավարությունն անցնող շաբաթվա նիստում հավանություն է տվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Դրանցով հստակեցվում է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու իրավունքը,  վերացվում է ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու պրակտիկան, արգելվում է անչափահասներին պատժել, տեղափոխելով պատժախուց:

Գաղափարներն այս նոր չեն: Դրանց մասին 2020 թվականին բարձրաձայնել էր դեռևս մարդու իրավուքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Այն ժամանակ օմբուդսմենի գրասենյակը ահազանգում էր, որ կարգապահական տույժի ենթարկելն ու պատժախուց տանելը ինքնասպանության փորձ կատարած անձի համար կրկնակի պատիժ է։

 ՄԻՊ-ն արձանագրել էր մի դեպք, երբ  ինքնավնասման փորձ կատարած անձը հրաժարվել է հոգեբույժի ծառայություններից, երկրորդ անգամ է ինքնավնասում կատարել, որից հետո նրա հետ զրուցելու և աշխատելու փոխարեն տարել էին «կարցեր»:

Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության չինովնիկները դեռ երկու տարի առաջ չէին ընդունում, որ պատժում են ինքնսպանության փորձ, կամ ինքնավնասում կատարողներին:

Այսօր նախարարությունն ինքն է ձեռնարկել փոփոխությունները,  ակամայից հաստատելով, որ տարիներ շարունակ պատժված անձի համար կրկնակի պատիժ է կիրառվել:

Այսպիսով, օրենսդարական նոր փոփոխություններով  նախատեսվում է ինքնասպանության կամ ինքնավնասման փորձը հանել խախտումների ցանկից, ավելացնել ազատազրկված անձանց հետ աշխատող հոգեբանների հաստիքները, հոգեբանական աշխատանքը  քրեկատարողական հիմնարկում պահվողների հետ սկսել անմիջապես կարանտինի շրջանից, վճարովի աշխատանքներում  տարի պահվող դատապարտյալների, այլ բոլորի վրա:

Որքանո՞վ արդյունավետ կլինեն առաջարկվող մեթոդները կալանավայրերում ինքնասպանությունները կրճատելու համար:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը համարում է, որ հոգեբանների աշխատանքի վերանայումը կարող է գործուն քայլ լինել ինքնասպանություններն ու ինքնավնասումները կանխելու համար:

«Հոգեբանները մշտապես աշխատում են  դատապարտյալների հետ և կարող են հասկանալ, թե ով ունի ինքնասպանության հակում, ինչից է դա, հետը աշխատել: Այդ ինքնավնասումները ի վերջո, հոգեկան վարքի դրսևորումներ են: Մենք բազմիցս ենք հարցը բարձրացրել, որ ամբողջ հսկայական  մի հիմնարկում մեկ հոգեբանը չի  կարող որակյալ աշխատանք կատարի: Եւ միայն թիվն ավելացնելով չի, պետք է որակն էլ բարձրացնել»:

Ռոբերտ Ռևազյանը համարում է, որ պետք է նաև վերապատրաստումներ, վերաորակումներ լինեն հոգեբանների: «Նաև ոլորտը պետք է գրավիչ դառնա: Կարելի է պայմանագիր կնքել, օրինակ, համալսարանի հետ, հոգեբանների  պրակտիկա անցկացնել ՔԿՀ-ներում: Եթե հոգեբանը ուզում է լուրջ մասնագետ դառնալ, ՔԿՀ-ն իր համար դաշտ է, որտեղ հսկայական աշխատանք կա»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հակառակ կարծիքի է: Հոգեբանների թվաքանակն  ավելացնելով ինքնասպանությունների դեպքերը չեն կանխվի, քանի որ մեր բանտերում դեռ տիրում են խորհրդային բանտային համակարգին բնորոշ բանտերը, երբ իր պատիժը կրող դատապարտյալին շարունկում են պատժել նաև ներքին  ձևերով ու մեթոդներով: «Ես չեմ ուզում անուններ հրապարակել, բայց ինձ բողոքում են կալանավորներն ու դատապարտյալները, պատմում են, թե ինչ ճնշումներ է գործադրում բանտի ղեկավարությունը նրանց նկատմամբ, իրենց համար ցանկալի վարք, կամ արդյունք ստանալու համար: Պատժում են, սպառնում են, եթե սա անես, այսպես կլինի, այն դեպքում, երբ դատապարտյալի ցանկությունը ընդամենը իր օրինական իրավունքին է վերաբերում: Ասենք՝ իր վաղաժամկետ ազատմանը, իր ռեժիմի փոփոխության համար բողոքելուն, իսկ ամենասարսափելին այն է, որ այդ պատժիչ համակարգը մեկ մարդու պես աշխատում է», — ասում է Ժաննա Ալեքսանյանը: 

Իրավապաշտպանը գտնում է, որ բանտի հոգեբանները ինչքան էլ աշխատեն դատապարտյալի հետ, այդ պատժի ռեժիմը գործելու է: «Բանտերում աշխատող իմ տեսած հոգեբանները այդ նույն համակարգի մի մասնիկն են: Ես դա կանվանեի՝ ինչպես են իրենք ասում, քրեական ենթաշակույթի մի տեսակ»:

Կալանավայրում 25 տարի անցկացրած, նախկին ցմամ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը այդ տարիների ընթացքում ոչ մի անգամ հոգեբանի չի դիմել: «Նրանք են ինձ դիմել, խորհուրդներ հարցրել: Նրանք չեն հասկանում կալանավորի լեզուն:

Ամբողջ «Արմավիրում» 1 հոգեբան կար, իսկ մասաշենքերինը՝ սոցիալ հոգեբաններ են: Երբ ինձ նոր էին տարել «Արմավիր» հիմնարկ, հոգեբանը ինձ մոտ չեկավ: Ես ինքս գնացի նրա մոտ ու ասեցի՝ տիկին հոգեբան, հիմնարկ է բերվել ցմահ բանտարկյալ,  դուք պարտավոր էիք առաջին իսկ օրը գնալ նրան հանդիպելու: Նա ինձ պատասխանեց՝ «Արմավիրում» 500 կալանավոր կա, երբ հերթդ հասնի կամ դիմես,  կնդունեմ»: Դեպք է եղել, երբ ես հոգեբանին ասել եմ, որ ինքը իրեն չի կարողանում տիրապետել, ո՞նց կարող է այլոց հետ աշխատել», — հիշում է Ստեփան Գրիգորյանը:

Ինչո՞ւ են մարդիկ ինքնասպանություն գործում, որո՞նք են հիմնական պատճառները:

«Բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ անձինք մի հիմարության պատճառով «վենա» էին բացում, անմիտ ձևով: Շատ լուրջ պատճառներ կարող են  չլինել: Ես դա տեսել եմ բազմաթիվ անգամ: Հարցրել եմ՝ խի էս փրթել, հորթի պես նայել ա դեմքիս: Մի քիչ անցել ա, ասել ա՝ էս ինչ հիմար բան արեցի: Շատ անձանց եմ հարցրել, անելուց հետո փոշմանել են: Կամ, մարդիկ էն, պահի տակ կարծում են, որ նման բան անելով,  հարց կլուծեն, իրանց վրա ուշադրություն կգրավեն: Մեկ-երկու դեպք է եղել իմ իմացածից, որ կարող եմ ասել՝ լուրջ խնդրի համար է ինքնասպանության գնացել: Մնացածը՝ հիմարությունների համար: Դեպք է եղել՝ հեռախոս են գտել կալանավորի մոտից ու ասել են՝ հեսա կարցեր պիտի տանենք: Վարկյանի տակ մոտը «զամիկանի» ա տվել, իրան փրթել ա,  կարծելով, որ դրանով կարցեր տանելը կկանխվի: Կամ՝ կտրում ա վենան, որպես դատավորի , դատախազի դեմ բողոքի  ձև: Բայց այսօր բացարձակ բանի տեղ չեն դնում նման արարքը, և այս անձինք չեն հասկանում, որ նման ձևով ոչնչի չեն հասնի: Գտնում եմ, որ սխալ է նման մարդկանց կարցեր տանելը: Էդ պահին պետք է հոգեբաններ աշխատեն: Հերիք է, այդ պահին սրսկեն, մարդը քնի, ու էլ էդ արարքին չի դիմի: Հետո մասնագետները աշխատեն հետը: Բերդերի հոգեբաները լուրջ մասագետներ չէին: Եթե լավ հոգեբաններով համալրեն, արդյունք կլինի», — նշեց Forrights.am-ի հետ զրույցում նախկին դատապարտյալը:

Պե՞տք են արդյոք նոր հոգեբաններ բանտերին: Մեր հարցին տպավորիչ պատասխան տվեց կալանավոր Բ-ն: «Հոգեբաններ և հոգեբույժներ նախ և առաջ բանտերի ղեկավարությանն են պետք, որ մարդկանց հետ վարվելաձև սովորեցնեն իրենց, գլուխները մտցնեն, որ մարդն է բարձրագույն արժեքը անկախ սեռից, ռասայից, ծագումից, դավանանքից: Այստեղ բառիս բուն իմաստով գժեր են աշխատում»: 

Հիշեցնենք՝ բերդերում վերջին 5 տարիների ընթացքում մահերի ամենաբարձր թիվը գրանցվել է 2019 թվականին` 21 մահվան դեպք: 13 մահ գրանցվել է անցյալ տարի, 3 անձ ինքնասպան է եռեղել, 366 անձ ինքնավնասման են դիմել։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest