Մինչև պատերազմը ընկած ժամանակահատվածում միջինացված տվյալներով տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պատճառով։ Ազգային ժողովում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցին, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է տարբեր պատճառներով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

«Ձեր հարցի մեջ կա գաղտնիք պարունակող մաս, բայց մինչև պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի առաջվա միջինացված տվյալներով կարող եմ ասել, որ տարեկան զինվորական ծառայությունից ազատվում է մոտ 8 հազար զինակոչիկ մեծամասամբ առողջական խնդիրների պատճառով։ Համադրելիության կարգով կարող ենք ասել, որ մինչև պատերազմը այդպես է եղել»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորը նշեց, որ թվերը իր մոտ առկա են, նաև Պաշտպանության նախարարության հարցումների պատասխանները գտնվում են Ազգային գաղտնի բաժնում։ Պատգամավորը առաջարկեց Հովիկ Աղազարյանին գնալ և ծանոթանալ թվերին։

«Իրականում սա լուրջ խնդիր է ու Կառավարությունում այս մասով էլ ներկայումս քննարկումներ ընթանում են։ Կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարարականն է եղել, որպեսզի փորձենք մեր այն զինակոչիկներին, ովքեր չեն գնում պարտադիր զինվորական ծառայության առողջական խնդիրների պատճառով, ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, որպեսզի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն զինվորական ծառայությունից»,- նշեց Սարգսյանը։

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը իր հերթին նշեց, որ ցանկալի չէ նման թվեր հնչեցնել, բայց չհերքեց Հայկ Սարգսյանի հնչեցրած թիվը։

«Ընդհանուր առմամբ տարկետման և ազատման հետ միասին մոտ է այդ թիվը: Քիչ, թե շատ այդ թվին մոտ է լինում»,- ասաց Սարգսյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest