«ՀՀ–ն նաև և առաջ պարտվել էր միջազգային հարթակներում, և հետո նոր ռազմի դաշտում»․ Լևոն Գևորգյան

79

«Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, որը եղել է և՛ խորհրդային տարիներին, և՛ շարունակվում էր նաև այդ պետության անկախացումից հետո։ Պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզը և պատերազմի ընթացքում, և պատերազմից հետո ստացել էր ամենածայրահեղ դրսևորումները»,– այս մասին «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

ՄԻՊ–ի պնդմամբ՝ ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության ու թշնամանքի քարոզը,  պետական քաղաքականությունն ունի երկու հիմք՝ կրոնական և էթնիկ ասպեկտները։

«Հայատյացությունը փակ շղթա է, որը գեներացվում է Ադրբեջանի, այդ թվում բարձրագույն պետական մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է հանրային և մշակության այլ գործիչների կողմից, և արժանանում է հանրային գովասանքի՝ թիրախավորելով երեխաներին»։

Որպես հայատյացության օրինակ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշեց Ադրբեջանի Տրանսպորտի, կապի, և բարձր տեխնոլոգիաների նախարարության թողարկած «Ադրբեջանը 2020 փոստային նամականիշները», որոնցից մեկը արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է։ Նրա խոսքով՝ նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահարման է ենթարկում Արցախը հայերից։

«Հայատյացությունն իր գործնական արտահայտությունն է գտնում Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում։ Նա հնչեցնում է սպառնալիքներ, վիրավորանք և թշնամական բնույթի արտահայտություններ է անում հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ։ Ընդ որում, նրա ելույթներն այնպիսինն են, որ ակնհայտորեն հասնում են անգամ ֆաշիզմի դրսևորումների: Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, այդ քաղաքականությունը սնուցելու աղբյուր»,– ասաց ՄԻՊ–ը՝ հավելելով, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում, հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս և այլ վայրագություններ կատարելիս, Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները օգտագործում էին այն նույն արտահայտությունները, որոնք օգտագործում էր և օգտագործում է Ադրբեջանի նախագահը:

Ըստ ՄԻՊ-ի՝ միջազգային դատարանի կողմից կիրառված հատուկ միջոցի խախտման մասին է վկայում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը, որի առաջադրանքը հայկական մշակութային ժառանգության կեղծումն ու ոչնչացումն է:

ՄԻՊ–ը նաև անդրադարձավ սոցիալական ցանցերի հայատյացության, թշնամանքի քարոզին։ «Ադրբեջանական և թուրքական  սոցիալական հարթակներում գործում են մեծ թվով սոցիալական էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հիմքերով հայատյացություն սերմանող, բռնության, այդ թվում սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր։ Նման հանցագործությունները մարդկայնության դեմ են ուղղված»։

Հանրային քննարկմանը ներկա էր նաև գերեվարված անձանց փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ում պնդմամբ՝ տարաբնույթ պետությունների հետաքրքրություններն այս կոնֆլիկտում նույնական չեն․ «մենք առ այսօր չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի գնահատական, քննադատություն, մինչդեռ ուկրաինական կոնտեքստում անգամ ունենք այդ ագրեսիայի հետևանքով լրջագույն տնտեսական սանկցիաներ։ Ես վստահ եմ, որ եթե այդ սանկցիաների 10 տոկոսը կիրառվեր Ադրբեջանի պարագայում, ապա պատերազմը կտևեր ոչ թե 44 օր, այլ 4 օր և այլ հետևանքներով»։

Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանի խոսքով՝ ՀՀ–ն նաև և առաջ պարտվել էր միջազգային հարթակներում, և հետո նոր ռազմի դաշտում, որովհետև 2008-ից սկսած ադրբեջանական կողմը շատ ակտիվ վարել է իր քաղաքականությունը դիվանագիտության միջոցով՝ կազմակերպելով կոնֆերանսներ,  ունենալով դիվանագիտական երկկողմանի շփումներ, որոնց արդյուքնում փաստացի միջազգային հանրության ակտիվ դերակատարների, դիվանագիտական ներկայացուցչությունների գուխներում դաջված էր ադրբեջանական նարատիվը, որը շատ պարզ է․ հայկական կողմը օկուպանտ է, ագրեսոր է, անվտանգության խորհրդի բանաձևը հայկական կողմին պարտադրում է դուրս գալ, մինչդեռ հայկական կողմը ոչ մի կառուցողական և էական հակափաստարկ չիրականացրեց՝ ապավինելով Միսնկի խմբի խաղաղության գործընթացին, և այլ քաղաքական լծակներին, որոնք արդյունավետ չէին։

«Ադրբեջանական կողմը կրկին շարունակում է կերտել իր նարատիվը։ Ադրբեջանը փորձելու է միջազգային դատական ատյանները հեղեղել ՀՀ-ի դեմ բազմաթիվ գործերով և կարճաժամկետ հատվածում այս քանակական հակակշռով կարողանալու է ձեռք բերել որոշակի նարատիվային հաղթանակներ»։

Ըստ Լևոն Գևորգյանի՝ սրա դեմ պետք է օգտագործել միջազգային այն բոլոր գործիքները, որը Հայաստանը կարող էր օգտագործել անմիջապես պատերազմից հետո, սակայն դեռևս չի օգտագործել։ Խոսքը, մասնավորապես, վարձկանների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի մասին կոնվենցիաներին է վերաբերում։ Աս բոլոր փաստաթղթերը, ըստ էության, հնարավորություն են տալու ՀՀ-ին, եթե երբևիցե որոշում կայացնի գործադրել այդ գործիքները, կրկին բերել Ադրբեջանին ՄԱԿ-ի անվտանգության միջազգային դատարանի դարպասների մոտ»,– նշեց միջազգային իրավունքի մասնագետը։

Նշենք, որ «Մարդու իրավունքների խախտումներն արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել հիմնականում Արցախի բնակչության դեմ 2020 թ–ի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով։