Լրացավ Մարտի 1-ի 14-րդ տարելիցը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հիշատակի միջոցառում էր կազմակերպել։ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի իրականացվեց հոգեհանգստյան կարգ, ինչից հետո հավաքվածները երթով շարժվեցին Մյասնիկյանի արձանի մոտ եւ ծաղիկներ դրեցին այնտեղ:

2008 թվականին՝ ընտրությունների կեղծման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ կիրառվել էր հրազենից, զոհվել էին Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Համլետ Թադեւոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը:

Տասը զոհերի, հարյուրավոր վիրավորների եւ ապօրինի բանտարկվածների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո հարուցված քրեական գործը նախ մնացել է անվերջ միջնորդությունների փուլում, ապա՝ կարճվել Սահմանադրական դատարանի որոշմամբ:

«Գործը բացահայտված չէ, շատերս էինք հույս տածում, որ 2018ից հնարավորություն կբացվի բացահայտելու, եւ չկար այնտեղ դժվարություն բացահայտելու: Բայց ցավոք սրտի, հույսերը չեզոքացան, անցել է չորս տարի եւ ոչ մեկ չի կարող ասել, թե որեւէ դրվագով որեւ գործ բացվել է, առավել եւս, որ որեւէ մեկը պատժվել է: Փաստերը ցույց են տալիս, որ եկած իշխանությունները բաձարձակ քաղաքական կամք չցուցաբերեցին գործը բացահայտելու համար: ՍԴ-ն որը ձեւավորվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք եւ համալրվեց իր իսկ թեկնածուներով, այդ ՍԴ-ն 8-0 քվեարկությամբ որոշում կայացրեց գործը կարճել: Եւ այն հանցավորը խումբը, որը պետք է պատասխան տար եւ նստած լիներ, մեղադրանքները դատարաններում հաստատված լինեին, ոչ միայն դա չեղավ, այլ այդ մարդիկ այսօր նստած են այլ տեղ` ԱԺ-ում »,- ասում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, նման մեծ գործը հնարավոր չէր առանց քաղաքական որոշման փակել.

«Նիկոլ Փաշինյանն իր համար ստեղծեց հարմար ընդդիմություն, որոնք հաղորդակից անոթների նման են աշխատում՝ իրար սնում են ուղղակի։ Եվ դա քաղաքական առումով հարմար էր այս իշխանությանը։ Եթե մենք մտածում ենք ավտորիտար ռեժիմից ազատվել ենք և եկել է ժողովրդավար իշխանություն,  պետք է անեին բացահայտումներ ինչպես եւ խոստացել էին՝ ամենեւին չեն արել»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest