Հեղափոխությունից հետո անցած 4 տարիների ընթացքում Հայաստանում  հինգ անգամ ԳՇ պետ է փոխվել: 2 անգամ այդ պաշտոնին նշանակվել է Արտակ Դավթյանը: Բայց օրերս  նա, ի թիվս ռազմական գերատեսչության այլ աշխատակիցների, կրկին անգամ ազատվեց աշխատանքից, առանց հանրությանը որևէ բացատրություն տալու։

Forrights.am֊ի նախորդ հրապարակումներում նկատել ենք, որ պաշտոնից հեռացված զինվորականներից ոմանք անցնում են քրեական գործերով։ Արտակ Դավթյանը, օրինակ,   «անպետք հրթիռների գրծով» մեղադրյալի կարգավիճակ ունի, ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանն էլ մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Նա Արցախի Հին Թաղեր գյուղի մոտ գերեվարված և մահացած պահեստազորայինների գործով անցնող 7 զինվորականներից է։

Նորանշանակներից քրեական խրոնիկայում հիշատակվել է Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար Արմեն Գյոզալյանի անունը։ ՀՀ նախագահի հրամանով նա օրերս բարձր պաշտոն է ստացել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում, նշանակվելով օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Գյոզալյանը մինչ այդ զբաղեցնում էր հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Փորձառու հրամանատար Արմեն Գյոզալյանի կենսագրության մեջ կան կետեր, որոնք կասկածի տակ են դնում այս նշանակումը։

Դեռ մեկ տարի առաջ Արմեն Գյոզալյանը անցնում էր զինդատախազության  կողմից քննվող ապա անհականալի ձևով կարճված մի խիստ կասկածելի քրեական գործով, որը վերաբերում էր 2019 թվականին Մատաղիսի զորամասում տեղի ունեցած զենքի գողության։ 

Դրան անդրադարձել էինք «Զինվորին առանց հացի ու ջրի պահել են նստարանի վրա՞. նոր քրեական դեպք Մատաղիսում» 2.09.2019 հրապարակման մեջ: Զորամասից ԱԿՄ տեսակի ինքնաձիգ էր անհետացել, իսկ զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը կասկածներ է ունեցել, որ զենքը գողացել է ժամկետային զինծառայող, ներկայում զորացրված  Ս.Մ-ն։

Ըստ զորամասի մեռ աղբյուրի, հրամանատարը որոշել էր պատժել զինվորին՝ հրամայել էր նստել զորամասի շտաբի առաջ, նստարանի վրա, զրկելով սնվելու և գիշերը քնելու հնարավորությունից: Ս.Մ-ն նստարանի վրա անցկացրել էր 3 օր, մինչդեռ նրա զորացրման ժամկետը ավարտվել էր: Ս․Մ֊ն մեզ ի պատասխան չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել, նաև հայտնեց, որ իրեն ոչ թե 3, այլ 7 օր ուշ են տուն թողել։ Գնդապետ Գյոզալյանը հերքել էր տեղեկությունը։ Հետագայում պարզեցինք, որ զինծարայողի դեմ քրեական գործ կար հարուցված։ Նրան մեղադրում էին 238-րդ հոդվածի 1-ին մասով / «Զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքել հափշտակելը կամ շորթելը»/  և ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով հրազեն իրացնել֊պահելը/։

Մեր հոդվածում նկարագրված դեպքի առթիվ ՔԿ-ն գործ հարուցեց Արմեն Գյոզալյանի դեմ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի«Իշխանությունը չարաշահելը , իշխանազանցութունը, կամ իշխանության անգործություն» հոդվածով, իսկ Գյոզալյանը դատի տվեց մեր լրատվամիջոցը իրեն զրպարտելու համար։

Իշխանազանցության գործով նախաքննությունը  տեւել է մեկ տարի։ Ս.Մխոյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ իրեն նստարանի վրա 7 օր առանց հացի ու ջրի չեն պահել, որ նա այդ օրերին քնել է զորամասի ննջարանում և սնվել է ճաշարանում, ինչպես և մյուս զինվորները: Նույնը հարցաքննությունների ժամանակ պնդել են Մխոյանի ծառայակիցները: Մեր հրապարակման մեջ նշված հանգամանքները հաստատվել են։ Քննիչի որոշմամբ առձանագրվել է, որ «ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Մայիսի Գյոզալյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2019 թվականի հուլիսի 27-ին, պարտավոր լինելով իրականացնել շարքային Սերգեյ Մխոյանի զորացրումը, … խախտել է ԱՀ ՊՆ թիվ 0288 առ 10.06.2019թ-ի հրամանի պահանջները և պարտավոր լինելով Ս. Մխոյանի ծառայության օրացուցային ժամկետը լրանալուն պես՝ 2019 թվականի հուլիսի 27-ին, նրան արձակել պահեստազոր, կատարել է իշխանազանցություն, և Ս. Մխոյանին միայն 7 օր անց …զորացրել է և արձակել պահեստազոր»։

Սակայն քննիչը համարել է, որ դրա հետևանքով Ս. Մխոյանի իրավունքներին և օրինական շահերին որևէ վնաս չի պատճառվել, ուստի որոշվել է Արմեն Գյոզալյանի նկատմամբ չիրականացնել քրեական հետապնդում։  Ակնհայտ է, որ որոշումն այս Ս․Մ֊ի տված ի նպաստ հրամանատարի տված ցուցմունքների հետևանքն է։ Նկատենք, որ Ս․Մ֊ն այդ ընթացքում ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գյոզալյանի մեղադռանքը վերացնելուց հետո նրա նկատմամբ դատարանը մեղմ պատիժ ընտրեց՝ պայմանական պատիժ։

Դե, իսկ զրպարտության գործով դատաքննությունը դեռ չի ավարտվել։ Մենք դատարանին ենք ներկայացրել զորամասի մեր աղբյուրի վկայությունը, որով հրապարակման մեջ հնչած տեղեկություններն ամբողջությամբ հաստատվում են։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest