Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր առավոտյան ժամը 05.50-ին իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

«Հանգամանքները ստիպում են մեզնից վճռական եւ անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով: Դրա հետ կապված, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի եւ ի կատարումն Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրերի, ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցնացնելու մասին»,-ասելէ  Պուտինը հեռուստաուղերձում:

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ, գոյություն ունենալ Ուկրաինայից եկող մշտական սպառնալիքի տակ, նկատելով, որ անընդունելի է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրիանայի յուրացումը:

Պուտինի հայտարարությունից հետո համացանցում տեսանյութ է շրջանառվում, որ պայթյունը եղել է Կիեւում:

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարելու երկրի ողջ տարածքում: Նա  հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են. «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»:

Նա տեղեկացրել է, որ  խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ողջ աշխարհի աղոթքները այս գիշեր Ուկրաինայի ժողովրդի հետ են, քանի որ նրանք ենթարկվում են ռուսական ռազմական ուժերի կողմից չհրահրված և անհիմն հարձակմանը: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն բոլոր մահերի և ավերածությունների համար, որոնք կլինեն այս հարձակման արդյուքում, և Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում:

Նշենք, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինայի այլ արևմտյան դաշնակիցները այս շաբաթվա սկզբին մի շարք պատժամիջոցներ սահմանեցին ռուս պաշտոնյաների և երկրի ֆինանսական համակարգի դեմ և դադարեցրին ռուսական գազատարի նախագիծը՝ նախազգուշացնելով, որ Ռուսաստանի հետագա գործողությունները Ուկրաինայում կհանգեցնեն ավելի կոշտ պատժամիջոցների:

Լրատվամիջոցները հաղորդում են , որ փակվել է ուկրաինական օդային տարածքը:  Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտատերերի կողմից օդային երթևեկության ծառայությունների մատուցումը դադարեցված է, թռիչքուղու օգտագործման թույլտվություն ունեն միայն ոչ քաղաքացիական օդային տրանսպորտային միջոցները:

Հայտնի է, որ երկրում հայտարարել է պահեստազորայինների հավաքագրման մասին:

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest