«Ընկերոջը կռվի դաշտից հանեց, ու հենց Սամվելի ձեռքերի վրա էլ զոհվեց»

895

 –Հոյասքանչ։

Սամվել Գևորգյանի մայրը՝ Հասմիկը, էսպես պատասխանեց այն հարցին, թե ո՞ր արտահայտությունն էր որդին հաճախ կրկնում։ «Նոր բառ էր ներմուծել հայերեն»։

–Հիասքա՞նչ, թե՞ հոյասքանչ։

–Հոյասքանչ։ Իմ մասին մի մտածի, կարևոը դու ես։ Քո տղեն որ ստեղ ա, ուրեմն ամեն ինչ լավ ա լինելու, հանգիստ քնի, քո քունը ես ապահովում եմ։

Սամվելը

Սամվելը շախմատով էր զբաղվում մինչև պատերազմը, շատ էր սիրում, «Սպորտի վարպետ» կոչումն ունի, շատ հաջողություններ ա գրանցել, որոշել էր՝ բանակից հետո գործերը տար Ֆիզկուլտի ինստիտուտ։

Շատ ուրախ, ժպտերես, բարի տղա էր։ Ինքը որտեղ կար, էդտեղ խաղաղություն ու բարություն էր։ 5-րդ դասարան էր, որ մենք գնացինք Մոսկվա, կարող էր չգալ, բայց որոշեց, որ պիտի ծառայի, միևնույն ա Հայաստանը ձգում էր իրան։  19 տարեկանում անցավ ծառայության Մատաղիսում։ Շատ գոհ էր, շատ հպարտ էր, ասում էր ՝ «Մամ, Մատաղիսում ծառայող տղեն թագավոր ա, գիտե՞ս՝ էդ ինչ ծառայություն ա»։ Շատ գոհ էր, մինչև որ պատերազմն սկսվեց։

Պատերազմն սկսվեց

2 ամիս 20 օր էր մնացել ծառայության ավարտին, երբ պատերազմն սկսվեց։ Սեպտեմբերի 27-ին 3.30 զանգեց, ասեց՝ «ամեն ինչ նորմալ ա, չնեղվես, մամ ջան, տղեդ հերոս ա», ինձ հանգստացնում էր։ Հենց առաջին օրը տանկ էր առգրավել, ընկերները պատմում են, որ երբ իր ընկերոջը խփել են, ինքը երդվել էր, որ վրեժ կլուծի ու հենց էդ խփած տանկն էլ առգրավում ա թուրքից։

Ինչպես կյանքում, էնպես էլ կռվի ժամանակ Սամվելս անձնվիրաբար նվիրվել ա հայրենիքին, անգամ ընկերոջը կռվի դաշտից հանել ա, ու հենց իր ձեռքերի վրա էլ զոհվել ա։

Շուտ–շուտ էր զանգում, թեկուզ իր հեռախոսով էլ չէ, բայց զանգում էր։ Ասում էր՝ «սաղ նորմալ ա, լավ եմ», ու անջատում էր։ Շատ բաներ էր պատմում էր, որ սա զենքի կռիվ չի, բայց ասում էր, որ լավ ա լինելու, ամեն անգամ հարցնում էր՝ «ի՞նչ են ասում, ե՞րբ ա ավարտվելու», ամեն րոպե սպասում էր։

Վերջին անգամ իր հետ խոսել ենք հոկտեմբերի 6-ին, կարծես հրաժեշտ լիներ․ բոլորի հետ խոսեց։ «Մամ ջան, պուպուշ մնա, շատ եմ սիրում քեզ», սրանք եղան իր վերջին խոսքերը։ Միշտ ասում էր, որ լավ ա լինելու, իրա խոսքն էր դա։ Շատ ժպտերես էր, իրան տխուր չէիր տեսնի։ Մենակ մի օր շատ տխուր էր ձայնը, հետո իմացանք, որ շատ զոհեր են ունեցել էդ օրը։

Մատաղիսում ա եղել ինքը։ Շրջափակման մեջ են եղել, դուրս են հանել, տեղափոխել Դրմբոն։ Սամս երկրորդ օրն էր՝ զանգել էր, ասում էր՝  «սաղ դիրքերը գրավված են, մենակ մերն ա մնացել՝ 101 դիրքը»։ Այսինքն, շրջափակման մեջ են եղել։ Հետո որ պատմում են, փաստորեն հետ նահանջ են տվել, իրանք էլ թողել են դիրքերը։ Դրմբոնից տանում են Մարտակերտ, Մարտակերտից Վարնկաթաղ բարձունքը պաշտպանելու, ու էդտեղ ԱԹՍ խփում ա իրանց, էլ բարձունք չեն հասնում։

6 օր լուր չունեցանք, որ զանգում էինք՝ ասում էին, որ իրեն տեսել են, ողջ ա, բայց խաբում էին, 7–ին ա դեպքը տեղի ունեցել։ Հոկտեմբերի 12–ին երեկոյան նոր իմացանք, ու իրեն գտանք Մեծամորից։

Հետմահու մեդալներ

Սամս ստացել ա Մարտական ծառայության մեդալը, արժանացել ա «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Շատ պատվոգրեր ունի, անգամ իր զոհվելուց հետո ես էլի շնորհակալագիր եմ ստացել՝ որպես լավ զինվորի։

Ընկերները պատմում եմ, որ շատ պարտաճանաճ էր, ամեն գործի մեջ կար։ Մեկն ասում ա՝ զինանոցում ինչ տեսակի զենք ունեին, Սամվելը տիրապետում էր։ Կյանքում էլ էր տենց, ամեն ինչի ձգտում էր, տենց բան չկար, որ ինքը չիմանար։ Բայց ամենից շատ շախմատն էր սիրում։

Սամվելից հետո

Դպրոցում շախմատի դասասենյակը Սամվելիս անունով ա անվանակոչվելու էսօր։ Երեկ իրար խառնված պատրաստվում էի, էստեղ–էնտեղ էի գնում, հետո մտածեցի՝ էս ի՞նչ եմ անում, ինչի՞ համար, ինչի՞ պիտի պատրաստվեի ու ինչի՞ն եմ պատրաստվում հիմա․ հարսանի՞ք ա, ի՞նչ ա․․․

Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան

Լուսանկարները՝ Աստղիկ Գաուդյանի