«Ո՞ւմ հրամանով են նորակոչիկներին տարել Շուշի, որտեղ նրանց կոտորել են, երբ Շուշին արդեն մերը չէր»

720

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ապարանցի հրամանատար Գեղազնիկ Տոնոյանի հետ ծառայած նորակոչիկները դեռ երկար կհիշեն նրա հերոսական պայքարը: 

Գեղազնիկի  հայրը`Հաբեթնակը, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, վիրավորվել, երկրորդ խմբի հաշմանդամ է,  հորեղբայրը` հրամանատար  Նահապետ Տոնոյանը, 1992թ. աշնանը զոհվել է Լաչինում:

Գեղազնիկն ավարտել էր  Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական համալսարանը, որից հետո տասը տարի ծառայել էր Հադրութում: Այդ ընթացքում նա բազմաթիվ շքանշանների եւ պատվոգրերի է արժանացել:  Սկզբում եղել է վաշտի հրամանատար, իսկ արդեն 2020թ. պատերազմի ժամանակ`գումարտակի շտաբի պետ:

Երբ պատերազմը սկսվել է, Գեղազնիկը արձակուրդում է եղել: Ընկերները զանգել, ասել են, որ հակառակորդը հարձակվել է, ինքն անմիջապես մեկնել է ռազմաճակատ:

Հաբեթնակ Տոնոյանի խոսքը որդու, նրա մարտական գործողությունների մասին կարճ ժամանակ անց վերածվում է ինքնաբուխ ելույթի:

«Իմ որդին մեծ սխրանքներով է կռիվ տվել Հադրութում:  Երբ նորակոչիկները եկան, պատմեցին, մենք այդ ժամանակ իմացանք, թե նա ինչերի միջով է անցել, ինչերի է մասնակցել: Հադրութը մնացել էր շրջափակման մեջ, զորքին խաբելով գցել են շրջափակման մեջ, մի կերպ դուրս են եկել:  Հադրութը հանձնելուց հետո Գեղազնիկին ու իր հրամանատարության տակ գտնվող տղաներին հանել են: Նա  մի խումբ տղաների հետ  տեղափոխվել է Կարմիր շուկա, այնտեղից`Սղնախ, Սղնախից էլ Քարինտակ: Քարինտակը հանձնելուց հետո էլ տղաներին տեղափոխում են Շուշի:

Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է մնացել` ո՞ր հրամանով, ինչո՞ւ են տղաներին տարել Շուշի, երբ այդ ժամանակ հակառակորդի զորք էր արդեն կուտակվել Շուշիում: Նույնիսկ զենքին լիարժեք  չտիրապետող, մեկ-երկու ամսվա ծառայող   նորակոչիկներին են տարել այնտեղ: Ո՞ւմ հրամանով են այդ նորակոչիկներին տարել Շուշի, որտեղ նրանց կոտորել են, դիերն էլ են ցույց տալիս: Բոլոր ճանապարհներին մեր զոհված երեխաների դիերն են, մինչեւ օրս չեն կարողանում գտնել: Խաբել են, Քարինտակից իջեցրել երեխեքին, հետո հետ դառնալու հրաման տվել, արդեն ուշ է եղել: Դա եղել է հավանաբար նոյեմբերի 5-ին: Ի՞նչ խղճով են այդ երեխեքին տարել Շուշի, երբ Շուշին արդեն մերը չէր: Էդ ո՞նց եղավ, ՄՕԲ-ի ջոկատները  չհերիքեցի՞ն, կամավորները չե՞ն ցանկացել, որովհետեւ իմացել են, թե ինչն ինչոց է: Իսկ իմ որդու ջոկատին հրաման են տվել: Ինքը մինչ այդ հաջողակ է եղել, այդ ջոկատին էլ հանել են բաց դաշտ`բազմահազարանոց հակառակորդի դեմ  Շուշիի  դարպասներում:

Երբ Գեղազնիկը տեսել է, որ էլ ճար չկա, նորակոչիկներին ուղղորդել է, որ ինչքան կկարողանան`կպահեն: Մի քանի ժամ անց լուր է տարածվել, որ Տոնոյանը զոհվել է: Նոյեմբերի 7-ին, մինչեւ ժամը 11-ը մենք Գեղազնիկի հետ հեռախոսազրույց ենք ունեցել:  Ժամը 4-5-ի սահմաններում արդեն Գեղազնիկը զոհված է եղել: Տասնմեկ հոգի, ըստ տղաների պատմածի, զոհվել են այդ օրը, նույն տեղում, որից հինգը ապարանցի էին: Իսկ Ապարանը վերջին պատերազմում տասնութ զոհ է տվել: Զինակից  ընկերներից Արսեն Խաչատրյանը եղել է իմ որդու հետ, քաջաբար նրա հետ գնացել է դիրք գրավելու: Արսենի եղբայրը`Անդրանիկ Խաչատրյանը, Շիրակի մարզից, նույնպես զոհվել է: Ականատեսները պատմում են, որ Շուշիում, երբ որդիս զոհվել է, այդ օրերին ոտք դնելու տեղ չի եղել, ամենուր դիեր էին: Տղայիս զոհվելու պատճառն էլ է դա եղել, թաքնվելու հնարավորություն չի եղել»,- հիշում է Հաբեթնակ Տոնոյանը:  

Գեղազնիկ Տոնոյանը հետմահու արժանացել է  «Մարտական խաչ »  1-ին աստիճանի շքանշանի. հայրն ասում է, որ որդու հետ ծառայած նրա ընկերները պարբերաբար պատմում, հիշեցնում են նրա սխրանքների մասին, եւ նա ավելիին է արժանի: Իր որդու հետ մեկտեղ բարձր պարգեւների են արժանի նաեւ այլ տղաներ, որոնք ինը, տասնմեկ տանկ են խփել, օրինակ`Դավիթ Ղազարյանը:  Կամավորներից էլ, օրինակ, Մկրտիչ Սարգսյանն է իր որդու`Վազգենի հետ միացել Գեղազնիկին եւ զոհվել:

…Իսկ  Գեղազնիկի չորսամյա որդին հոր գերեզմանին այցելելիս`ամուր փաթաթվում է նրա շիրմաքարին, ասում է`իմ Գեղազնիկն է:

Թագուհի Հակոբյան