19-ամյա Ժամկետային զինծառայող Նորայր Սողոմոնյանը պատերազմի առաջին զոհերից է: Նա իր մարտական ընկերների հետ ընկավ անհավասար մարտում, 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, Ջաբրայիլում:

Նկարիչ էր, Թերլեմեզյանի ուսանող, երազում էր իր ցուցահանդեսն ունենալ, բայց ճակատագիրը այլ կերպ տնօրինեց:

Նրա մարմինը 106 մարմինների թվում անդրբեջանական կողմը, ըստ ՊՆ տեղեկությունների, մեզ է հանձնել 2020 թվականի փետրվարի 16-ին, Արցախի Կրասնի Բազար տեղանքում:

Մոտ մեկ տարի այն մորը չէին հանձնում, պատճառաբանելով, թե ԴՆԹ հետազոտությունները չեն ավարտվե:  Եւ միայն հոկտեմբերին Նորայրի մայրը՝ Սյուզան Վարդանյանը վերջապես ստացավ այն, ինչ մնացել էր որդուց և հողին հանձնեց աճյունը: Որտե՞ղ են եղել որդու թանկարժեք մասունքները այս մեկ տարվա ընթացքում, ինչպե՞ս են պահվել, ինչո՞ւ ավելի շուտ չեն հանձնվել իրեն: Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնից Սյուզանին չեն պատասխանում: Առհասրակ, մարմինները, որոնց նա դիմել է, արհամարհական վերաբերմունք ունեն զինվորի հարազատների նկատմամբ:

«Մեկ տարի որդիս զոհված էր, բայց ԴՆԹ հետազոտության արդյունքները, փորձաքննության եզրակացությունը մեզ չեն տրամադրել: Այսօր էլ մենք ոչ մի լիարժեք փաստաթուղթ, մահվան վկայական չունենք: Ըստ Հերացու անվան կենտրոնի մասնագետների, որդուս մարմինը եղել է փետրվարին ադրբեջանական կողմի փոխանցած 106 մարմինների թվում: 21 թվականի հունիսին մեզ ասեցին, որ 106-ի փորձաքննությունները վերջացել է: Սակայն մեզ միայն հոկտեմբերին տրամադրեցին արդյունքը, ասեցին, որ որդուս մարմինը ճանաչելու գործընթացը մի քանի անգամ է իրականացվել: Եթե այդպես է, թող մեզ տրամադրեն ԴՆԹ փորձաքննության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, բայց իրենք այդ փաստաթուղթը չեն տալիս ու մահվան փաստաթուղթն էլ չեն տալիս: Չկա որդուս զինգրքույկը, բանկային քարտը, կասկած ունեմ, որ մի գուցե, ԴՆԹ հետազոտություն չեն արել: Կասկածում եմ, որ բերել անտեր գցել են մարմինը», — ասում է մայրը:

Ի վերջո, նա ԴՆԹ հետազոտություն է պատվիրել Եվրոպայում և հաստատվել է, որ մարմինն իրոք իր որդունն է: «Նույն ազդոսկրի ԴՆԹ-ն եվրոպայում հաստատել են 30 օրում, 9 ամիս մերոնք ի՞նչ էին անում», — հարցնում  է  մայրը:

Սա միակ հարցը չի, որի պատճառով նա կորցրել է քունը:

Անցած 9 ամիսների ընթացքում Նորայրի հարազատները փորձել են բացահայտել, թե ինչպես է զոհվել տղան, ինչ հանգամանքներում, և ցնցող փաստ են հայտնաբերել: Ջրականի մարտական դիրքերերից մեկում տեղակայված է եղել հզոր զինատեսակ ՝«Րաֆֆի», որը պատրաստել է լիբանանահայ մի վարպետ: Յուրաքանչյուր արկը կշռում է 70 կգ: Նման զինատեսակներ օգտագործվում են սովորաբար մարդուժի դեմ: Սակայն ոչ մի կրակոց դրանից չի արվել: 

Զենքը գտել է Նորայրի քեռին՝ Սաշա Վարդանյանը: Նա զինվորական է: Ասում է, որ  9 անգամ մասնակցել է աճյունների որոնողական աշխատանքներին և իր աչքով է տեսել, այդ զենքը, մարտական վիճակի բերված, արկերը կողքը դրված՝ գետնին: 

Ջրականի դիրքերը պաշտպանող զինվորները փաստորեն, այն չեն օգտգործել, չեն պաշտպանել 128-րդ դիրքում մարտնչող իրենց ընկերներին, որտեղ եղել է նաև Նորայր Սողոմոնյանը: Վերջիններս շրջափակման մեջ հայտնվելով, բոլորը զոհվել են: Ինչո՞ւ չի կրակել զենքը: 

Նորայրի մայրը՝ Սյուզան Վարդանյանը ասում է, որ հարցն այդ տվել է դիրքի պատասխանատուին, բայց նա հակասական պատճառներ է ներկայացրել:

«Մեկ ասում էր՝ կրակելու հրաման չեմ ստացել, մեկ ասում էր՝ մարտը թեժ էր, չէր կարող կառավարել, հիմա էլ ասում է՝ չեմ հիշում, չեմ կարող դրվագներ պատմել: Ինքն իրեն ներկայացնում է որպես ոչ ադեկվատ մարդ, իբր՝ ոչինչ չի հիշում: Նա իր ամբողջ անձնակազմով այդ օրը եղել է այդ դիրքում ու հրամանատարների հետ փախել են առանց մի վնասվածք ստանալու, առանց կրակելու, պատերազմը սկսելուց մի քանի վարկյան հետո: Տղաները չեն կարողացել պայքարել ահռելի քանակի մարդուժի դեմ և մնալով անօգնական, շրջափակման մեջ, զոհվել են»:

Սյուզան Վարդանյանն իր կյանքի գործն է համարում արդարության վերականգնումն ու դավաճաններին պատժելը:

Հունվարի 26-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Ջեբրայիլում զոհված տղաներին նվիրված միջոցառման ժամանակ Սյուզան Վարդանյանը մոտեցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Նա ձևական գլուխը խոնարհեց, իբր հարգում է մեզ, բայց հենց լսեց, ինչի մասին եմ խոսում, բառիս բուն իմաստով փախավ: Իսկ նրա օգնականը իրավիճակը փրկելու համար ասեց՝ որ դա մուլյաժ է, ոչ թե կրակող զենք: Բայց դա ստոր սուտ էր իրենց կողմից: Զենքը բերված էր մարտական վիճակի, ուղղված էր ադրբեջանական դիրքերի կողմը, սակայն չի կրակել», — պատմում  է մայրը:

Արայիկ Հարությունյանի օգնականը նրան մի չաշխատող հեռախոսահամար է տվել, որ կապվի իրենց հետ՝ հավանաբար, էլի «իրավիճակը փրկելու համար»:  «Սրան են ինձ արժանացրել, ու հիմ ա ոչ մի պատասխան», — ասում է զինվորի մայրը, ցույց տալով զոհված տղայի նկարը, որի առաջ խնամքով շարված են նրա անձնական իրերը՝ ժամացույցը, դանակը, վզնոցն ու մատանին: 

Սյուզան Վարդանյանը և նրա եղբայրը՝ Սաշա Վարդանյանը 5 ամիս առաջ մասնակցել են ՔԿ նախագահ Արգիշտի Քարամյանի հետ հանդիպմանը: Հաջորդ օրը նրա հորդորով դիմում են գրել Քննչական կոմիտե:

«Մենք խնդրել ենք պարզաբանումներ, եթե այդ զենքը կցված էր պաշտպանական բանակին և տեղակայված է եղել դիրքում, ինչո՞ւ չի կիրառվել: Սակայն քննչական կոմիտեից ոչինչ չեն պատասխանել: Իմ բացատրությունն այն է, որ դասալքություն է եղել այդ դիրքում, դավաճանություն՝ որ իրենց մարտական ընկերներին նրանք թողել են մենակ ու փախել են: Իմ որդին կանգնել է ու  մինչև վերջ կրակել է, այդ նույն պատասխանատվությամբ պետք է վերաբերվեին մյուսները, բայց նրանք փախել են», — ասում է Սյուզան Վարդանյանը:

Նորայր Սողոմոնյանի ծառայակից ընկերներից, այլ զինվորականների հետ զրուցելով, զոհվածի հարազատները տեղեկացել են, որ Ջրականի դիրքերի ողջ հրամկազմը դիմել է փախուստի: Նրանց թվում է եղել առաջին գումարտակի հրամանատար Արսեն Խաչատրյանը: Ինչո՞ւ քննության առարկա չեն դառնում փախուստի դիմած հրամանատարների գործողությունները, պատասխանել են արդո՞ք զոհվածի հարազատների դիմումին, հարուցված է արդյո՞ք քրեական գործ նրանց հայտնած փաստերով:

Քննչական կոմիտեից Forrights.am-ին խուսափողական պատասխաններ տվեցին: «Պատերազմ է, մարդիկ զոհվել են, ի՞նչ քրեական գործ», — ասաց մեզ ՔԿ խոսնակը: Նորայր Սողոմոնյանի հարազատների դիմումը ևս չգտնվեց:

Այժմ նրանք պատրաստվում են  նոր բողոք ուղարկել, այս անգամ զինդատախազութուն, մանրամասն նկարագրելով իրենց հայտնի բոլոր հանգամանքները և նաև դիմումը գրած լինելու և անպատասխան մնալու մասին։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest