Կողակ բարձունքի այն կեսը, որն այդպես էլ չլքեցին Ազատն ու իր ընկերները, մնաց հայկական կողմի վերահսկողության տակ

723

 Նախքան  արցախյան երկրորդ պատերազմում  իր  զոհված  որդու` Ազատ Սահակյանի մասին պատմելը, մայրը` Սիլվա Հակոբյանն, ինձ  է  նվիրում Ազատի մասին գրված գիրքը: Մոր համար անասելի տառապանք է եղել գտնել որդու ձեռագրերը, նրա`թղթին հանձնված հոգու պոռթկումներն ի մի բերել, որդուն ճանաչողների` դասընկերների, դասախոսների  պատմությունները հավաքել ու վերածել գրքի:

«Ոնց որ թիթեռը մենք ապրում ենք մի օր…

Վայելում հենց էս պահը`ոչինչ հետ չգցելով,

ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ…

Կա շրջապատ, որտեղ վատը լավ է,

Իսկ լավը վատ ու չկա վատ, անցյալ ու ապագա…

Չկա՜, ամբողջը ներկա,

Հա՛մ երազում ենք, հա՛մ երազից դուրս`

Առավոտից մինչեւ լույս…

Ձգտում դեպի հաճելին,

Վերցնում կյանքից ավելին »,- այսպես է գրել պատանի Ազատը:

«Ազատն ու եւս 18 քաջորդի պատերազմի թեժ օրերին գտնվել են Կողակ բարձունքում, որը ռազմավարական տեսանկյունից  կարեւոր հենակետ էր: Նոյեմբերի 4-ին, 5-ին, 6-ին տեղի ունեցած կատաղի մարտերի ժամանակ այս տղաները հաջողությամբ հակահարված են հասցնում թշնամուն`ահռելի կորուստներ պատճառելով նրանց: Հաղթանակներից  ոգեւորված`հայրենիքի նվիրյալ 19 տղաները միմյանց երդվում են, որ ինչ էլ պատահի, չեն լքի իրար եւ բարձունքը: Կապած ուխտը տղաներին իրար է կապում նաեւ ճակատագրով: Օր ու գիշեր տեւած մարտերի ժամանակ վիրավորված ծառայակից ընկերներին Ազատն իջեցնում է սարից, հասցնում փրկել նրանց կյանքերն ու կրկին վերադառնում Կողակ:

Լուսաբացին`կատաղի մարտերի պահին, հրամանատարը նահանջի հրաման է տալիս, սակայն տղաներից եւ ոչ ոք չի լքում իր դիրքը: 19 լույս տղաներից 11-ը զոհվում են, նրանց թվում`Ազատը: 8-ը ստանում են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ եւ հրաշքով փրկվում:

Ազատը նույնպես կարող էր փրկվել, երբ վիրավոր ընկերներին իջեցնում էր սարից: Նա կարող էր կրկին չբարձրանալ, մնալ ներքեւում, ուր ավելի ապահով էր, սակայն բարձունքին կրկին հասնելն Ազատի որոշումն էր: Նա ուխտադրուժ չեղավ, մինչեւ վերջ մնաց այն Ազատը, ում բոլորն էին սիրում, չդավաճանեց  իր տեսակին, չվախեցավ մահվանից, հասավ բարձունքին, որ հասնի Բարձրյալին: Նա հերոսաբար ընկավ նոյեմբերի 7-ին: Այժմ հայկական կողմի վերահսկողության տակ է գտնվում Կողակ բարձունքի այն կեսը, որն այդպես էլ չլքեցին Ազատն ու իր ընկերները »,- իրենց  գրառումներում  այսպես են հիշում Ազատին իր մտերիմները: 

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ազատը սովորել է խոհարարություն, այնուհետեւ ընդունվել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան` ընտրելով հոգեբանի մասնագիտությունը: Հետո նա մեկնել է ծառայության: Մեկ տարի,  մի քանի ամիս էր, ինչ ծառայում էր, երբ սկսվել է պատերազմը: Այդ ժամանակ Ազատը ծառայում էր  «Մարտունի- 3 »  զորամասում: Մայրն ասում է, որ իրենք երբեք չեն խոսել պատերազմի մասին, նույնիսկ պատերազմի ամենաթեժ շրջանում չեն խոսել այդ մասին: Այդ ընթացքում Ազատն իր հարազատների հետ խոսել է միայն հոգեւոր թեմաներով, իրար քաջալերել են:

«Մեր խոսքն աղոթքն էր, իրար աղոթքով էինք քաջալերում: Մեր միակ երազանքն այն էր, որ խաղաղություն հաստատվի:  Երբ զանգ չստացանք Ազատից, սկսեցինք փնտրել նրան: Փնտրտուքները երկար տեւեցին, մոտ մեկ ամիս: Մեզ բոլորովին այլ տեղեկատվություն էին տվել: Ես այդ օրերին շատ ծանր վիճակում էի, փնտրտուքներով զբաղվում էին ամուսինս ու մեր մոտ ընկերները:  Ազատին շուտ էին գտել, գլխից էր միայն վնասվել: Սեւանի դատաբժշկական կենտրոնից  զանգեցին, տեղյակ պահեցին »,- պատմում է Սիլվան:

Ողջ զրույցի ընթացքում նա խուսափում էր որեւէ հարց քաղաքականացնել,  գնահատական տալ որեւէ  երեւույթի`  ասելով, որ իր որդու մահվան իրական հանգամանքները միայն Աստված գիտե, եւ ամեն ոք հաշվետու է, պատասխան է տալու միայն Աստծո առաջ:   Սիլվան ակնկալում է միայն, որ պատերազմի բոլոր պատասխանատուները,  իշխանավորներն  ապաշխարեն, դարձի գան, որպեսզի մեր տանջված երկիրը բժշկվի, ապաքինվի:

Թագուհի  Հակոբյան