Մասնագիտությամբ հաշվապահ, ձեռներեց Արման Մխիթարյանը 2020թ. սեպտեմբերի  27-ին  նախատեսել էր, որ իր երեխաների հետ պետք է արշավի մասնակցի: Պատերազմի բոթը ստիպում է նրան իր ընկերների  նախ  մեկնել Ասկերան, այնուհետեւ` տեղափոխվել  «Եղնիկներ »:   Սեպտեմբերի 30-ին էլ, Մատաղիսի նահանջից հետո,  մասնակցել են Արեգա սարի գրոհին:

Պատերազմում ջոկատից  ունեցել են ինը զոհ:

Արմանը ծանր է տանում մոտ ընկերների`Սեւակ Մնացականյանի, ֆոտոռեժիսոր Դավիթ Սարուխանյանի, Հարություն Ստեփանյանի, Արթուր Հարությունյանի կորուստը, որոնց հետ գաղափարական ընդհանրություններ է ունեցել:

Արմանն ասում է, որ պատերազմն իր համար սպասելի էր: Նա միշտ հետեւել է լուրերին եւ իմացել, որ Ադրբեջանը զինվում է, ուստիեւ`պատրաստվում է պատերազմի: Պատերազմի ընթացքում իրենք իմացել են հակառակորդի շարժի մասին, ասում է, որ հետախուզությունն օպերատիվ էր աշխատում: Եվ դա`շնորհիվ իրենց հրամանատարության, Գլխավոր շտաբի ղեկավարության: Պարտությունը, սակայն, Արմանի համար անակնկալ է եղել, քանի որ դիրքերում կանգնած են եղել եւ չեն սպասել, որ նման համաձայնություն է ստորագրվելու եւ կհանձնվեն այն տարածքները, որոնք թուրքերի համար երազանք էին, եւ նրանք չէին կարող մուտք գործել այնտեղ:

«Գլխավոր շտաբի ղեկավարության նկատմամբ կար վստահություն, եւ մենք մտածում  էինք, որ ինչ-որ բան կնախաձեռնեն: Մեզ այդ  ժամանակ կցկտուր լուրեր էին հասնում, որ հակառակորդը հարավում առաջ է գալիս, եւ մտածում էինք, որ մի բան կնախաձեռնեն: Մեզ մնում է մեր դիրքերում մնալ: Մենք տեղյակ չէինք, որ թիկունքում ժողովրդին սուտ տեղեկատվություն են մատուցում, թե հաղթում ենք: Միայն այդ Օմարի, Մռավի լեռները տեսնողը կարող է համոզվել, որ առանց  զենքի հնարավոր չէ բարձրանալ այնտեղ, ուր մնաց, թե զենքով գրավեն այդ անառիկ բարձունքները: Ես կարծում էի, որ նույնիսկ մեր զիջած մի քանի դիրքերը մինչեւ հետ չվերադարձնենք, չի կարող կնքվել խաղաղություն  », — պատմում է Արման Մխիթարյանը:

Արմանը Հայաստան է վերադարձել 2020թ. նոյեմբերի 12-ին, եւ այն ժամանակ այն զգացողությունն է ունեցել, որ Նիկոլ Փաշինյանը շուտով հրաժարական է տալու, նոր իշխանություն է ձեւավորվելու, որն էլ հնարավորություն կտա շտկելու իրավիճակը: 

Պատերազմից  վերադառնալուց  հետո Արմանն աշխատել է չկոտրվել, ասում է, որ չկան անդառնալի իրողություններ, կարելի է շտկել ցանկացած իրավիճակ, ուղղակի պետք է առաջ նայել: Նրա կարծիքով`երկրի ղեկին պետք է հայտնվեն գիտակ մարդիկ, եւ ամեն ինչ  կարող է հօգուտ մեզ փոխվել:

Մեր զրուցակիցը հիշում է, որ երբ պատերազմի ավարտից հետո Քարվաճառով վերադառնում էր Հայաստան, տեսել է ճանապարհին, թե ինչպես էին մարդիկ իրենց ապրանքը տեղափոխում, տներն այրում, եւ դա ծանր հետք է թողել իր հոգում:  

«Պատերազմում ամենակարեւոր բանը կազմակերպվածությունն է: Հաղթանակը չի որոշվում պետությունների քանակով, մեծությամբ, ժամանակակից տեխնիկայով, այլ կազմակերպվածությամբ »,- կարծում է Արմանը: Նա մտածում է, որ միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի:  Մեր տիպի երկրները, որոնք գտնվում են պատերազմի մեջ, ըստ Արմանի, պետք է ունենան սեփական հակաօդային պաշտպանության համակարգը: Պետք է ստեղծել նաեւ սեփական ռազմաարդյունաբերությունը:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest