
Արցախի արևելյան սահմանագոտում այսօր` ժամը 16:15-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Պաշտպանության բանակը:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
«Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», — ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Արցախի ռազմական գերատեսչության` ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
Ավելի վաղ Արցախի դատախազությունը հաղորդել էր, որ հողագործական աշխատանքով զբաղված արցախցիների ուղղությամբ Ասկերանի շրջանում կրակոցներ են արձակվել:
Երկու դեպքերի մասին ադրբեջանական կողմից դեռևս արձագանք չկա: