«Բարձունքի վրա մի տարածք ամուսինս հավասարեցնել տվեց մեր միջոցներով, ու հենց այդտեղ հուղարկավորեցինք որդուս»

271

«Երբ պատերազմն Արցախում սկսվել է, Թալիշում մեր տղաները մոտ 7 օր կռվել են  միչև վերջին զինտեխնիկան, իսկ երբ արդեն հնար չի եղել, նահանջել  են։ Առաջին իսկ օրից այնտեղ իրավիճակը սարսափելի է եղել։ Իմ որդու համար, երեւի,  ամենաանտանելի ցավն այդ նահանջն էր», — հիշում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Հակոբյանի մայրը՝ Արևիկ Հակոբյանը։

Գևորգը ընտանիքի հետ Ռուսաստանում էր բնակվել և երբ զինապարտության տարիքը լրացել էր, վերադարձել էր Հայաստան։ Տիկին Արևիկը պատմում է՝ նա ողնաշարի հետ կապված՝ խնդիրներ ուներ․ երկու անգամ ծառայության անցնելը հետաձգվեց, բայց ի վերջո Գևորգի ցանկությունն իրագործվեց և զորակոչվեց բանակ։ Նա  ծառայության է անցել Մատաղիսում, ապա տեղափոխվել Թալիշ։

«Որդիս դեռ ծառայության անցնելու առաջին իսկ օրերին շատ հպարտ է եղել, որ  հենց Արցախում է ծառայում, պատերազմի օրերին էլ դարձյալ զգոնությունը չէր կորցնում։ Մենք Հայաստանում խաղաղության մեջ էինք, որդիս ռազմադաշտից մեզ հույս էր տալիս, ասում էր․ «Լավ կլինի, դուք ձեզ լա՛վ նայեք»», — Գեւորգի խոսքերն է վերհիշում տիկին Արևիկը։


Հոկտեմբերի 5-ին,  երբ տղաները Թալիշից նահանջել են դեպի Մատաղիս, ճանապարհին թշնամու ԱԹՍ-ի հարվածից Գևորգը և նրա ընկերը զոհվել են։  Տրիկին Արևիկն ասում է՝ Գևորգի հետ կռված տղաները  պատմել են՝  Թալիշից նահանջելիս հրամանատար Գևորգ Ղազարյանին և 7 զինվորի (նրանց թվում էր Գեւորգը) իջեցրել են մի տեղ, ասել են՝ կգանք ձեր ետևից․ զինվորներն ու սպան  չորս օր սպասել են,  բայց նրանց ետևից այդպես էլ չեն եկել։

«Իմ տղայի հրամանատարը՝ Գևորգ Ղազարյանը, միշտ զինվորների կողքին է եղել, նա բազմաթիվ վիրավորումներ էր ստացել և, բարեբախտաբար, ողջ է մնացել։

Ցավոք, ես այդպես էլ հստակ չիմացա՝ ովքեր  պիտի գնային մեր տղաների ետևից և ինչու չեն կարողացել  գնալ։ Եվ երբ նրանց այդպես թողել են, հրամանատար Գևորգ Ղազարյանը 7 զինվորների հետ նահանջել է դեպի Մատաղիսի լանջերը։ Նրանց զենքն ու ուտելիքն այդ ընթացքում վերջացել  է։ Այդ լանջերով ընթանալիս Գևորգս ու Գեղամը  մի փոքր ետ են  ընկել, իսկ հրամանատարն ու մյուս 5 տղաները մի փոքր առաջ են եղել, և այդ ակնթարթին թշնամու ԱԹՍ-ն  ընկել է Գևորգի ու Գեղամի արանքում․ Գևորգի դեմքը վնասվել է և նա տեղում  զոհվել է, իսկ Գեղամը հաջորդ օրը՝ հոսպիտալում», — պատմում է տիկին Արևիկը։

Նա գիտի՝  այդ օրերին  մեր քաջերից շատերի մարմինները հնարավոր չի եղել տեղափոխել հայրենիք, ու նրանց հարազատների վիճակն է՛լ ավելի սարսափելի է։ Տիկին Արևիկն ասում է՝ տղաները մեծ դժվարությամբ Գևորգի մարմինը տեղափոխել են Հայաստան, ու նա հավերժ երախտապարտ է լինելու տղաներին դրա համար։ Հրամանատար Գեւորգ Ղացարյանի մասին տիկին Արևիկն ակնածանքով է խոսում։ Ասում է՝ երանի բոլոր սպաներն այդպիսին լինեին։

«Երբ տղայիս զոհվելու մասին իմացանք, անմխիթար ցավ զգացի։ Այդ օրը զինվորների համար  հաց էի թխում, ասում էի՝ մի կտոր էլ իմ տղային կհասնի կամ գոնե մի ուրիշ մայրիկի թխած հաց բաժին կհասնի որդուս․․․Հետո ավելի սարսափելի օրեր եկան, երբ պիտի գտնեինք նրա մարմինը։ Քանի որ Գևորգի դեմքը վնասվել էր, մարմինը դժվար էինք ճանաչելու։ Ես ասացի՝ իմ որդու մարմինը կճանաչեմ թեկուզ ձեռքերից․․․ Գնացի դիահերձարան․ ֆուռերով բերում էին տղաների մարմինները, այդ ինչ սարսափելի տեսարաններ տեսա… Բժիշկը չթողեց, որ ներս մտնեմ։ Միայն իմացա, որ 26-302 կոդով զինվորը, հնարավոր է, իմ Գևորգն է։ Հետո իմացա՝ Գորիսից են այդ զինվորին տեղափոխել։ Գորիսից ճշտեցինք՝ այդ կոդով զինվորի մոտ եղած իրերը իմ Գևորգինն են եղել», — հիշում է մայրը։

Հիմա Գևորգի երկու քույրն ու ծնողները բնակվում են Աբովյան քաղաքում վարձով, սոցիալական ծանր պայմաններում։ Այս օրերից ավելի սարսափելի օրեր էլ  եկան։

«Երբ Գևորգի մարմինը տեղափոխել են Հայաստան, Պտղնի համայնքի՝ այդ ժամանակվա ղեկավարն ասել էր՝ «գերեզմանոցում տեղ չկա, արդեն հասնում  է բնակելի տարածքներին, եթե ուզում եք՝ ձորի մասերում տեղ կա»։ Շատ էինք նեղվել այդ վերաբերմունքից… Բարձունքի վրա մի տարածք ամուսինս հավասարեցնել տվեց մեր միջոցներով, ու հենց այդտեղ հուղարկավորվեց որդուս։ Օրեր առաջ Բանակի օրն էր նշվում։ Պատկան մարմինների ներկայացուցիչներից գոնե մեկը մեր տուն չեկավ, չզանգեց,  չէ՞ որ այդ օրն իմ տղայի օրն է․․․  Ոչ մեկը չհիշեց ո՛չ նրա մասին, ո՛չ նրա՝ վշտի մեջ մնացած ծնողների մասին», — եզրափակեց Գևորգի մայրը։

Հասմիկ Բալեյան