«Նա շատ նման է Խաչիկիս, տղայիս զոհվելուց հետո մեր ընտանիքի դեմքին վերջապես ժպիտ է հայտնվել»

241

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում ապրող Մուրադյանների ընտանիքում 44-օրյա պատերազմից հետո առաջին ուրախությունն է: Փետրվարի 4- ին ծնվել է պատերազմում զոհված Խաչիկի ավագ եղբոր առաջին զավակը, եւ նրան անվանել են հորեղբոր պատվին:

Ընտանիքի մայրը` տիկին Գոհարն ասում է, որ փոքրիկի ծնվելուց հետո տան մթնոլորտը շատ է փոխվել. «Նա շատ նման է Խաչիկիս, ու տղայիս զոհվելուց հետո այսքան ժամանակ անց մեր ընտանիքի անդամների դեմքին վերջապես ժպիտ է հայտնվել»:

ՀՀ ՊՆ Դիլիջանի զորամասի հրետանավոր Խաչիկ Մուրադյանը զոհվել է հոկտեմբերի 16-ին Մատաղիսում` ԱԹՍ հարվածից: Թեեւ նա գտնվում էր զինվորական ծառայության մեջ, առաջնագիծ էր մեկնել ինքնակամ:

Ծնողների խոսքով, իրենց բոլոր չորս երեխաները մտերիմ էին միմյանց հետ եւ Խաչիկի մահվան փաստը շատ ծանր են տարել բոլորը:

« Պատերազմի հենց առաջին օրվանից ինքը գնացել է Արցախ` առանց մեզ զգուշացնելու: Անցավ մեկ շաբաթ: Ավագ տղայիս հետ էր խոսում հեռախոսով, ես լսեցի, ասեց` մամային չասես, ես առաջին օրվանից Մատաղիսում եմ, մամայիս լավ կնայես: Երբ ինքը զանգում էր, մենք բարձրախոսով էինք, խոսում, որ շատ ժամանակ չգնար ու բոլորս նրա ձայնը լսեինք: Այդ պահին տղաս մտածեց, թե դուրս եմ եկել, բայց տանն էի…», —  ասում է մայրը:

Տիկին Գոհարի խոսքով, պատերազմից հետո եւ մինչ օրս Դիլիջանի զորամասի սպայական կազմից մեծ ուշադրություն է զգում իր ընտանիքի նկատմամբ, ինչի համար շատ շնորհակալ է: «Խաչիկիս հրամանատարները շատ ուրախացան, երբ իմացան, որ փոքր Խաչիկն է ծնվել, ասեցին, որ այդ լուրը ստանալով հոգինեը մի քիչ խաղաղվել են: Հիմա սպասում են, որ երեխայի քառասունքն անցնի ու գան տեսակցության: Այդ վերաբերմունքի համար ես շատ շնորհակալ եմ եւ զգում եմ, որ դրանով հարգվում է իմ տղայի հիշատակը»:

Զոհված զինվորի մայրը շատ է կարեւորում ոչ միայն իր որդու, այլ պատերազմի ժամանակ զոհված բոլոր տղաների հարազատների նկատմամբ ուշադրությունը, ինչը ինչ-որ կերպ գոնե սփոփում է որդեկորույս ծնողների սրտի մեծ ցավը: Նրա խոսքով, վերջին անգամ Դիլիջանում այդ զորամասի զոհված տղաների հիշատակին նվիրված միջոցառում էր արվել հունվարի 7- ին, ինչը եւս շատ կարեւոր ու հաճելի էր իրենց համար:

Անի Գևորգյան