«Ինչո՞ւ կալանք, այն էլ դատավորի նկատմամբ, ով փախուստի չի դիմել։ Սա քողարկված պատիժ է».Արա Ղազարյան

367

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունն ու որոշեց կալանավորել Սյունիքի մարզի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունն ու համաձայնել, որ նախաքննական մարմինը քրեական հետապնդում հարուցի և ազատությունից զրկի դատավոր Բորիս Բախշիյանին։ Որոշումը կայացվել է միաձայն, թե ինչ հիմքով, Բարձրագույն դատական խորհրդից չեն հայտնում։

36 ամյա դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատավոր Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով,, թե իր հետ տեղի ունեցողը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։ Բախշիյանի փաստաբանները ևս մերժում են մեղադրանքը

Ըստ առաջադրված մեղադրանքի, դատավորը ապօրինի կալանավորել է  Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող անձանցից մեկին՝ Նվեր Մկրտչյանին, ով և Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Վերջինս և նրա փաստաբանը չեն ներկայացել նշանակված դատական նիստին, փաստաբանը դատարան գրություն է ուղարկել  իր դատական նիստին չներկայանալու մասին, իսկ պաշտպանյալն առանց իր ներկայության ցանկություն չի հայտնել մասնակցել:

Դատավոր Բորիս Բախշիյանը նրանց բացակայությունը նիստից գնահատել է անհարգալից և որոշել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ու նրան կալանավորել:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ  Դատալեքս համակարգի ստեղծումից հետո չի եղել դեպք, երբ դատավորին կալանավորել են: Ղազարյանի կարծիքով դատավորի կալանավորումը քողարկված պատիժ է։

«Այդպիսի պրակտիկա Հայաստանում չի եղել։ Սա քողարկված պատիժ է: Ենթադրենք քրեական գործի հիմքեր կան, մեծ վերապահումով եմ սա ասում, որովհետև քրեական գործ ընդհանրապես պետք է չհարուցվեր։ Ինչո՞ւ կալանք, այն էլ  դատավորի նկատմամբ, ով փախուստի չի դիմել։ Այնքան պարզունակ գործ է, պարտադիր չէ մեղադրյալին կալանավորել, կարող էր խափաման միջոցը այլ լինել, օրինակ՝ ստորագրություն երկրից չհեռանալու վերաբերյալ»,- հավելեց Ղազարյանը։

Անդրադառնալով շրջանառվող տեսակետներին, թե այս գործընթացը  քաղաքական հետապնդում է, Ղազարյանը նշեց, որ իր կարծիքով սա քողարկված պատիժ է, որը նպատակ ունի մյուս դատավորներին նույնպես հասկացնել, որ չպետք է ընդվզեն։ Ղազարյանի խոսքով պարտադիր չէ, որ ամենն արվի դատավորի քաղաքական հայացքների համար։

«ԲԴԽ-ի պահվածքը միանշանակ բացասական եմ գնահատում։ ԲԴԽ-ն պետք է փորձեր բացահայտել։ ԲԴԽ  դիմում են քրեական գործ հարուցելու և կալանքի համար։ Կալանքը առանց այդ էլ մեր երկրում 14․5 տոկոս է, այդքան նվազել է կալանքի քանակը։ Սա շատ մեծ վնաս է դատական համակարգին և էական վնաս է դատավորի անկախության ինստիտուտին։ Նախ գործն իր բնույթով է խնդրահարույց, որովհետև դատավորի որոշման համար են քրեական գործ հարուցել։ Առաջ խոսում էին կարգապահական վարույթի մասին, հիմա քրեական գործ է հարուցվում»,- հավելեց Ղազարյանը ։

Վերջինիս պնդմամբ, նույնիսկ եթե դատավորը խախտել է դատավարական իրավունքը, դրա համար քրեական գործ չպետք է հարուցվեր, բողոքարկման բազմաթիվ տարբերակներ կան։ Դատախազությունը մեկնաբանում է, որ անձի բացակայության պայմաններում դատավորը որոշում է կայացրել, բայց Եվրոպական դատարանում և միջազգային իրավունքում  կա ընդունված մոտեցում, որ եթե անձը խուսափում է դատական քննությունից և դատավորը համոզված է, որ  դա անելով խոչընդոտում է գործի քննությանը, ապա կարող է փոխել նրա խափանման միջոցը։

«Դատավորը մտածել է, որ եթե ամբաստանյալը խուսափում է դատարան գալուց, ապա ինքը նրա բացակայության պայմաններում կարող է որոշում կայացնել՝ նրան կալանքի վերցնել, որպեսզի ապահովեն նրա ներկայությունը հաջորդ դատական նիստերին,որովհետև ամբաստանյալը խուսափում է դատարան ներկայանալ։ Դա դատավորի իրավասությունների մեջ մտնող որոշում է»,- եզրափակեց Ղազարյան։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը կարծում է, որ բավականին բարդ է իրավիճակի վերաբերյալ կարծիք հայտնել, քանի որ բաց աղբյուրներում առկա ինֆորմացիան բավարար չէ օբյեկտիվ եզրահանգման համար։ Գյոզալյանի կարծիքով մտահոգիչ է և՛ դատավորի կալանավորման հանգամանքը, և՛ այն, որ ըստ բաց աղբյուրներում առկա ինֆորմացիայի դատավորը գրավով ազատ է աձակել քաղաքացուն։

«Պետք է հասկանալ՝ այդ դատավորը իսկապես անաչառ դատավոր է և համոզմունքներով է առաջնորդվել, թե հերթական այն դատավորն է, որն անում է իր սև գործը։ Համարձակ դատավոր է, թե որևէ քաղաքական ուժի շահն է սպասարկել»,- ասաց Գյոզալյանը։ Չեմ ասի, թե նա համարձակ դատավոր է և հետապնդվում է իր համարձակության համար, միաժամանակ չեմ ասի,որ քաղաքական հետապնդման չի ենթարկվում»,- հավելեց փաստաբանը։

Նա նաև շեշտեց, որ կալանավորումը ծայրահեղ միջոց է։ Անշուշտ պետք է հաշվի առնել անձի անմեղության կանխավարկածը, եթե դատավորը արդարացվի, մեծ հարված կլինի դատական իշխանությանը, որովհետև չի կարելի դատավորին մեղադրանք առաջադրել, կալանավորել։ Բայց չի բացառվում, որ նյութում առկա են այլ տվյալներ, որոնք օբյեկտիվ հիմք կարող են հանդիսանալ դատավորին կալանավորելու համար։