Զինվորների փոխարեն ՀՕՊ-ի հետևից գնացած սպան ԱԹՍ-ի հարվածի պատճառով կոմայի մեջ է հայտնվել

488

«Սեպտեմբերի 25-ի երեկոյան ծառայությունից վերադարձա տուն, 27-ի առավոտյան արթնացել եմ հրետանիների ձայներից: Միանգամից զանգեցի դիրքեր, չպատասխանեցին, հասկացա, որ պատերազմ է ու գնացի»,- 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ ստացած ենթասպա Կարեն Ղահիրյանի առողջական վիճակում՝ մեկ տարի անշարժացած մնալուց հետո դրական տեղաշարժ է նկատվում:

Շուրջ 20 տարի հայկական բանակում ծառայած 39-ամյա ենթասպան վիրավորվել է հոկտեմբերի 9-ին՝ 18-ամյա զինվորների փոխարեն մարտական առաջադրանք կատարելու ընթացքում:

«Հոկտեմբերի 9-ին գիշերը ժամը մեկ անց էր, ես գնացի, որ զինվորներին չուղարկեին, քանի որ ես տեղանքին ծանոթ եմ: Զինտեխնիկան տեղափոխելու ընթացքում խփեցին գլխիս: Հինգ հոգով էինք, մեկը զոհվեց, ես վիրավորվեցի, մնացածը նորմալ են»:

Կարենն ու ծառայակից ընկերները  Կարմիր Շուկայից Հադրութ Հակաօդային պաշտպանության համակարգը տեղափոխելու ընթացքում են վիրավորվել: Ենթասպան վիրավորվելուց հետո հինգ օր մնացել է կոմայի մեջ:

«ԱԹՍ-ի հարվածից մինչև հիմա բեկորը գլխիս մեջ է, չեն հանում: Վտանգավոր է: Հարվածից նաև ստամոքսս, ձեռքս և աղիքներս  են վնասվել: Երեք անգամ գլուխս են վիրահատել, երկու անգամ ստամոքս, մեկ անգամ աղիքներս, երկու անգամ էլ պարկելախոցս են վիրահատել, քանի որ շատ պարկելուց մեջքիս պարկելախոց էր առաջացել»,- ասում է նա և հավելում, որ արդեն 11 վիրահատության է ենթարկվել, առաջիկայում թիվն աճելու է: 

Կարեն Ղահիրյանը պատերազմել է Հադրութում և Մարտունիում, նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի մասնակից է: Արցախի բանակում է 2000 թվականից՝ երկու տարի որպես ժամկետային, իսկ 17 տարի՝ պայմանագրային զինծառայող:

«Մեկ տարվա ընթացքում ՊԲ-ից չեն զանգել հարցրել՝ սաղ ե՞ս, սաղ չես, ոչ մեկը չի հետաքրքրվել: Կարծես ոչ մի բան չի եղել, այդպես էլ պետք է լիներ»,- իշխանությունների անտարբեր պահվածքից սրտնեղում է պատերազմի մասնակիցը:

Կարեն Ղահրյանը Հադրութի շրջանի  Տող գյուղից է: Ամուսնացած է, երկու անչափահաս  երեխաների հայր է:

Երկու ամիս է Կարենը բուժվում է «Զինվորի տան» վերականգնողական կենտրոնում: Մեկ ամիս  դեռ շարունակվելու է: Մինչ այս էլ այլ բժշկական կենտրոններում են բուժվել:

Կարենը, կինն ու երեխաները 2020 թվականի հեկտեմբերից ապրում են Աբովյանի նախկին գիշերօթիկ դպրոցի շենքի դասասենյակում: «Ինչ անենք՝ ուրիշ տեղ չկա, դա էլ, որ կա՝ լավ է: 4 մետրը 5-ի վրա սենյակ է, մի դասասենյակ է: Բաղնիք զուգարանն ընդհանուր է: Շենքում երեսուն ընտանիք է ապրում, մեծ մասը Արցախի Քաշաթաղից տեղահանվածներ են»,- ասում է նա:

Կարենի ցանկությունն այժմ այն է, որ բարերարների կամ պետական գերատեսչությունների աջակցությամբ հնարավորություն ունենա մինչ բուժման ավարտը ՀՀ-ում բնակարան վարձել, քանի որ յուրաքանչյուր ամիս երկու անգամ պետք է բժշկի այցել: Արցախից գալ-գնալը հնարավոր չի համարում: Իսկ ահա Արցախ վերադառնալու մասին նշում է. «Բուժման ավարտից հետո անպայման կվերադառնամ, բայց տան համար չեն հերթագրում»:

Ընտանիքը Տող գյուղում անասնապահությամբ և հողագործությամբ է զբաղվել: Զինծառայողի ընտանիքի միակ եկամուտն այժմ ՀՀ կառավարութան կողմից տրվող 20 հազարական դրամներն են՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի և Կարենի հաշմանդամության թոշակը ՝30 հազար դրամ: Նշում է՝ մեծ դժվարությամ, Հայաստանի ՄԻՊ-ի աջակցությամբ, ամիսներ առաջ կարողացել են ստանալ երեխաների համար տրվող 300 հազարական դրամները: Կինը տարրական դասարանի ուսուցչուհի է, բայց երկու տարի է Հայաստանում աշխատանք չի կարողանում գտնել:

«Տող գյուղում ամեն ինչ ենք թողել. լիքը տուն, անասուններ, հողեր, մեղվի փեթակներ, ցորեն, գարի….»,- ասում է նա:

Նարեկ Կիրակոսյան