ՀՀ Քննչական մեկիտեն ավարտել է ադրբեջանական գերությունից վերադարձած երեք զինծառայողի գործի նախաքննությունն ու այն ուղարկել է դատարան: Խոսքը 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործությունների մասին է, որի ընթացքում գերեվարվել էր 32 զինծառայող: Նրանցից 24-ը վերադարձել է հայրենիք, իսկ ութը դեռ շարունակում են մնալ Բաքվի Բանտերում: Իսկ ահա հայրենիք վերադարձած և Հայաստանի բանտերում կալանավորված զինծառայողներին ՀՀ իշխանությունները դատում են՝ պատճառաբանելով, թե նրանց անգործության հետևանքով դիրքերն անցել են թշնաամուն:   

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը դատապարտում է Բաքվի գերությունից վերադարձածներին կալանավորելու և դատելու՝ քաղաքական իշխանության որոշումը: Ըստ նրա՝ նախ պետք էր պարզել՝ արդյո՞ք սահմանին կանգնած զինվորն ուներ տեխնիկական բոլոր հնարավորությունները թշնամուն դիմակայելու համար:

«Մինչ քրեական գործ հարուցելն ինչ արդյունք էր տվել ներքին քննությունը: Մենք չտեսանք ներքին քննության որևէ արդյունքեր, որպեսզի հասկանանք, թե որքանով է հիմնավոր այս քրեական գործը:  Մարդը եթե եկել է բանակ, ի վերջո, չի նշանակում, որ նա թնդանոթային միս լինելու պարտավորություն է իր վրա վերցրել:

Պետությունն իր չկատարած բոլոր պարտականությունները դնում է այդ զինվորների ուսերին: Այտեղ պետք է լինեին հսկողության տեխնիկական միջոցներ, առաջնագծի պաշտպանության եղանակը լիովին այլ կերպ պետք է կազմակերպվեր՝ հաշվի առնելով արցախյան պատերազմի դասերը: Այդ ամենը տեղի չի ունեցել, փոխարենը մարդկանց օգտագործում են այն պայմաններում, որ որևիցե ժամանկակից բանակ իր զինվորներին նման վերաբերմունքի չէր արժանացնի:

Գոյություն ունի ՔՊ-ի ընդհանուր մոտեցումը, որ միշտ մեղավոր են ուրիշները, իրենք որպես ղեկավար կազմ չունեն պատասխանատվություն, որ մեր երկրի առաջնագիծը թշնամու հետ գտնվում է այդպիսի վիճակում, իրենց պատասխանատվությունը, ըստ իրենց, զրո է: Դրանում պատասխանատու են զինվորները, գումարտակի հրամատարները, որոնց ադրբեջանցի հատուկջոկատայինները գերի են վերցրել: Այդ մոտեցումը ծնեց այդ քաղաքական որոշումը՝ կալանք կիրառել գերությունից վերադարձածների նկատմամբ: Կալանքի հիմքեր չկար»,- ասում է քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանն անընդունելի է համարում սահմանին կանգնած զինծառայողների համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու գործելաոճը: Ըստ նրա՝ զինծառայողները որևէ կերպ չէին կարող ազդել նախաքննության ընթացքի վրա, ուստի անհրաժեշտություն և հիմքեր  չկար նրանց կալանավորելու:

«Մեր զինծառայողները, որոնք վերադարձել էին գերություն իրենք ոչ փախնելու էին, ոչ ազդելու էին նախաքննական մարմնի աշխատանքների վրա  և այդ կալանքը իրականացվեց քարոզչական նպատակներով՝ այստեղ ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ կա: Ինչ վերաբերում է գործին. Զինծառայողների առջև կարող են դրվել անհնարին, չիրականացվող առաջադրանքներ և հետո պահանջել կատարում: Այն եղանակը, որով մեր Զինված ուժերը փորձում են պաշտպանել առաջնագծի պաշտպանությունն, ըստ էության, կրկնությունն է ինչը տեղ էր ունեցել այս տարիների ընթացքում Արցախում: Այնտեղ որտեղ պետք էր օգտագործել տեխնիկական միջոները, ոչ թե մարդկանց, մեր պետությունը շարունակում է օգտագործել մարդկանց»,- ասաց նա:

Այս քրեական գործով անցնող մայոր Նարեկ Երիմյանն այն երեք զինծառայողներից մեկն է, որի գործն ուղարկվել է դատարան: Նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ նախաքննություն ավարտվել է հունվարի 19-ին, բայց ՔԿ-ն անհասկանալի պատճառով 20 օր անց է հայտնում:

Կարմեն Պողոսյանն ասում է, որ պատրաստվում է հենց առաջին դատական նիստին մջնորդություն ներկայացնի մայոր Երիմյանին կալանքի խափանման միջոցը փոխելու համար:

«Կալանավորումն ու քրգործ հարուցեն անհեթեթության ժանրից են, որը միայն ՀՀ իրավապահ համակարգում կարող է լինել: Կալանավորեցին անհիմն: Քննիչը բերում է հիմնավորումներ, թե իբր գերիներ պետք է գան հարձաքննվեն, ծառայությունից մարդիկ պետք է գան հարցաքննվեն և այլն, բայց ընդամնեը երկու հոգու լսեցին, այսինքն այդ երկու հոգուն հարցաքննելու համար են կալանավորել»,- նշում է փաստաբանը և հավելում.

«Մեր անպաշտպան սահմաններում կանգնած զինծառայողներին, սպաներին, որոնք գերությունից են վարադարձել փորձում են զգոնացնել, վախ ներշնչել: Քավության նախազ դարձրեցին գերեվարված և հետ վերադարձած մեր զինծառայողներին»:

Փաստաբանը նշում է, որ Նարեկ Երիմյանը ոչ թե անգործություն են ցուցաբերել, յալ հնարավոր չի եղել դիրքը պաշտպանել: «Մենք սա դատարանում կապացուցենք, որ հնարավորություն չի եղել, քանի որ դիրքեր՝ թշնամու ներթափանցելը շատ արագ է եղել: Նարեկն այդ ժամանակ դիրքի հերթապահությունը մյուս ավագին փոխանցելիս է եղել, պահեստներն է ցույց տվել, իսկ զենքերը եղել են վրանում, մինչև փորձել է զենքը վերցնել ադրբեջանցիները զենքերը պահել են վրաներ»:

Նշենք, որ այս գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին: Առաջին նիստը կկայանա փետրվարի յոթին, ժամը 16:30-ին:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest