Դատարանը փետրվարի մեկին մերժել է Քննչական կոմիտեի միջնորդությունը գերությունից վերադարձած Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը:

Արեն Արամյանն ազատության մեջ կլինի փետրվարի վեցից: Այդ օրը լրանում է նրա կալանքի ժամկետը: Նա մեկ ամսով կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի վեցին, ինչը ևս մեկ ամսով երկարաձակել էր, այս անգամ դատարանը, սակայն, մերժել է Արգիշտի Քյարամյանի կառույցի միջնորդությունը:

«Մերժման հիմքն այն էր, որ նվազել է ռիսկը, թե իբր Արենը կարող էր գործի ընթացքի վրա հնարավոր ազդեցություն ունենալ: Կարծում եմ, որ ՔԿ-ն միանշանակ կբողոքարկի դատարանի այս որոշումը: Պետք է պայքարենք, քանի որ հիմքեր չկան կալանավորելու, ինչի վրա այս անգամ դատարանն ուշադրություն դարձրեց: Միակ հիմքն այն էր, որ իբր ազդեցություն կունենա գործով անցնող այլ անձանց վրա: Արեն Արամյանի հետ բոլոր նախաքննական գործողությունները կատարված են, այստեղ իրենց ասած անօրինական ազդեցություն ունենալու ռիսկը նվազել է»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Կարապետյանը:

Արեն Արամյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո վերջապես հնարավոր է եղել նրան տեղափոխել հիվանդանոց՝ համապատասխան բուժում ստանալու: Հարազատների փոխանցմամաբ՝ բուժումը սկսել է ստանալ չորս-հինգ օր առաջ:

«Առողջական վիճակն այն է, որ սրտի հետ կապված էլ խնդիր կա: Ոտքը երեկվանից ֆիզիոթերապիա են անում, հյարդերն է վնասված, տեղ-տեղ անգամ մահացած են: Քայլելը դժվար է լինելու: Խնդիրն այն է, որ բուժումը ուշացրել են: Ինքը որ վերադարձել էր այդ ժամանակ պետք է ոտքին հատուկ սարք տեղադրեին, որը ֆիքսված կպահեր, դրանից հետո պետք է ֆիզոթերապիա իրականացնեին, բայց ինքը մեկ ամիս մնաց կալանավայրում: Հիմա չի կարողանում ոտքը գետին դինի, երեկ փորձել են ոտքը ապարատով շարժեն, զբաղվում են էլի: Այդքան վատ է եղել, որ չի կարողացել դատարան ներկայանալ»,- մեզ հետ զրույցում փոխանցեց եղբայրը:

Արեն Արամյանը նոյեմբերի 16-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծում տեղի ունեցած արյունալի մարտերի ժամանակ է գերեվարվել: Տաս օր գերության մեջ մնալուց հետո նա փոխանցվել է հայկական կողմին, որից հետո կալանավորվել էր:

Մարտական գործողությունների ժամանակ Արեն Արամյանը մարմնական վանսվածքներ է ստացել, որոնք խորացել են նախ Ադրբեջանի, ապա Հայաստանի բանտերում:

«Ծնկի շրջանում հրազենային ծանր վնասվածք ունի՝ բազմաբեկոր կոտրվածքներով, գերի ընկնելուց հետո հարվածներ է ստացել գլխի շրջանում, կարեր կա դրված գլխի վրա:

Ոտքն անշարժացած է, երկու հենակների օգնությամբ է շարժվում, մեկ ոտքն է կարողանում գետին դնել: Ըստ բժիշկների պետք է ոտքն այդ անշարժացած վիճակից դուրս բերվի, որից հետո պետք է անցնի վերականգնողական բուժում, ինչը ՔԿՀ տարածքում հնարավոր չէ իրականացնել»,- ասում է փաստաբանը:

28-ամյա կրտսեր սերժանտ Արեն Արամյանը ծառայել  է Վանաձորի «Դուցի» զորամասում,  պայմանագրային  զինծառայող է: Արեն Արամյանը ենթասպայական հաստիքով վաշտի ավագն է եղել, հուլիսյան և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից, որի ընթացքում բեկորային վիրավորումով է ստացել։  Արենը գլխի երկու վիրավորումն է ստացել  պատերազմի դաշտում։

Ավելի վաղ հարազատները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ նոյեմբերի 14-16-ին մասնակցել է Սյունիքի մարտերին, այդ օրերին եղել է շրջափակման մեջ: Արենն այս մասին ընտանիքին տեղեկացրել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, որից հետո նրա հետ կապը կորել է:

«Երեք պոստ շրջափակված է եղել, Արենը դրանցից մեկում է եղել: Ասաց, որ շրջափակման մեջ եմ…նոյեմբերի 14-ից 16-ը եղել են շրջափակման մեջ: Իրենց ոչ կարողացել են սնունդ հասցնել, ոչ վառելիք, ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: Ես, որ փաստերը վերլուծում եմ հասկանում եմ, որ այդ մարդիկ մնացել են բախտի քմահաճույքին:

Ինքը շրջափակման մեջ էր, բայց մեզ ասում էր՝ մենք մեր հողը պետք է պահենք: Արենենց գումարտակի հրամանատարը Սյունիքի հրամկազմին մի քանի անգամ խնդրել է, որ զորքը հետ հանեն այդ տարածքից, մարդկանց փրկեն, բայց իրենց բանի տեղ դնող չի եղել: Իմ ախպերը միանշանակ կռվել է՝ կյանքի գնով: Արենը վիրավորվել է, այս պահին էլ ծնկից վիրավոր է, ծունկն Ադրբեջանում վիրահատել են»,- Forrights.am-ի հետ զրույցում նշել էր եղբայրը՝ Կարեն Արամյանը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest