44-օրյա պատերազմին զոհված Հայկազ Հարությունյանը երեկ կդառնար 20 տարեկան: Շենգավիթի Կարմիր Բլուր փողոցում ի հիշատակ նրա եւ պատերազմում զոհված տղաների երեկ հուշաքար բացվեց:

Հայկազը բանակ էր զորակոչվել 2020թ-ի հուլիսի 8-ին, պատերազմի մեկնարկին ընդամենը երեք ամսվա նորակոչիկ էր: Նա մորը չէր հայտնել, որ դեռեւս կարանտինի ընթացքում վիրահատության էր ենթարկվել, ու եղել էր հետվիրահատական փուլում, երբ սկսվել է պատերազմը, եւ ինքը մեկնել էր առաջնագիծ :

Ինը ամիս շարունակ ՊՆ-ն վստահեցնում էր, թե Հայկազը գերի է, սակայն ԴՆԹ հետազոտության արդյունքում հայտնաբերվել եւ ծնողներին են հանձնվել Հայկազի մասունքները. 

Մինչ օրս Հայկազի մահվան հանգամանքները հայտնի չեն: Ոմանք ասում են, թե նա զոհվել է ԱԹՍ հարվածից, որոշ տեղեկություններով էլ նա զոհվել է կրակոցից: 18- ամյա նորակոչիկը ծառայում էր Հադրութում, սակայն մասունքները հայտնաբերել են Ֆիզուլիում:

Հայտնի է, որ նա հնարավորություն է ունեցել դուրս գալ շրջափակումից, սակայն  հրաժարվել է դա անել: Հորեղբոր հետ հեռախոսով խոսալիս նա ասել է` հոպար , ընկերոջս դիակը հետ ս է: «Ասեցի, բալես, դիակները կգան կտանեն: Ասեց` բա որ հանկարծ չգան, ես իր ծնողների երեսին ո՞նց նայեմ: Մինչեւ ընկերոջս դիակը չհանեն, չեմ գալու: Ասեցի՝ նստի մեքենաներից մեկը, ձեզ հանում են շրջափակումից: Կհասնես Ստեփանակերտ, ձեզ կդիմավորեն: Անգամ վնասվածք ուներ: Ասեց՝ հոպար, դու կգայի՞ր, կթողեի՞ր ընկերոջդ..»,-  պատմում է զոհված զինվորի հորեղբայրը:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest