Երեւանի պետական համալսարանի  «Ինֆորմատիկայի  եւ կիրառական մաթեմատիկա»-ի   ֆակուլտետի  ուսանող Նարեկ Սերոբյանը բանակ էր զորակոչվել  2019թ.  հուլիսի 1-ին: Սկզբում  նա ծառայել է Գյումրու  ուսումնական հակատանկային զորամասում, որից հետո նրան ուղարկել են Արցախ` Հադրութի զորամաս:

Նարեկը երազում էր դառնալ ծրագրավորող, սովորում էր նաեւ «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Նա նաեւ հայկական  «Վիքիպեդիա»-ում եղել է խմբագիր, շուրջ հինգ հարյուր հոդված է հեղինակել ֆիլմերի, դերասանների, գրողների եւ այլոց մասին: Նարեկը երազել է նաեւ սեփական ընկերություն ունենալ եւ համագործակցել աշխարհի լավագույն ընկերությունների հետ, մտադիր էր մեկնել Գերմանիա եւ ուսանել Համբուրգի համալսարանում:

Բանակ գնալուց մեկ օր առաջ, ըստ Նարեկի քրոջ`Աննայի, Վարդանյանների նորաբաց այգում պատահաբար հանդիպում են գերմանացի զբոսաշրջիկների,  զրուցում են նրանց հետ: Նարեկն էլ ասում է, որ գնում է Արցախ, ծառայելու, որպեսզի պաշտպանի իր ժողովրդին: Նա ասել է, որ վերադարձից հետո մտադիր է ուսանել Համբուրգի համալսարանում, դառնալ ծրագրավորող: Եվ այդ ժամանակ էլ պարզվում է, որ գերմանացի զբոսաշրջիկները հենց Համբուրգի համալսարանի դասախոսներ են:  Նրանք էլ ոգեւորվում են, ասում, որ անպայման կսպասեն Նարեկին: Սակայն Նարեկի երազանքներն անկատար են մնում…

Նարեկի քույրը`Աննան, հիշում է, որ երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը, եղբայրն ու նրա ընկերները եղել են առաջնագծում, խրամատում: Առաջին հարձակումը հայկական կողմի վրա եղել է տանկերով, որից հետո մինչեւ նույն օրվա ժամը 17.00-ն կռիվ են տվել, այնուհետեւ` հետնահանջի հրաման ստացել:

Պատերազմի մանրամասների, եղբոր զոհվելու հանգամանքների մասին Աննան իմացել է Նարեկի ողջ մնացած ընկերներից:

«Հետնահանջի ժամանակ գումարտակի տղաների մեծ մասը զոհվել է հենց նույն օրը: Եղբայրս այդ օրը հրաշքով փրկվել է, տասը կիլոմետր սողեսող, վազքով նահանջել են, միացել  նորակոչիկների դիվիզիային: Նարեկն այնքան դուխով էր, որ այդ մասին պատմում են նրա ընկերները: Մի նորակոչիկ տղա ասում էր, որ Նարեկի դուխով տասն օր ապրել են: Ըստ նրա` Նարեկը մոտեցել է գումարտակի հրամանատարին, ասել, որ նորակոչիկները թող չբարձրանան դիրքեր, ինքը նրանց փոխարեն կկռվի: Եվ հենց հաջորդ օրը կամավորների հետ իրենց վաշտը` չորրորդ  գումարտակի տասներկուերորդ  վաշտը, մեկնում է Վարանդա` առաջնագիծ: Այնտեղ էլ Նարեկը զոհվում է հոկտեմբերի 13-ին:

Ասում են, որ Նարեկն ու իր ընկերը այնքան շատ կորուստներ են պատճառել հակառակորդին, որ նրա կողմից թիրախավորվել են եւ զոհվել ԱԹՍ-ի հարվածից: Նարեկը վիրավորվել է, մոտ չորս ժամ ներքին արյունահոսություն է ունեցել, ամբողջ ճանապարհին խոսել, մինչեւ հասել են Մարտունի-2: Նրա հետ մի վիրավոր տղա է եղել, եւ այդ ամենը պատմեց մեզ»,- պատմում է Աննան:

Երբ հետմահու  19-ամյա Նարեկին պարգեւատրել են, եւ դասակի հրամանատարը նրա մեդալն է բերել հարազատներին, ասել է` ֆենոմենալ երեխա է, նույնիսկ հանգստի ժամերին նրան տեսել ենք գիրք կարդալիս:  Խրամատում`  դիրքերը  պահելուն  զուգահեռ ,   Նարեկը ֆրանսերեն է սովորել:

Աննան ասում է, որ եղբայրը  գիրք էր  գրել` «Գոբլինը եւ իր ընկերները », որը մանկապատանեկան պատմվածք է, եւ նրա հերոսը ասում է` իմ կյանքը չեմ խնայի հանուն այն բանի, որ մարդկային կյանքեր փրկեմ:

Նարեկը տիրապետել է երեք զենքի` SPK, KORD, նաեւ գնդացրորդ է եղել: Նա միշտ ասել է`մենք թուրքին հող տվող չենք, իրենք դեռ փոշմանելու են, որ պատերազմ են սկսել. նա  մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին:  

«Վերջին անգամ խոսել եմ հետը հոկտեմբերի 12-ին, ես ուղղակի իրեն պարտավորեցրի, որ պետք է վերադառնա, իր կյանքը պետք է ապահովագրի: Ինքն ասաց`հա, քույրս, խոսք եմ տալու, անպայման տուն եմ գալու, բայց…Այդ բայցից հետո մի քանի վայրկյան լռեց եւ ասաց` մամային լավ կնայես, հա՞: Ես իր խոսքերի տողատակը հասկացա »,- հիշում է Աննան:

Աննան  հիշում  է նաեւ, որ դեռ 2019թ. օգոստոսին  «Զինուժ »  ծրագրով հարցազրույց  տալիս  Նարեկն  ասել է, որ  յուրաքանչյուր զինծառայող պետք է լինի զգոն առավելագույնս, որպեսզի յուրաքանչյուր վայրկյանի պատրաստ լինի պատերազմի, պատրաստ լինի հակառակորդի դեմ կռվելու: Եվ այն ժամանակ այդ խոսքերը տարակուսանք են պատճառել Նարեկի հարազատներին, քանի որ մոտալուտ պատերազմի վտանգ չեն կանխազգացել:

Երբ  Նարեկը 2019թ. դեկտեմբերին արձակուրդ էր եկել, քրոջ հետ փողոցում զբոսնելիս նայել է աստղազարդ  երկնքին եւ ասել` Աննա, գիտե՞ս, մենք`ամենքս, մի աստղ ենք դառնում երկնքում:  Քույրը հետահայաց կարծում է, որ այդ խոսքերը պատահական չէին, Նարեկն ինչ-որ կանխազգացում է ունեցել:
Իսկ հունվարի 27-ին Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցում բացվեց Նարեկ Սերոբյանի անվան դասասենյակը:  

Թագուհի Հակոբյան

Pin It on Pinterest