Երեւանի պետական համալսարանի «Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկա»-ի ֆակուլտետի ուսանող Նարեկ Սերոբյանը բանակ էր զորակոչվել 2019թ. հուլիսի 1-ին: Սկզբում նա ծառայել է Գյումրու ուսումնական հակատանկային զորամասում, որից հետո նրան ուղարկել են Արցախ` Հադրութի զորամաս:
Նարեկը երազում էր դառնալ ծրագրավորող, սովորում էր նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Նա նաեւ հայկական «Վիքիպեդիա»-ում եղել է խմբագիր, շուրջ հինգ հարյուր հոդված է հեղինակել ֆիլմերի, դերասանների, գրողների եւ այլոց մասին: Նարեկը երազել է նաեւ սեփական ընկերություն ունենալ եւ համագործակցել աշխարհի լավագույն ընկերությունների հետ, մտադիր էր մեկնել Գերմանիա եւ ուսանել Համբուրգի համալսարանում:
Բանակ գնալուց մեկ օր առաջ, ըստ Նարեկի քրոջ`Աննայի, Վարդանյանների նորաբաց այգում պատահաբար հանդիպում են գերմանացի զբոսաշրջիկների, զրուցում են նրանց հետ: Նարեկն էլ ասում է, որ գնում է Արցախ, ծառայելու, որպեսզի պաշտպանի իր ժողովրդին: Նա ասել է, որ վերադարձից հետո մտադիր է ուսանել Համբուրգի համալսարանում, դառնալ ծրագրավորող: Եվ այդ ժամանակ էլ պարզվում է, որ գերմանացի զբոսաշրջիկները հենց Համբուրգի համալսարանի դասախոսներ են: Նրանք էլ ոգեւորվում են, ասում, որ անպայման կսպասեն Նարեկին: Սակայն Նարեկի երազանքներն անկատար են մնում…
Նարեկի քույրը`Աննան, հիշում է, որ երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը, եղբայրն ու նրա ընկերները եղել են առաջնագծում, խրամատում: Առաջին հարձակումը հայկական կողմի վրա եղել է տանկերով, որից հետո մինչեւ նույն օրվա ժամը 17.00-ն կռիվ են տվել, այնուհետեւ` հետնահանջի հրաման ստացել:
Պատերազմի մանրամասների, եղբոր զոհվելու հանգամանքների մասին Աննան իմացել է Նարեկի ողջ մնացած ընկերներից:
«Հետնահանջի ժամանակ գումարտակի տղաների մեծ մասը զոհվել է հենց նույն օրը: Եղբայրս այդ օրը հրաշքով փրկվել է, տասը կիլոմետր սողեսող, վազքով նահանջել են, միացել նորակոչիկների դիվիզիային: Նարեկն այնքան դուխով էր, որ այդ մասին պատմում են նրա ընկերները: Մի նորակոչիկ տղա ասում էր, որ Նարեկի դուխով տասն օր ապրել են: Ըստ նրա` Նարեկը մոտեցել է գումարտակի հրամանատարին, ասել, որ նորակոչիկները թող չբարձրանան դիրքեր, ինքը նրանց փոխարեն կկռվի: Եվ հենց հաջորդ օրը կամավորների հետ իրենց վաշտը` չորրորդ գումարտակի տասներկուերորդ վաշտը, մեկնում է Վարանդա` առաջնագիծ: Այնտեղ էլ Նարեկը զոհվում է հոկտեմբերի 13-ին:
Ասում են, որ Նարեկն ու իր ընկերը այնքան շատ կորուստներ են պատճառել հակառակորդին, որ նրա կողմից թիրախավորվել են եւ զոհվել ԱԹՍ-ի հարվածից: Նարեկը վիրավորվել է, մոտ չորս ժամ ներքին արյունահոսություն է ունեցել, ամբողջ ճանապարհին խոսել, մինչեւ հասել են Մարտունի-2: Նրա հետ մի վիրավոր տղա է եղել, եւ այդ ամենը պատմեց մեզ»,- պատմում է Աննան:
Երբ հետմահու 19-ամյա Նարեկին պարգեւատրել են, եւ դասակի հրամանատարը նրա մեդալն է բերել հարազատներին, ասել է` ֆենոմենալ երեխա է, նույնիսկ հանգստի ժամերին նրան տեսել ենք գիրք կարդալիս: Խրամատում` դիրքերը պահելուն զուգահեռ , Նարեկը ֆրանսերեն է սովորել:
Աննան ասում է, որ եղբայրը գիրք էր գրել` «Գոբլինը եւ իր ընկերները », որը մանկապատանեկան պատմվածք է, եւ նրա հերոսը ասում է` իմ կյանքը չեմ խնայի հանուն այն բանի, որ մարդկային կյանքեր փրկեմ:
Նարեկը տիրապետել է երեք զենքի` SPK, KORD, նաեւ գնդացրորդ է եղել: Նա միշտ ասել է`մենք թուրքին հող տվող չենք, իրենք դեռ փոշմանելու են, որ պատերազմ են սկսել. նա մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին:
«Վերջին անգամ խոսել եմ հետը հոկտեմբերի 12-ին, ես ուղղակի իրեն պարտավորեցրի, որ պետք է վերադառնա, իր կյանքը պետք է ապահովագրի: Ինքն ասաց`հա, քույրս, խոսք եմ տալու, անպայման տուն եմ գալու, բայց…Այդ բայցից հետո մի քանի վայրկյան լռեց եւ ասաց` մամային լավ կնայես, հա՞: Ես իր խոսքերի տողատակը հասկացա »,- հիշում է Աննան:
Աննան հիշում է նաեւ, որ դեռ 2019թ. օգոստոսին «Զինուժ » ծրագրով հարցազրույց տալիս Նարեկն ասել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է լինի զգոն առավելագույնս, որպեսզի յուրաքանչյուր վայրկյանի պատրաստ լինի պատերազմի, պատրաստ լինի հակառակորդի դեմ կռվելու: Եվ այն ժամանակ այդ խոսքերը տարակուսանք են պատճառել Նարեկի հարազատներին, քանի որ մոտալուտ պատերազմի վտանգ չեն կանխազգացել:
Երբ Նարեկը 2019թ. դեկտեմբերին արձակուրդ էր եկել, քրոջ հետ փողոցում զբոսնելիս նայել է աստղազարդ երկնքին եւ ասել` Աննա, գիտե՞ս, մենք`ամենքս, մի աստղ ենք դառնում երկնքում: Քույրը հետահայաց կարծում է, որ այդ խոսքերը պատահական չէին, Նարեկն ինչ-որ կանխազգացում է ունեցել:
Իսկ հունվարի 27-ին Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցում բացվեց Նարեկ Սերոբյանի անվան դասասենյակը:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: