«2021 թվականին 18 ֆիզիկական բռնությունների դեպքեր են արձանագրվել, որի հետևանքով տուժել են 20 լրագրող և օպերատոր։ Ինչպես նաև արձանագրվել է տարատեսակ ճնշումների 107 դեպք, որը ներառում է տարբեր սպառնալիքների դեպքերը, բռնության կոչերի դեպքերը, տարբեր դատական գործերի կամ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը դեպի լրագրողներն ու օպերատորները»,- -այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով  2021 թվականի տարեկան զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ 2021 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացքում արձանագրվել է ֆիզիկական բռնության 7 դեպք, երկրորդում՝ 8 դեպք, երրորդում՝ 3, իսկ չորրորդը համեմատաբար ավելի հանգիստ ժամանակահատված էր․ ֆիզիկական բռնություն չի արձանագրվել;

Ընդհանուր գնահատական տալով՝ կոմիտեի նախագահն ասաց, որ 2021 թվականը լրագրողների և լրատվամիջոցների համար շատ ծանր տարի էր։ Դա պայմանավորված էր նախ և առաջ ՀՀ-ում շարունակվող խորը հասարակական-քաղաքական ճգնաժամով, որն առաջացել էր Արցախյան 44 օրյա պատերազմից հետո։ Ինչպես նաև պետք է հաշվի առնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, իսկ ընտրությունների ընթացքում սովորաբար սրվում է հասրակական-քաղաքական իրավիճակը, և այդ ամենը արտացոլվում է լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքների վրա։

«Հարձակումներն ավելանում են, և այս երկու գործոնով պայմանավորված մենք արձանագրում էինք լարված պայմաններում լրագրողների և լրատվամիջոցների վրա հարձակումների, ճնշուների բազմաթիվ փաստեր։ Շատ հատկանշական էր, որ զանգվածային ակցիաների ժամանակ ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այլ նաև նրանց համակիրները, քաղաքացիները, ակցիայի մասնակիցները որպես կանոն նույնականացնում էին լրագրողին կամ լրատվամիջոցին այն քաղաքական ուժի հետ, որի հովանու ներքո՝ նա գործում է, և այդ դրդապատճառով նաև հարձակումներ էին իրականացվում, որոնք անթույլատրելի էին»։

 Համեմատական անցկացնելով 2020 թվականի հետ՝ ճնշումների դեպքերը մի քիչ պակասել են, բայց պետք է հաշվի առնել, որ 2020 թվականը ավելի լարված ժամանակահատված էր, ավելի թեժ իրադարձություններ էին տեղի ունենում։

Անդրադառնալով տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ դրանք ավելացել են։ Ֆիզիկական բռնությունների առումով 2021 թվականը մտահոգիչ էր, երեք անգամ ավելացել են ճնշումների դեպքերը, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախման դեպքերի քանակը ավելացել է։

«Իրենց ամենօրյա գործունեության ընթացքում լրագրողներն այս ամենը իրենց կաշվի վրա են զգում։ Պետական մարմիններից շատ բարդ է ստանալ ժամանակին և սպառիչ պատասխաններ, երբ լրագրողները պաշտոնական տեղեկատվություն են փորձում ստանալ»։

ԽԱՊԿ-ի տարեկան զեկույցում տեղ են գտել նաև դատական գործերի դեպքերը։ Կոմիտեի նախագահի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ եղել է 62 դատական գործ, որից 60-ը վիրավորանքի և զրպարտության գծով, և 2-ը՝ այլ պատճառներով։ 

Ինչ վերաբերում է դատական վեճերին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով այդ գործերի հոսքը 2021 թվականին շարունակվել է։ Սա հատկապես մտահոգիչ է այն առումով, որ 2021 թվականին ընդունվեցին հենց վիրավորանքի և զրպարտությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններ, որոնք մտահոգություն առաջացրին լրագրողական շրջաններում, և խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր գործընկեր կազմակերպությունների հետ ակտիվ փորձում էր հակազդել ռեգրեսիվ օրինագծերին։

«Խոսքս Ալեն Սիմոնյանի հեղինակած այն օրենքի մասին է, որով քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածում նախատեսված փոխհատուցման շեմերը բարձրացվեցին․ համապատասխանաբար վիրավորանքի համար հասցրեցին 3 մլն դոլարի, զրպարտության համար 6 մլն դոլարի։ Այսինքն՝ եռապատկվեցին, և բացի դա՝ նաև վիրավորանքի մի մասն առանձնացվեց ծանր վիրավորանք ձևակերպմամբ՝ նկատի ունենալով հայհոյանքները և այդ մասով քրեականացվեց։ Մենք սա որակեցինք հետընթաց, որովհետև 2010 թվականից զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել էր և դա դիտարկվում էր որպես ժողովրդավարական հասարակությանը հարիր քայլ, բայց նորից քրեականացումը նաև միջազգային կառույցների կողմից քննադատվեց»։

Բանախոսի պնդմամբ՝ այստեղ նաև մեկ այլ խնդիր կա․ եթե օրենքը բոլորին հավասար դիտարկեր, ձևակերպումներն այնպիսի լինեին, որ հավասար մոտեցում ցուցաբերվեր, դեռ խնդրի մի կողմը կլիներ, բայց այդ փոփոխությունով ստեղծվեցին հասարակության մի քանի խմբեր, որոնք առավել պաշտպանված են, օրինակ՝ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ,  պաշտոնատար անձինք։ Նրանց ծանր վիրավորելը ավելի խիստ պատիժ է ենթադրում, քան հասարակ քաղաքացու համար, և սա Աշոտ Մելիքյանի խոսքով խտրական մոտեցում է, ինչը որ պետք է չլինի։

Կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ՀՀ դատախազություն հարցում են ուղարկել, և  իրեն տեղեկացրել են, որ մինչև դեկտեմբերի 31-ը վիրավորանքի 418 դեպք է արձանագրվել, որից 263-ն է, որ հիմք են դարձել քրեական գործ հարուցելու համար։ Մեղադրանք է առաջադրվել 31 անձի։ Բոլոր քրեական գործերից մեկն է, որ վերաբերում է լրատվամիջոցի, բայց այդ գործը կարճվել է։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսներին՝ Աշոտ Մելիքյանը նշեց․ «ՀՀ-ն իր պատմության մեջ չէր տեսել, երկրի առաջին դեմքը բոլորին հրավիրի և պատասխանի բոլոր հարցերին, և մինչև բոլոր հարցերը չսպառվեն մամուլի ասուլիսը չավարտվի, սա շատ լավ քայլ էր, ճիշտ մոտեցում էր, լրատվամիջոցներին հարգելու մոտեցում էր, հետո սա տրանսֆորմացվեց այս տարօրինակ ձևաչափի , որը միշը հարցեր է առաջացնում։ Կարծում եմ պետք է վերադառնալ ասուլիսներ կազմակերպելու այս ձևաչափին»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest