2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Գասպարյանի սպանությունը, որը քննիչները ներկայացնում էին իբրև ինքնասպանություն, գործով երկու տարի անպտուղ, կեղծ քննությունից հետո այդպես էլ չբացահայտվեց:

Երկու տարում քննիչները ինքնասպանթյան որևէ դրդապատճառ այդպես էլ չկարողացան նշել: Գործը պարզապես փակեցին մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով:

Միակ մեղադրյալի՝ դիրքի ավագ Բաբկեն Սարգսյանի նկատմամբ, որը ըստ ցուցմունքների, վիրավորել է Արթուրին, նաև այլ զինծառայողների, քրեական հետապնդումը դադարացվեց:

Սակայն Արթուրի հարազատները, նրանց շահերը ներկայացնող փաստաբան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության անդամ  Մոնիկա Մարգարյանը շարունակում են պայքարել հանցագործության բացահայտման համար: Նրանք դիմում են բոլոր ատյաններին, արդարադատության հասնելու հույսով:

Հիշեցնենք, Արթուրի դին, ըստ քննչական կոմիտեի, հայտնաբերվել էր 2018 թվականի մայիսի 4-ի գիշերը «Ավտոբուս 3» կոչվող մարտական դիրքի կացարանի մոտ, բերանի խոռոչի և գլխի գագաթային շրջանում միջանցիկ հրազենային վնասվածքներով: Դատահոգեբանական փորձաքննությամբ  հաստատված է, որ Գասպարյանը չէր կարող ինքնասպանություն գործել:Կան նաև այլ փաստեր, որոնց անդրադարձել ենք մեր նախկին հրապարակումներում՝ Արթուրը չէր կարող գնդացիրից ինքն իր վրա արձակել երկու մենահատ կրակոց, Գասպարյանի մարմնին եղել են բազմաթիվ վնասվածքներ, իսկ հագուստի վրա՝ պատռվածքներ, որոնք վկայում են նրա նկատմամբ իրականացված բռնության մասին և որոնց կապակցությամբ քննիչները բացատրություն չունեն, և այլն:

Փաստաբան Մոնիկա Մարգարյանը նախ՝ բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազություն, ընդդեմ քննությունը կասեցնելու որոշման, որը սակայն թողել էին անպատասխան: Ապա դիմել էր ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, փաստելով դատախազի անգործությունը: 

Նոյեմբերի 25-ին դատարանը մերժել էր փաստաբանի բողոքը: Օրերս Մոնիկա Մարգարյանը վերաքննիչ դատարան է դիմել:  Նա գտնում է, որ գործով դատախազը օրենքին և դատախազի վարքագծի կանոններին հակասող, տուժող կողմի հանդեպ ակնհայտ արհամարհական դիրքորշում է ցուցաբերել,  չարձագանքելով, որևէ կերպ չանդրադառնալով պաշտոնական վարկածը հերքով ապացույցներին:

«Սույն քրեական գործով ի սկզբանե նախաքննական մարմինը կանխակալ է եղել գործը ինքնասպանության վարկածով քննելու առումով՝ բացառելով սպանության վարկածը, չնայած այն հանգամանքին, որ գործով ձեռք բերված ապացույցները բացառում են տուժող Ա․ Գասպարյանի ինքնասպանությունը և չի իրականացրել գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն», — ասում է Մոնիկա Մարգարյանը:

Նա նշում է Forrights.am-ի հետ զրույցում, որ քննիչները տարրական գործողություններ չեն կատարել, որոնք պարտադիր էին նման հանցագործություն քննելիս:

Օրինակ, ըստ մատնադրոշմային փորձաքննության եզրակացության՝ ԿՁԳ-74 գնդացիրի վրա, որը համարվում է ինքնասպանթյան զենք, պիտանի հետքեր չեն եղել: «Քանի որ տուժողը չէր կարող ինքն իրեն մի քանի անգամ մենահատ կրակիոցով կրակել, ապա այս դեպքում քննիչը պարտավոր էր դատագենետիկական փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար, թե ում են պատկամում վերոհիշյալ զենքի- զինամթերքի վրա հայտնաբերված և մատնադրոշման փորձաքննության համար ոչ պիտանի մատնահետքերը՝ բջիջները, որը չի արել: «Ավտոբուս3», «Ավտոբուս1/ 2» մարտական դիրքերում ծառայություն իրականացրած բոլոր զինծառայողները, սպաները, տուժողի հարազատները, համակուրսեցիները, համադասարանցիները, ուսուցիչները, նրա ընկերները հայտնել են, որ Ա.Գասպարյանը սուիցիդալ հակումներ չի ունեցել, եղել է հավասարակշռված, հանգիստ, խելացի ընկերասեր երիտասարդ, չի ունեցել որևէ այնպիսի խնդիր, որը կարող էր նրան ինքնապանության հասցնել: Նույնը փաստել են դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձագետները, սակայն քննիչը շարունակել է նրան ինքնասպան համարել: Իսկ այն կոնֆլիկտները, որ նա ունեցել է դիրքի ավագի հետ, այնքան ծանրակշիռ չէին, որ ինքնասպանության պատճառ դառնային», — ասում է Մոնիկա Մարգարյանը:

Ըստ նրա, քննիչները նաև հաշվի չեն առել մահացածի հագուստի վրա մնացած արյան հետքերը, վնասվածքները, իսկ Արթուրի մարմնի վրա հայտնաբերված քերծվածքները համարել են «մաքրման աշխատանքներ իրականացնելու» հետևանք: «Մինչդեռ ըստ իրենց ցուցմունքների՝ այդ նույն մաքրման աշխատանքները բոլորն են կատարել, սակայն իրենց մարմնի քննումների ժամանակ որևէ քերծվածք չի հայտնաբերվել», — ասում է փաստաբանը:

Այսպիսով, զինդատախազությունը այսօր էլ շարունակում է նախկին  վարքագիծը  ցուցաբերել, կոծկելով բանակայինների սպանությունները:

 Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest