Զինվորների մասին մտածող հրամանատարը նման հրաման չէր տա․ «Իմ անմեղ Արթուրը»

572

Նույն տարում սկեսուրս, ամուսինս ու տղաս մահացան։ Իմ տունը դատարկվեց։ Ես ամեն ինչ ունեմ, բայց ոչինչ չունեմ, որովհետև Արթուրս չկա։

Զոհված որդու մասին պատմում է մայրը։ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Արթուր Խաչատրյանը եղել է 17 զինվորներից մեկը, որոնք, ենթարկվելով հրամանատար՝ Վերանյանի հրամանին, նստել են Ուրալ մակնիշի մեքենան, որից 5 րոպե անց ԱԹՍ հարվածից նրանք զոհվել են։ Ականատեսների պնդմամբ` ԱԹՍ-ը եղել է տեսանելի։

«18 տարեկանը լրացավ ու զորակոչվեց  բանակ։ Ավարտեց դպրոցը, ընդունվեց ինստիտուտ ու զորակոչեցին 2019 թվականի հուլիս 24-ին։ Մեկ տարի չորս ամիս արդեն ծառայում էր, երբ սկսեց պատերազմը։ Սկզբում նա ծառայում էր Էջմիածնում՝ սակրավորների պատրաստման զորամասում։ Հետո տեղափոխեցին Ագարակ։ Սկզբում շատ գոհ է եղել ծառայությունից, իրենց հաճախ են տարել դիրքեր։ Հիմա նոր իմանում եմ, որ իրենք պատերազմից մի քանի օր առաջ այդ դիրքերում ԱԹՍ-ներ են տեսել և տեղեկացրել են իրենց հրամանատարությանը»։

Հետո սկսվեց պատերազմը․․․․

Արթուրը ծառայում էր Մեղրիում։ Մայրն անգամ չգիտեր, որ տղային տեղափոխել են Ջաբրայիլ, ապա Հադրութ։ Արթուրը ոչիչ չի պատմել մորը, միայն ասել է, որ եթե չզանգի, մայրը չանհանգստանա։

«Ասաց, որ դիրքեր են տեղափոխում։ Ես չմտածեցի, որ պատերազմ են տանում։ Ես մտածեցի, որ Նախիջևանի սահման են տարել, Հայաստանի սահմանն է, ապահով է։ Հիմա նոր եմ իմանում, որ տարել են Ջաբրայիլ, Հադրութ։ Անգամ՝ Հորադիզի մոտակայքում եղել են շրջափակման մեջ»։

Արթուրի մայրը՝ Աննան, պատմում է, որ հետո վաշտի զինվորներից մեկի հորից՝ Հարություն Օհանյանից են իմանում, որ իրենց երեխաները նույնիսկ ուղեկցող չեն ունեցել, ճանապարհ չեն իմացել։

Օհանյանը եղել է դեպքի վայրում և տեսել, թե ինչպես են  որդին և նրա 16 ծառայակիցները զոհվում ԱԹՍ-ի հարվածից։

«Օհանյանը  և հրամանատարներից մեկը՝ Խորենը, տեսել են, որ օդում ԱԹՍ կա,այնպես չէ, որ մառախուղ է եղել, անօդաչուն տեսանելի է եղել։ Իրենք երեխաներին հրաման են տվել իջնել մեքենայից, ու բացազատվել։Դա պաշտպանվելու միակ ձևն է, որքանով ես գիտեմ։  Երեխաները իջել են, բացազատվել են, բայց այդ պահին եկել է Անդրանիկ Վերանյանն ու հրաման է տվել  լցվել մեքենան և շարունակել, իբր այդպիսի հրաման է տրված։ Դատարանում՝ սկզբում նա հերքում էր, որ տեսել է ԱԹՍ-ն, բայց հետո խոստովանեց, որովհետև վկաներ կան»,- դեպքի մասին պատմում է զոհվածի մայրը։

Արթուրի մայրը՝ Աննան, վերջին անգամ որդու հետ խոսել է դեպքի նախորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին։

«Ցերեկ էր, խոսեցինք,  սպասում էի՝ ինքը զանգեր, մենք չէինք զանգում։ Զգացի, որ վազում է, ասեցի՝ «ինչի՞ ես վազում Արթուր ջան», ասեց՝ «չեմ վազում մամ, արագ քայլում եմ»։ Ես հետո հասկացա, որ երևի այդ ժամանակ էլ էին պատսպարվում։ Դեպքի օրը՝ հոկտեմբերի 9-ին վերջին անգամ խոսել է քրոջ հետ։ Արթուրը քրոջն ասել էր՝ «մենք այստեղ անելիք չունենք»,- մանրամասնեց տիկին Աննան։

Ծնողներն այն կրածիքն ունեն, որ Վերանյանին նույնպես տրված է եղել հրաման։ Դատական նիստերի ընթացքում բազմիցս քննարկվել է հեռախոսային խոսակցությունները վերծանելը։ Ծնողները նշում են, որ կողմ են դրան։ Մոր խոսքով, զինվորների մասին մտածող հրամանատարը նման հրաման չէր տա։

«Եթե ինքը ատամներով պահեր մեր երեխաներին, թեկուզ հրաման չկատարելու գնով, հետո մենք էլ իրեն կպահեինք,  բայց ստացվում է, որ ինքը կատարել է հրամանը, եթե արժանանում է մեդալի, պաշտոն են բարձրացնում։ Երբ քննիչներին հարցնում ենք՝ «ինչո՞ւ է Վերանյանն ազատության մեջ», պատասխանում են, որ նա անչափահաս երեխաներ ունի։ Ես էլ հարցնում եմ՝ «բա Խորենը, Տարոնը չունեի՞ն անչափահաս երեխաներ»։

Վերանյանը չի ցանկացել ծնողների հետ հանդիպել, իսկ դատարանում ծնողները հնարավորություն չունեն վերջինիս հարցեր տալու։ Վերանյանը դեռ դատարանում ցուցմունք չի տվել, բայց ինքը իրեն մեղավոր չի ճանաչում։

«Ես միայն մտածում եմ՝ միգուցե լավ է, որ Օհանյանն այնտեղ էր, որ մենք կարողացանք գտնել մեր երեխաներին։ Եթե իմ ամուսինն էլ ողջ լիներ, անպայման կգնար մարտի դաշտ՝ մեր տղայի կողքին լինելու համար։  Արթուրը համեստ ու խելոք տղա էր․․․․ իմ անմեղ Արթուր․․․․ երևի այս դարաշրջանին խելոքներ պետք չեն»։

Ծնողների միակ ցանկությունը արդար դատաքննությունն է։

«Ես կյանքիս իմաստն եմ կորցրել․․․ Իմ տան դռները փակ մնացին։ Ամեն ինչ ունեմ, բայց Արթուրս չկա, ես շատ սիրված մարդ եմ, բայց դժբախտ եմ»։

Արթուրը որոշել էր ավարտել ծառայությունը, հետո ուսումը։ Երազում էր ստեղծել տեխնիկայի իր գործարանը։ Մոր խոսքով՝ որդու ամբողջ ուղեղը մաթմատիկա էր, և  գուցե նա ԱԹՍ ստեղծողներից մեկը լիներ։ 

«Վերջին անգամ, որ խոսեցինք, պատերազմի մասին ոչինչ չասաց։ Միայն ասացի՝ «Արթուր ջան, անջատենք, որովհետև ասում են՝ չի կարելի»։ Այնտեղ մեր երեխաների բերաններն էին փակում, այստեղ՝ մերը։ Անտարբեր ասաց՝ «մամուլյա, խոսա»։  Ինքը գիտեր, որ չէր գալու»,- որդու հետ վերջին զրույցի մասին պատմում է մայրը։

Տիկին Աննային Մեղրիի զորամասում ծառայող մի մարդ է այցելել։ Իրեն չեն սպառնացել, բայց եկել են իմանալու, թե ինչ է մտածում, ինչպես է տրամադրված հրամանատարի նկատմամբ։

«Այդ մարդն  ինձ  ասաց՝ ծնողն իրավունք չուներ մարտի դաշտում լինել, ասացի՝ «ճիշտ եք ասում, եթե չլիներ՝ ամեն ինչ կլղոզեիք կանցներ։ Ոչ մի բան չէր իմացվի»։ Ինձ չեն վախեցրել, ոչինչ չեն ասել, բայց ես հասկանում եմ՝ ինչը ինչի համար են անում»,- եզրափակեց զոհվածի մայրը։