Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից հրաժարականի դիմում կարող էր ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Նման կարծիք հայտնում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասրայանը՝ հիմնավորելով, որ Փաշինյանը Արմեն Սարգսյանին թույլ չէր տալիս իր կապերն օգտագործել հօգուտ Հայաստանի:

«Իմ տեղեկություններով նրա և Փաշինյանի միջև տարաձայնություններ բազմիցս եղել են, նախագահն անդհատ ասում էր, որ կարող է իր կապերն օգտագործել, բայց իշխանությունները միշտ երկրորդ պլան էին մղում, անցանկալի է, որ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանից բացի բարձր վարկանիշ ունենար»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանն հայտարարության իր տեքստում շեշտել էր, նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Արմեն Սարգսյանի խոսքերը, թե իր գործունեությունը համարում են սպառնալիք, ուղղված են Նիկոլ Փաշինյանին: Բաղդասարյանի պնդմամբ՝ Արմեն Սարգսյանին թույլ չեն տվել իր կապերն օգտագործելով՝ փոփոխություններ կատարել արտաքին քաղաքական ճակատում: « Նա շատ մեծ տեքստ է հրապարակում հրաժարականի և ոչ մի խոսք Նիկոլ Փաշինյանի մասին, նրանց հետ աշխատանքի մասին, չեմ կարծում, որ այս իրավիճակում պետք է համաձայնեցներ իր հրաժարականը վարչապետի հետ»,- ասում է Արմեն Բաղդասարյանը:

Արմեն Սարգսյանը, ըստ Բաղդասարյանի, ակնարկում է այնպիսի լիազորությունների մասին, որոնք հնարավոր է տալ քաղաքական որշմամբ, ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանը տվեց Ռուբեն Ռուբինյանին՝ Թուրքիայի հետ  բանակցելու համար:

«Խոսքը ոչ թե սահմանադրական լիազորությունների մասին է, այլ գործող իշխանությունների քաղաքական կամքի: Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար նման լիազորություններ կտար, Արմեն Սարգսյանը դժգոհում է, որ Փաշինյանը իրեն նման հնարավորություն չի տալիս»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ Արմեն Սարգսյանի հրաժարականին հաջորդող վտանագավոր հետևանքների մասին է ահազանգում: Ըստ նրա ՄԻՊ-ի և նախագահի պաշտոններում իշխանությունների կողմից ընդունելի թեկնածուների ընտրությունը պետությունը տանելու է միահեծան կառավարման:

«Ենթադրում եմ, որ ինչպես ՄԻՊ-ի դեպքում, այնպես նախագահի պաշտոնում ընտրվելու են անձիք, ովքեր լիակատար վստահություն ունեն Փաշինյանի և ՔՊ-ի կողմից, իշխանական ողջ համակարգն ամաբղջանում է մեկ քաղաքական ուժի կողմից»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանը մի շարք պատճառներ է թվարկում, որոնք կարող էին լինել հրաժարականի հիմքեր:

«Պատճառ կարող է լինել միջազգային իրադարությունները, որի վրա ինքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, Արմեն Սարգսյանն անգամ ԱԽ անդամ չէ, բայց պատասխանատվությունը կիսելու է, եթե արդյունքերը բարենպաստ չլինեն ՀՀ-ի համար: Չեմ բացառում, որ հրաժարականի պատճառը նաև առողջական խնդիրներն են»:

Հիշեցնենք՝ Նախագահ Արմեն Սարգսյանն պաշտոնավորելուց շուրջ չորս տարի անց, անսպասելի հրաժարական է ներկայացրել՝ երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ շեշտելով, որ համազգային ճգնաժամի մեջ ենք, իսկ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

Հրաժարական ներկայացրած   Արմեն Սարգսյանն այժմ  արձակուրդում է, որոշ տեղեկությունների համաձայն Լոնդոնում է:  Նախագահականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արմեն Սարգսյանը հունվարի 18-ից է գտնվում կարճատև արձակուրդում։

Նախագահի աշխատակազմից հստակերցրել են, որ Արմեն Սարգսյանը բուժում է անցնում արտհերկրում՝ չնշելով երկրի անունը: «Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ արտերկրում բուժման կուրսերի շնորհիվ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդության պատմությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է: Ըստ անհրաժեշտության, նրանց ցուցումով նախագահ Սարգսյանը պարբերաբար մասնագիտացված բժշկական հետազոտություն է անցնում»:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest