21-օրյա գերությունից վերադարձած և կալանավորված մայոր Նարեկ Երիմյանի ընտանիքը հոգեբանական և սոցալական ծանր վիճակում է հայտնվել: Տեղեկությունը forrights.am-ի հետ զրույցում փոխանցում է եղբայրը՝ Արթուր Երմյանը:

34-ամյա մայորը եւ եւս երեք տասնյակի հասնող զինծառայողներ գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ: Քննչական կոմիտեն նրանց մեղադրում է դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար:

Զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել էր դեկտեմբերի 10-ին, մեղադրող դատախազը դիմել էր վերաքննիչ դատարան և դեկտեմբերի 27-ին որոշվել էր վերջինիս կալանավորել։

Նարեկ Երիմյանը կալանքը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Եղբոր խոսքով Նարեկին այցելելու հնարավորություն չկա, քանի որ կորոնավիրուսի համավարակի  պատճառով տեսակություններ չէին թույլատրվում: Կառավարությունը միայն հունվարի 20-ին է որոշում ընդունել արգելքը վերացնելու:

Նարեկ Երիմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Եղբայրը նշում է՝ Նարեկի մինչ գերության մեջ հայտնվելը,  վերջին անգամ խոսել է նոյեմբերի 15-ին: Այդ օրը և գերությունից վերադառնալուց հետո մայորն ընտանիքի անդամների հետ իրեն առաջադրված մեղադրանքը չի քննարկել:

«Իր լարված վիճակով և հոգեբանական խնդիրներով պայմանավորված աշխատում էինք այդ թեմայով հարցեր չտալ, որ շատ չճնշվի: Նարեկը հոգեբանական սթրես է տարել, ուզում էինք վիճակը խաղաղվի, ինքն էլ չէր ուզում այդ մասին խոսել:

Մեզ ռեալ չեն ասում, թե իրեն ինչի համար են կալանավորել: Ես Նարեկին և մյուսներին կալանավորելու իմաստը չեմ հասկանում: Կարող էին այդ քննությունն առանց դրա անեին, որովհետև նրանք այն տղեքն էին, որ չարժեր իրենց հետ նման կարպ վարվեին: Թող պաշտոնից զրկեին, գործից ազատեին, բայց չկալանավորենեին: 21 օր Նարեկը Բաքվի բանտում է ապրել, ամեն օրը իր համար տարի է եղել, գալ ստեղ և կալանավորվել, սթրես է»,- նշում է Արթուրը:

Նարեկ Երմյանը 16 տարվա զինծառայող է: Եղբոր փոխանցմամաբ՝ մինչ պատերազմում պարտությունը ծառայությունն իրականացրել է Արցախում, հետո տեղափոխվել Հայաստան:

«Սիրում էր զինվորականի գործը, փոքրուց էլ ասում էր, որ ուզում է այդ գործով զբաղվել: 16  տարի ծառայել է դիրքերում: Եղնիկներում է ծառայել վեց տարի, հետո Ճանբարակում է ծառայել՝ հինգ տարի, Քարվաճառում է եղել, Օմարի լեռներում, հետո տեղափոխել են Ջերմուկ որտեղ էլ այդ չարաբաստիկ դեպքն է տեղի ունեցել: Եղբորիցս բացի ես և հայրս էլ ենք մասնակցել պատերազմին, հայրենանվեր գործ ենք արել, բայց հայրենիքը մեզ ճիշտ չի դատում:

Նարեկի մեքենան էր պատերազմին վնասվել, այդպես փրկվել էր: Պատերազմից հետո, որ եկավ գրպանից մի ասկոլկա հանեց, որն ավտոյի մեջ էր մտել, ասաց սա էլ իմ փայն է, մարմնիս փոխարեն ավտոյի մեջ է մտել»,- պատմում է եղբայրը:

Նարեկ Երիմյանն ամսունասա է երկու տղա ունի, շուտով ծնվելու է երրորդ երեխան: Տղաները հինգ և ութ տարեկան են: Հղի կինն այժմ միայնակ է հոգում երեխաների կարիքները:

«Կինը, երեխաներն ապրուստի միջոց չունեն, պետությունից որևէ օգնություն չեն ստանում: Տունն էլ վարկով էին առել, չեն կարողանում վճարել, մի հատ ահավոր վիճակում են հայտնվել: Եթե Նարեկին երկար պահեն կալանավայրում, ես չգիտեմ, թե իր ընտանիքի վիճակն ինչ է լինելու: Միակ ապրուսի միջոցը Նարեկի աշխատավարձն է եղել»,- փոխանցում է եղբայրը:

Երիմյանի պաշտպան Կարմեն Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում շեշտում է՝ մայորին կալանավորելու հիմքեր իրավապահները չունեին:

«Կալանավորման հիմքերն ուժեղ չէին: Ավելին՝ կարող եմ ասել, որ երկու օր առաջ ՔԿ-ն գործի նախաքննության ավարտ է հայտարարել և գործն ուղարկելու է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան: Իրենք ասում էին՝ ունենք կալանավորման հիմքեր, քանի որ գերիներ պետք է գան, եթե չկալանավորենք գործին կխանգարեն, բայց ոչ մի բան էլ չարեցին, նախաքննությունն արագ արեցին ու գործը դատարան են ուղարկում: Գործն արդեն դատարան են ուղարկում, սակայն, վերաքննիչ դատարանի կալանքի որոշումը չկա, որ բողոքարկենք: Հիմքեր չկար գերությունից վերադարձած անձին կալանավորելու, թող գործը քննեին, բայց անպայման կալանավորելու մոլուցքն ինչի համար էր: Ինչով էր խոչընդոտելու, երբ բոլորին հարցաքննել էին:

Նախաքննություն որպես այդպիսին չի եղել, Նարեկը մի անգամ է ցուցմունք տվել: Նարեկը միտումնավոր գերի չի ընկել, զենքը չի թողել ու հանձնվել»,- ասում է փաստաբանը և նշում, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անգամ չեն ստացել, որ բողոքարկեն կալանքի որոշումը:

«Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, քաղվածքով կալանավորել են: Ես չունեմ դատավորի որոշումը, որ բողոքարկեմ: Սա լուրջ խնդիր է: Կարևորը ինքն իր սև գործն արեց՝ կալանավորեց, թե երբ կուղարկի որոշումն այդ ժամանակից էլ բողոքարկման իրավունք կունենանք»,- ասաց նա:

Գերությունից վերադարձած 5 զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։ Կալանավորված է նաև զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը՝ Գեղամ Գեղամյանը, որը ևս մեղադրվում է մարտական ծառայության կանոնները խախտելու մեջ:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest