Անդրանիկ Հարությունյանը 2017թ-ին ընտանիքի հետ ՌԴ-ից վերադարձրել էր Արցախի իր պապական` Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղը եւ երազում էր այնտեղ երկար ու երջանիկ կյանք ապրել: 2020թ-ին նա զոհվում է Մատաղիսի դիրքերում:

Հարությունյանի կինը` Ալեքսանդրա Գոլուբյանը զինծառայող է`ավագ ենթասպա: Նա պատմում է, որ 2017թ-ին ինքը ծառայության էր անցել Եղնիկներում, իսկ ամուսինը այլ աշխատանք էր կատարում. «Ամուսինս բանվոր ծառայող էր, ես էի ծառայում Եղնիկներում: Ամուսինս սեզոնային աշխատանք ուներ, կաթսաների օպերատոր էր»:

Ալեքսանդրան հիշում է, որ 2020թ-ի սեպտեմբերին արձակուրդում էր, իսկ սեպտեմբերի 27-ին պետք է վերադառնար ծառայության.«Առավոտյան ժամը 7-ից, 7-ն անց առաջին ռմբակոծումը եղավ: Առաջին տպավորությամբ դա ուսումնական էր, բայց տարածքը, որտեղ ընկավ, մենք տեսանք: Դա Մատաղիսն էր: Տոնաշենից որ նայում ես, Մատաղիսը երեւում է: Այնտեղ տեղ չկար, որ ուսումնական էդպիսի բան արվեր, դրա համար ինչ-որ վտանգ զգացի ես, բայց մտածեցի` մի գուցե սխալվում եմ: Արդեն երբ երկրորդ ռմբակոծումն եղավ, ասացի` վերջ, սա արդեն պատերազմ է… ԱԹՍ-ների մասին դեռ ոչինչ չգիտեինք, դրանց մասին իմացանք Եղնիկների պոլկում, այն ժամանակ, երբ ԱԹՍ-ով զինամթերքի պահեստը պայթեցվեց»:

Անդրանիկը կնոջն ու երկու մանկահասակ երեխաներին նստացրել է մեքենան ու տեղափոխել է հարեւան Վանք գյուղ: Նա կազմակերպել է նաեւ Տոնաշենի մյուս կանանց, երեխաների ու տարեցների տարհանումը: Այնուհետեւ ամուսինները գնացել են Եղնիկներ:

Անցնելով ծառայության, Ալեքսանդրան սկսել է զբաղվել ՄՈԲ-ով, նոր ժամանածներին բաժանել համազգեստն ու անհրաժեշտ պարագաները, փաստաթղթեր հավաքելու հարցում օգնել է գաղտնի մասին պետին եւ այլն, իսկ ամուսինը համագյուղացիների հետ որպես կամավոր մեկնել է առաջնագիծ:

Սեպտեմբերի 30-ին  հրամանատարը ծառայող կանանց բաց է թողել, որ նրանք կարողանան երեխաներին տեղափոխել անվտանգ բնակավայր: «Էրեխեքին վերցրեցինք ու դուրս եկանք Հայաստան: Արդեն զգացվում էր, որ ամեն ինչ լուրջ է»,- պատմում է Ալեքսանդրան:

Վերջին անգամ նա ամուսնու հետ խոսել է հոկտեմբերի 23-ին. «Ինքը մեկնում էր պոստ: Մատաղիսում էր ինքը: Ասեց, որ կապ չի լինելու ու որ երեք օրից կզանգի: Երեք օրից այնտեղ ուժեղ հրետակոծություն էր գնում…»:

Անդրանիկը զոհվել է հոկտեմբերի 28-ին խրամատում, որտեղ ական է փայթել: «Հետը եղել է երեք զինվոր: Մեկը փրկվել է, մեկը վիրավոր էր, մեկը զոհվել է: Ասում են թշնամին այնքան մոտ էր, որ պարզ երեւում էր… նրան մեծ դժվարությամբ են հանել, որովհետեւ շատ ուժեղ հրետակոծություն էր գնում… մեր գյուղի տղերքն են հանել, ովքեր Անդրանիկին շատ էին սիրում, ասել են` չենք կարող նրան այստեղ թողնել»,- պատմում է կինը:

Զոհված կամավորի կինը այժմ ծառայում է ՀՀ-ում` Չոբանքարայում: Այնտեղ նրան տուն է հատկացվել, երեխաները գնում են տեղի մանկապարտեզ: Ասում է` այս պահին հնարավոր չէ մանկահասակ երեխաների հետ վերադառնալ Տոնաշեն.«Տունը շատ է վնասվել: Հիմա փորձում ենք վերականգնել, բայց այնտեղ հիմա մանկապարտեզ, դպրոց չկա, ճանապարհները լավը չեն: Երեխաների հետ չենք կարողանա հիմա այնտեղ ապրել: Նախկինում մտածում էի, որ եթե մի բան լինի, ամուսինս մեզ կնստացնի մեքենան ու կտանի, իսկ հիմա ես մենակ եմ, չեմ կարող որեւէ մեկի վրա հույս դնել… երեխաները շատ են կարոտում հորը: Ամեն օր խոսում են նրա մասին: Աղջիկս գիտի, թե ինչ է եղել, փոքրս` տղաս չգիտի: Ամեն օր երազում նրա անունն է կանչում»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest