«Երբ Արթուրս զոհվել է, Արմենն իր կողքին չի եղել, հետո է իմացել եղբոր զոհվելու մասին»

322

«Հոկտեմբերի 21-ին թշնամին շատ ինտեսիվ կրակում էր, մերոնք սպասում էին, որ իրավիճակը գոնե մի քիչ հանդարտվի, որ  տղաներին սնունդ ու զինտեխնիկա հասցնեն։ Արթուրն ասել է՝ հնարավոր չէ սպասել, ես վարորդական իրավունք չունեմ, ո՞վ կգա ինձ հետ։ Արթուրին միացել են Լևոնն ու փոխգնդապետ Դոխոյանը։ Նրանք գնացել են ու այլևս չեն վերադարձել․․․ թշնամին խոցել է նրանց մեքենան։ Արթուրը, վարորդն ու Դոխոյանը տեղում զոհվել են», — ForRights.am-ին պատմեց կապիտան Արթուր Խաչատրյանի մայրը՝ Հասմիկ  Մելքոնյանը։

Արթուր Խաչատրյանը Պարույր Սևակ գյուղում գտնվող զորամասում էր ծառայում։ Պատերազմի մասին իմանալով՝  նա անմիջապես դիմել է հրամանատարությանը, որ իրեն էլ առաջադրանք տան ու Արցախ ուղարկեն։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից Արթուրը  թիկունք-առաջնագիծ կապն էր ապահովում՝ ռազմամթերք, սնունդ, հագուստ էր հասցնում տղաներին։

Արթուրի ավագ եղբայրը՝ Արմեն Խաչատրյանը ևս զինվորական է։ Սեպտեմբերի 27-ից Արմենը Ջրականում է եղել, հոկտեմբերի սկզբին Արթուրը եղբորը հանդիպել է Ջրականում, բայց եղբայրների առաջադրանքները տարբեր էին, նրանք չէին կարող միշտ կողք կողքի գտնվելով պայքարել։ 

«Այն օրը, երբ Արթուրս զոհվել է, այդ ժամանակ Արմենն իր կողքին չի եղել, հետո է իմացել  եղբոր զոհվելու մասին։ Արմենը հիմա շարունակում է ծառայությունը։ Արթուրի զոհվելուց հետո խնդրեցի, որ թողնի զինվորականի գործը, ասաց՝ չի կարող թողնել, առավել ևս՝ Արթուրի զոհվելուց հետո, պիտի ծառայի, որ պահպանի այն հայրենիքը, հանուն որի զոհվեցին Արթուրն ու մյուս տղաները․․․», — պատմեց տիկին Հասմիկը։

Արթուրն ավարտել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ սուսերամարտի մարզիչ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ որակավորմամբ։ Այնուհետև սովորել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետում, համազորային հրամանատարական մասնագիտությամբ, իսկ ինստիտուտն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Արցախում՝ Մարտակերտում՝ որպես դասակի հրամանատար։

«Շուրջ 7 տարի Արթուրը Մարտակերտում է ծառայել, մասնակցել է նաև 2016 թվականին տեղի  ունեցած քառօրյա պատերազմին։ Նա Արցախում Արմենակ Ուրֆանյանի հետ է ծառայել, մտերիմ ընկերներ էին։ Քառօրյա պատերազմից հետո Արթուրն Արցախից Հայաստան տեղափոխվեց՝  նախ Զոդի զորամաս, հետո՝ Պարույրս  Սևակ գյուղում գտնվող զորամաս։ Երբեք որևէ բանից չէր  գանգատվում։ Նույնպիսի վարքագիծ ուներ պատերազմի օրերին։ Զանգում էր ու հարցնում՝ լա՞վ եք, աղջիկներս լա՞վ են․․․», — հիշում է Արթուրի մայրը։

Նա զոհվել է 31 տարեկան հասակում, ամուսնացած էր, երկու դուստր ուներ, բայց իր անձնական կյանքին  քիչ ժամանակ էր հատկացնում։   

«Պատահում էր, որ անգամ իր ծննդյան օրերին չէր կարողանում տուն գալ։ Մի անգամ ասացի՝ Արթո՛ւր, չե՞ս ուզում տուն գալ, ընտանիքիդ, ծնողներիդ հետ նշել ծննդյանդ օրը, ասաց՝ մա՛մ, դու մի Արթուր ունես, իսկ ես՝ 25, ես պատասխանատու եմ իմ զինվորների համար։ Նա խիստ, բայց հոգատար հրամանատար էր։ Զինվորներն ասես նրա կրտսեր եղբայրները լինեին։ Հիմա Արթուրի զինվորները հաճախ են մեր տուն գալիս․ սիրով ու հարգանքով են հիշում Արթուրին, դիպվածներ են պատմում նրա մասին», — պատմեց տիկին Հասմիկը։

Արթուրի դուստրերը՝ 5-ամյա Անգելինան ու 3-ամյա Միլենան ամեն օր հիշում են հայրիկին։

«Նրանց մայրը՝ Ռուզաննան, աղջիկներին տանում է Եռաբլուր՝ հայրիկի մոտ, նրանք նայում են երկինք, գիտեն՝ հայրիկն այնտեղ է, բայց նաև հավատում  են, որ հայրիկը դեռ գալու  է․․․  Արթուրի բացակայության հետ, առհասարակ, ոչ մեկս չենք կարող համակերպվել, նրա հոգևոր ներկայությունը միշտ կա, ամեն վայրկյան նա մեզ հետ է, մենք զգում ենք։

Արթուրը շատ երազանքներ ուներ, որոնք մնացին չիրագործված։ Նա շուտով պիտի մայորի կոչում ստանար։ Որոշել էր վերապատրաստման գնալ, երդվել էր, որ միշտ նվիրված է լինելու բանակին ու գեներալի կոչում պիտի ստանա», — ցավով պատմեց Արթուրի մայրը։


Արցախյան  44-օրյա պատերազմում զոհվելուց հետո 31-ամյա կապիտան Արթուր Խաչատրյանը հետմահու  արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի: Նա բազմաթիվ պարգևների ու շքանշանների է արժանացել իր ծառայության ընթացքում:

Երևանի Նորագավիթ համայքում՝ Արթուրի հայրական տան բակում նրա ծնողների նախաձեռնությամբ հուշաքար ու հուշաղբյուր կա, հուշաքարի մոտ գրված են այդ համայնքում ապրած ու 44-օրյա պատերազմում հերոսացած մյուս քաջերի անունները։

Հասմիկ Բալեյան