Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Սուրեն Եսայանը հունվարի 15-ին կդառնար քսան տարեկան:

Սուրենի հարազատները  մտերիմները  Երեւանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում,  հետմահու  հուշ-ցերեկույթ էին կազմակերպել այդ առթիվ, որի ժամանակ  նրա մասին  պատմությունները, ցուցադրություններն ամբողջական  ներկայացրեցին տաղանդավոր երիտասարդի կերպարը:

Դեռեւս 7-րդ դասարանից Սուրենը, հետեւելով մանկության ընկերոջը,  մեկնում է Հնդկաստան, երեք տարի ուսանում այնտեղ` Կալկաթայի  «Հայոց մարդասիրական ճեմարան »-ում: Վերադառնալուց հետո Սուրենը շարունակում է ուսումը 11-րդ դասարանում:

Մայրը` Նարինե Եսայանը, Forrights.am-ի հետ զրույցում պատմում է, որ հետո որդին ընդունվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նախապատրաստական կուրս, ավարտելուց հետո քննություններ է հանձնել, ընդունվել առաջին կուրս, մի քանի լեզուների է հասցրել տիրապետել: Այնուհետեւ Սուրենը մեկնում է Լիխտենշտայն` քրոջ մոտ, իսկ արձակուրդների ավարտից հետո վերադարձել, որ ուսումը շարունակի: 18-ը լրանալուց հետո Սուրենին զորակոչում են բանակ, նա սկզբում  ծառայում է  «Մարտունի 2 »-ում, որից հետո ծառայությունը պետք է շարունակեր Ջրականում:

Մինչ այժմ Սուրենի ծնողներին անհայտ է մնացել իրենց որդու զոհվելու օրը:   Մոր ասելով` Սուրենը վերջին անգամ իրենց զանգել է հոկտեմբերի 10-ին, ինչից էլ ենթադրում են, որ նա զոհվել է հենց այդ օրը, օրվա երկրորդ կեսից  հետո: Իսկ մինչ այդ Սուրենը զանգել է օրական երեք անգամ, վստահեցրել, որ ամեն ինչ նորմալ է, ինքն ապահով վայրում է:

«Դեկտեմբերի 1-ին, մոտ երկու ամիս անց, զանգեցին   «Հերացի բժշկական կենտրոնից », ասացին, որ իր փաստաթղթերով մարմին են գտել, հարցրեցին`կվերցնե՞նք, թե՞ ոչ, բնական է, ասացինք, որ ոչ, պետք է լինի ԴՆԹ-ի պատասխանը: Երեք անգամ ասացին, որ պատասխանը բացասական է, չի համապատասխանում, այդ մարմինը Եսայան Սուրենի մարմինը չէ, բայց հունվարի 3-ին զանգեցին, ասացին, որ համընկնում է, ձեր տղայի մարմինն է, եկեք, տարեք: Եվ այդպես կասկածելով, կասկածը մեր սրտում, բերեցինք, հուղարկավորեցինք մեր ընտանեկան գերեզմանատանը, Սիլիկյան թաղամասում»,- հիշում է Նարինեն:

Մինչ այդ Սուրենի ծնողները տարբեր միջոցներով հետաքրքրվել են իրենց որդու մասին, նրան ճանաչողներից ոչ մեկը չի ասել, որ Սուրենը զոհված է: Ասել են, թե վիրավոր է եղել, բայց  ոչ զոհված:  

«Սուրենենց հրամանատարը` Գոռ Իշխանյանը, հոկտեմբերի 9-ին գալիս է, իբր ոտքից վիրավոր է եղել, հորդորել է, որ վիրավոր ընկերներին դաշտում չթողնեն եւ փախել է: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինքը փախել է, բոլորն են այդ մասին ասում, իմ տղայի ողջ մնացած ընկերները: Եվ ցավալին այն է, որ նա մինչ օրս ազատության մեջ է, բռնեցին-թողեցին, բռնեցին-թողեցին »,- ասաց Նարինեն:

Սուրեն Եսայանին հետմահու երկու անգամ արժանացրել են պարգեւի,  ծնողները հրաժարվել են:

«Շատ վրոդվված էինք, մենք չենք ցանկացել մեդալ, թող այնպես կազմակերպեին պատերազմական  գործողությունները, որ այսքան անիմաստ զոհեր չունենայինք: Երկու անգամ զինկոմիսարիատից եկան, որ մեդալը տան, մենք հրաժարվեցինք, հիմա քանի որ ամուսնուս ընկերը` ՊՆ-ից  գնդապետ Դավիթ Գեւորգյանն է հանձնում, ընդունում ենք, գոնե հարազատ մարդու ձեռքից ենք վերցնում»,- մեզ հետ զրույցում ասաց զոհվածի մայրը:

Երբ զինկոմիսարիատից այցելել են Սուրենի ծնողներին, որ նրա   մեդալը հանձնեն, Նարինեն մի քանի հարց է ուղղել` որտե՞ղ է զոհվել իր որդին, ե՞րբ, ի՞նչ պայմաններում եւ ինչի՞ համար են պարգեւատրում: Այդ հարցերին զինկոմիսարիատից չեն կարողացել պատասխանել, ծնողներն էլ ասել են, որ եթե տեղյակ չեն, զուտ պարտականություն են կատարում, իրենց պետք չէ այդ մեդալը, ինչո՞ւ են տալիս:  

Սուրեն Եսայանի մասին նախկինում մեր գրած հոդվածները կարդացեք այստեղ և այստեղ:

Թագուհի Հակոբյան      

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest