Փորձում էր հետ բերել Ջրականում հանձնված դիրքերը, զոհվեց պատերազմի հենց առաջին օրը

360

 Արցախյան 44-օրյա պատերազմից հետո քաղաքագետ Արա Պողոսյանին հաճախ կարելի է հանդիպել Եռաբլուրում,  զոհված եղբոր`Արմանի շիրմի առջեւ խոնարհված, նրա հետ մտովի զրուցելիս:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո Արման Պողոսյանն ընտրել էր զինվորականի մասնագիտությունը:

Արա Պողոսյանի ասելով` եղբայրը դեռ մանկուց է հետաքրքրվել մարտարվեստով, զինվորականի մասնագիտությամբ: Երբ եղբայրները դաշտ են գնացել, նա հետաքրքրվել է, թե, օրինակ, ինչպես կարելի էր դիրքավորվել այս կամ այն բլուրում Ավարայրի պատերազմի ժամանակ, ինչպես կարելի էր այնտեղ պատերազմ մղել, որ զենքը ավելի լավ կաշխատեր, որը` ոչ: Եվ այն ժամանակ էլ արդեն հարազատները կասկածներ չեն ունեցել, որ նա կընտրի զինվորականի մասնագիտությունը, կդառնա գեներալ:

Երբ սկսվել է պատերազմը,  28-ամյա Արմանը հրետանավոր էր, մարտկոցի հրամանատար , ծառայում էր Ջրականի զորամասում:

Արան հիշում է, որ պատերազմից  կարճ ժամանակ առաջ եղբորը տարօրինակ ձեւով արձակուրդ էին տրամադրել. դա սեպտեմբերի  17-ին է եղել: Այդ ընթացքում էլ հրամանատարը պարբերաբար զանգեր է ստացել իր ենթականերից, որ ադրեբջանական կողմից կան կուտակումներ:

Արան պատմում է, որ ինքն էլ, եղբայրն էլ, ելնելով տարբեր վերլուծություններից, կանխատեսել են մոտալուտ պատերազմը, եւ, դեռեւս  մայիսից  փորձել են ցեմենտ ու ավտոմեքենայի անվադողեր  ուղարկել զորամաս:

«Եթե հիշում եք`այդ ժամանակ կարանտին էր, այստեղից մեքենաներ թույլ չէին տալիս, որ հասնեն Արցախ, միայն վարորդը պետք է գնար`համապատասխան թղթաբանությամբ: Ի  վերջո, մենք կարողացանք մի մեքենա ուղարկել: Արդեն արձակուրդ գալուց հետո մենք անընդհատ զանգեր էինք ստանում, որ կան կուտակումներ: Իսկ օգոստոսի վերջերին Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անցկացնում: Սեպտեմբերի 26-ին Արմանը մեկնեց Ջրական, իսկ հաջորդ օրը, երբ սկսվեց պատերազմը, նա արդեն մարտի մեջ էր մտել: Առաջին հարձակումները Ջրականի ուղղությամբ էին, եւ հենց պատերազմի առաջին օրը, ժամը 2-ի մոտ Արմանը զոհվեց: Այդ ժամանակ մենք արդեն ունեցել ենք հանձնված դիրքեր, եւ առաջին գումարտակը փորձել է հետ վերցնել այդ դիրքերը: Ըստ Արմանի ընկերոջ, որը վաշտի գումարտակի հրամանատար է, երկու դիրք վերցրած են եղել, երրորդն էլ պետք է վերցնեին, կրակն ապահովելիս է եղել եղբայրս, իսկ իր մարտկոցը (հրետանային դասակ) ամենաարդյունավետ  գործող մարտկոցն է եղել: Մյուս մարտկոցներում հրամանատարները դեռեւս արձակուրդում են եղել: Այդ ժամանակ էլ, ըստ ընկերոջ,  ադրբեջանական ԱԹՍ-ները սկսել են Արմանի ուղղությամբ գալ: Սկսում են հրթիռակոծել հենց իրենց դիրքերը: Արմանը հրամայում է, որ զորքը մտնի ապաստարան, ասում է, որ տղաներին կուղարկի, նոր ինքը կգա: Հետո փորձում է մտնել իր դիտակետ, որտեղ եղել են գաղտնի թղթեր, որպեսզի վերցնի դրանք, նոր գնա ապաստարան: Հենց որ մտնում է հրամանատարական դիտակետ, երկու հրթիռ ընկնում են այդ դիտակետի վրա, պայթում, ինչի պատճառով էլ զոհվում է»,- պատմում է Արան:

Արմանի աճյունը հաջողվել է գտնել մոտ մեկ ամիս անց` հոկտեմբերի 23-ին:  Մոտ մեկ ամիս Արմանի հարազատները նրան փնտրել են ամբողջ հանրապետությունով մեկ, այդ  թվում  նաեւ`  Արցախում: Այդ ընթացքում նրանք տարբեր լուրեր են լսել, լսել են, որ Արմանը վիրավոր է, մեկ ուրիշն ասել է, թե դա բացառված է: Այդ ընթացքում Արան կամավորագրված է եղել, որպեսզի մեկնի Արցախ: Իրեն,  սակայն,  հենց հավաքակայանից հետ են ուղարկել:

Իսկ Արմանի մահից հետո  հարազատներին են հասել նրա նոթատետրից պատառիկներ:

« 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հրամանատարական դիտակետը պարբերաբար հրթիռակոծության տակ է հայտնվել, Արմանը դեռ ամուսնացած չի եղել եւ դասակի հրամանատար էր: Իսկ հրամանատարներից մեկը, որն ի պաշտոնե պետք է գտնվեր հրամանատարական դիտակետում, ընտանիք է ունեցել: Արմանն այդ երիտասարդին հորդորում է իջնել, որ ինքը կանգնի այնտեղ նրա փոխարեն` ասելով, որ եթե հանկարծ նրա հետ, Աստված մի արասցե, մի բան պատահի, նրա երեխան կորբանա, իսկ ինքը ամուսնացած չէ: Եվ ինքն այդ տղայի փոխարեն կանգնում է դիտակետում, նրա վրա հրթիռ է ընկնում, սակայն Արմանը մի կերպ փրկվում է: Երիտասարդը  հետագայում ասում է, որ Արմանն է իր կյանքը փրկել»,-հիշում  է Արան:

Արման Պողոսյանը համոզված է եղել, որ հրամանատարը պետք է թաքցնի իր վախերը, երբ զինվորը նայի նրան, պետք է զգա, որ ինքն ամենաուժեղ մարդու հրամանատարության ներքո է, անպաշտպան չէ:

Իսկ երբ Արմանը զոհվել է, նրա կրտսեր զավակն ընդամենը  երկու ամսական էր…

Թագուհի Հակոբյան