Գորիսից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում, Կոռնիձորի դիրքում  տեղի ունեցած երեք զինծառայողների առեղծվածային սպանության գործով կալանավորված զինծառայող Ս-ին պահում են լիարժեք մեկուսացման մեջ:

Նրա տեսակցությունների վրա արգելանք է դրված: Քննիչները համարում են, որ նա բռնաբարել է իր ծառայակցին, ապա շանտաժի միջոցով դրդել է բռնաբարվածին սպանել երեք  ծառայակիցներին:

Օրերս Forrights.am-ին հայտնի դարձավ, որ անհաջող կինո հիշեցնող այս վարկածը փորձաքննությունների տվյալներով չի հաստատվել: Բայց և այնպես քննիչները շարունակում են պնդել այն:

Հիշեցնենք՝ օգոսոտսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում սպանվեցին 19-ամյա Մուրադ Մուրադյանը, Լևոն Հարությունյանը և Գոռ Սահակյանը: Բոլոր տղաները հրազենային վիրավորումներ ունեին:

Լուր տարածվեց, թե տղաները թշնամու դիվերսիայի զոհն են դարձել, որը սակայն, ՊՆ-ն հերքեց: Իսկ երեկոյան քննչական կոմիտեն իր տվյալները հայտնեց՝ որ մարտական հերթապահություն իրականացնող 19-ամյա զինծառայողը  սպանել է իր երեք ծառայակիցներին:

Քրեական գործ հարուցվեց երկու և ավելի անձանց սպանության հոդվածով /ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս/, ժամկետային զինծառայող Ս-ն կալանավորվեց:

Հաջորդ իսկ օրը մամուլում արտահոսք եղավ, թե կրակոցները  տղամարդկային արժանապատվությունը ոտնահարելու հետևանք են եղել, որ կրակողը նման ցուցմունքներ է տվել: Եւ քանի որ գործը ինտիմ, նուրբ երանգներ ստացավ, հրապարակման համար անցանկալի, անձանց չվիրավորելու դրդումով մամուլը լռեց:

Պաշտոնական վարկածը հիմնված է մեկ անձի՝  Ա-ի ցուցմունքների վրա, որն էլ ըստ պաշտոնական վարկածի, սպանել է իր ծառայակիցներին: Նրան, իբր՝  բռնաբարել, շանտաժի է ենթարկել կալանավորված իր ծառայակից Ս-ն, ապա ստիպել է կատարել դաժան սպանությունը: 

Ըստ քննիչների, դիրքում զինծառայող Ս-ի առաջարկով, սնունդ և ծխախոտ գնելու փող են հավաքել: Ա-ն  փող չի ունեցել և պարտք է արել Ս. Գ-ից 10 հազար դրամ: Մի քանի օր անց Ս.Գ-ն հայտնել  է Ա-ին, որ իր պարտքը աճել է ու արդեն կազմում է 800.000 դրամ, որից հետո էլ նրան քնած գտնելուն պես բռնաբարել է՝ սեքսուալ բնույթի  բռնի գործողություններ կատարելով: Երեք զինծառայողները մտել են սենյակ ու ակամայից տեսել են, թե ինչ է կատարվում: Առաջիկա մի քանի օրը նրանք սկսել են ծաղրել Ա-ին: Ս-ն էլ պահանջել է վերջինիցս, որ սպանի այս երեքին, հակառակ դեպքում տեղի ունեցած սեքսուալ գործողությունները պատկերող լուսանկարը կուղարկի նրա ծնողներին: Ա-ն տրվել է շանտաժի ու սպանել է ծառայակից ընկերներին: 

Կալանավորված զինծառայող Ս. Գ-ի փաստաբաններ Վահագն Բաբայանն ու Հրանտ Դավթյանը պնդում են, որ այսպես կոչված «տղամարդակային արժանապատվության ոտնահարման»՝ բռնաբարության վարկածը դատաբժշկական փորձաքննության արդյունքներով չի հաստատվում:

«Փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ Ա-ի պատմածը իրականությանը չի համապատասխանում, թե նրան Ս-ի կողմից բռնաբարելու, թե բռնաբարության նկարի գոյության մասով:  Փորձագետը տվել է, որ Ա-ի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննության կատարման պահին, վաղեմությամբ դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Ապացուցվել է, որ Ա-ն ակնհայտ սուտ ցուցմունք է տվել: Ս-ի հեռախոսի զննությամբ ապացուցվել է, որ բռնաբարության ընթացքի վերաբերյալ նկար հեռախոսի մեջ չի եղել», — ասում է փաստաբան Վահագն Բաբայանը: 

Առաջադրված մեղադրանքում Ս-ն իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ ինքը որևէ առնչություն չունի Ա-ի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքների հետ: Չկա ոչ մի ուղիղ ապացույց, որ նա բռնաբարել ու շանտաժի է ենթարկել Ա-ին:

Փաստաբանները մտավախություն ունեն, որ քննչական մարմինն անում է ամեն ինչ, հիմքեր ստեղծելու Ա-ի շուտափույթ ազատման համար: «Մենք իմացել ենք, որ նրան տանելու են հոգեբուժարան, դատահոգեբանական փորձաքննության և փորձելու են ներկայացնել, թե երեք հոգու սպանությունը նա կատարել է աֆեկտի վիճակում: Այդ դեպքում նրան սպառնում է ընդամենը  3-4 տարվա ազատազրկում», — ասում է փաստաբան Հրանտ Դավթյանը:

Forrights.am-ի հետ զրույցում նա նաև նշեց, որՍ-ի ու Ա-ի միջև առերեսում  մեկ անգամ է եղել, որի ընթացքում պաշտպանական կողմին զրկել են հարցեր տալու հնարավորությունից, իսկ երկրորդ անգամ նշանակված առերեսումից Ա-ն հրաժարվել է:

Ինչո՞ւ են այնուամենայնիվ քննիչները շարունակում համառորեն պնդել փորձաքննության արդյունքներով հերքված վարկածը: Հնարավո՞ր է, որ Կոռնիձորի դիրքում կատարվածը որևէ աղերս չունի քննիչների վարկածի հետ և մարդասպանին ուղղակի թաքցնում են: Փաստաբանները սրա պատասխանը չունեն: Նրանք ասում են, որ Ս-ն կալանքում անցկացրած կես տարվա ընթացքում անընդհատ պտտեցնում է իր գլխում քննիչների սցենարը և ավելի ու ավելի է համոզվում, որ Ա-ն ընդունակ չէր սպանելու իր երեք ընկերներին:

«Նախաքննության մարմինը հակաօրինական վարք է դրսևորում: Վկաներ կան, որոնց դեմ քրեական գործեր են հարուցված և նրանց նկատմամբ քննիչները ճնշում են գործադրում», — ասում է Ս-ի փաստաբաններից Հրանտ Դավթյանը: Իսկ տղայի հայրը վստահեցնում է, որ Ս-ն պարզապես ընդունակ չէր նման քայլի: «Նա կրթված, դաստիարակված տղա է: Իմ որդին երբեք չէր կարող նման արարք թույլ տալ: Դա անհավանական է ոչ միայն ինձ, այլև նրան ճանաչող ցանկացածի համար:

Սպանվածներից Գոռին ես անձամբ էի ճանաչում: Նրանք որդուս հետ լավ ընկերներ էին: Ինչպես կարող էր որդիս իր ընկերոջը սպանելու հրահանգ տալ», — ասում է Ս-ի հայրը: Նա նաև պատմում է, որ դեպքի օրը որդին իրեն զանգել է գիշերով, ասել է, որ դիվերսիա է կատարվել ու անջատել է հեռախոսը: Դա նրա վերջին զրույցն է եղել որդու հետ:

Մի քանի ժամից երեք զինծառայողների մահվան մասին լսելով,  նա մեկնել է որդու զորամաս, սակայն նրան թույլ չեն տվել տեսակցել Ս-ի  հետ: «Ես տղայիս մինչև հիմա նորմալ չեմ տեսել, հետը չեմ խոսել: Մի անգամ քննիչի ներկայությամբ եմ տեսել, բայց նա ինքն իր նման չէր», — ասում է հայրը:  Նա համոզված է, որ իր որդին գտնվում է ճնշման ներքո:

«ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանը ոչ միայն դաժան վերաբերմունք է դրսևորում մեղադրյալ Ս-ի  նկատմամբ: Արդեն 4 ամիս է քննիչի որոշումով ամբողջությամբ սահմանափակվել է մեղադրյալ Ս-ի  կապը արտաքին աշխարհի հետ և այդ կապակցությամբ պաշտպանության կողմը խնդրել է մասնակի վերացնել սահմանափակումը և թույլատրել մեղադրյալի տեսակցությունը ծնողների հետ, սակայն առանց հիմնավոր պատճառաբանության մերժվել է», — ասում է Ս-ի փաստաբան Վահագն Բաբայանը:

Փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին և գլխավոր դատախազություն, փաստելով իրենց պաշտպանյալի իրավունքների բազում խախտումներ:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest