«Լրագրողների աշխատանքը խորհրդարանում սահմանափակվելու է»․«Լրագրողների դեմ բռնության 4 հաղորդում ենք ներկայացրել»․«Լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել պաշտոնյաների այցը «Եռաբլուր»․ «Նոր Ազգային ժողովում լրագրողների աշխատանքը սահմանափակված է»․- 2021 թվականին նման վերնագրերով հոդվածների հանդիպելը մամուլում դարձավ հաճախակի։ 

«Բավականին լարված և բարդ տարի էր լրագրողների համար։ Այս տարի մենք արձանագրեցին ֆիզիկական բռնության բավականին շատ դեպքեր, հատկապես երբ բողոք-ակցիաներն էին տեղի ունենում Երևանում»,- Forrights.am-ի հետ զրույցում նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս բռնություններն ու տարատեսակ ճնշումները պայմանավորված էին, իհարկե, ԶԼՄ-ների բևեռվածությամբ, երբ ճնշող մեծամասնությունը ավելի շատ սպասարկում է քաղաքական շահը, քան հանրային շահը։ Արդյունքում,  տարբեր ճամբարների քաղաքական գործիչները, նրանց համակիրները, տեսնելով մեկ այլ ընդդիմախոս ճամբարի լրագրողին, կա’մ զգուշավորություն են ցուցաբերում, կա’մ ագրեսիվություն։  

«Մենք ֆիքսել ենք դեպքեր, երբ ցուցարարների կարծիքով իշխանամետ մամուլի ներկայացուցիչն է բռնության ու հետապնդումների ենթարկվել, և հակառակը, իշխանության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ բռնության, վիրավորանքների և հայհոյախոսության է արժանացել ընդդիմադիր ճամբարի լրատվամիջոցի ներկայացուցիչը»։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» հրապարակած զեկույցի համաձայն՝ առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8 դեպք։ 

Դրանցից աննախադեպ է համարվում հատկապես մարտի 18-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի բռնությունը լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։ 

Միջադեպից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դատապարտել է Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելը՝ նշելով, որ ցավագին է տանում փաստը, որ անձամբ ինքը ևս չի կարողացել իրեն տիրապետել։ 

«Հասկանում եմ՝ թե սադրանքները, թե լարված իրավիճակը իրենց ազդեցությունն են ունենում, բայց, այնուամենայնիվ, ոչ մեկ իրավունք չունի բռնություն գործադրել և նման ագրեսիվ գործունեությամբ հանդես գալ»։ 

Դեպքից ամիսներ անց քննչական ծառայությունը, հանցակազմի բացակայության հիմքով կարճել է Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։ 

Ըստ Աշոտ Մելիքյանի՝  աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան, երբ նախարարն ապտակեց լրագրողին, ինչն էլ առիթ հանդիսացավ  հրաժարական տալու, ականատես եղանք՝ ինչպես էին պատգամավորները միկրոֆոններ ու հեռախոս խլում լրագրողներից։ 

«Բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, պետք է նշել, որ լինում են դեպքեր, երբ լրագրողներն են իրենց գործողություններով խախտում լրագրողական էթիկային նորմերը և առիթ տալիս, որ քաղաքական գործիչները, այլ հայտնի մարդիկ իրենց հերթին նույնպես խախտեն։ Դրանով ես ամենևին չեմ արդարացնում այն քաղաքական գործիչների կամ պետական պաշտոնյաների բիրտ գործողությունները կամ պաշտոնյային ոչ հարիր պահվածքը, բայց կարծում եմ, որ լրագրողներն էլ իրենց հերթին պետք է մնան իրենց բարձրության վրա և հարգեն իրենց իսկ մասնագիտությունը, շատ ավելի պարկեշտ և մասնագիտական էթիկային հարիր գործելաոճ որդեգրեն»։

Ապրիլ-հունիս ամիսներին ավելացել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների  կողմից ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը։  Ըստ ԽԱՊԿ-ի երկրորդ եռամսյակի զեկույցի՝ նախորդ եռամսյակի 8-ի դիմաց՝ գրանցվել է 21 այդպիսի դեպք։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ 2021 թվականի ամառը զանգվածային լրատվամիջոցների գործունեության համար բավականին լարված ու ծանր էր։ Ե՛վ ընտրության օրը, և՛ նախընտրական ու հետընտրական շրջանում եղել են ինչպես ֆիզիկական բռնության,  այնպես էլ մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքեր։ Նման դեպքերը հատկապես շատ էին օգոստոս ամսին։ 

Օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը տեղի ունեցավ՝ լրագրողների համար որոշակի սահմանափակումներով։ 

ՀՀ ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին որոշման մեջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փոփոխություններ ու լրացումներ է կատարել, ըստ որի՝ սահմանափակումներ են մցվել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ։ Համաձայն որոշման՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը պետք է իրականացնեն  ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ օթյակում, նիստերի դահլիճի նախասրահում, իսկ առանձնացված հատուկ տեղերից այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությամբ: Միաժամանակ արգելվեց իրականացնել լրագրողնական գործունեություն հատուկ վերահսկելի գոտիներում։

 «Կատարվող միջոցառումների պատճառներն անվտանգային են: Խոսքը կոնկրետ լրագրողների մասին չէ, կոնկրետ անձանց մասին չէ: Գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է»,-Ալեն Սիմոյանը լրագրողներին նման կերպ է բացատրել փոփոխության պատճառը։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը գտնում է, որ չի կարելի մեկ-երկու լրագրողի պահվածքով պայմանավորել  այդպիսի սահմանափակումները ամբողջ հանրության և մասնավորապես խորհրդարանում հավատարմագրված լրագրողների և օպերատորների նկատմամբ։ «Եվ գործընթացային առումով նույնպես շատ տարակուսելի էր այն, որ նախօրոք չտեղեկացված լրագրողներրը գնում էին աշխատանքի, ինչպես որ սովորաբար անում էին, բայց հանկարծ նկատեցին այդ սահմանափակուները, այդպիսի քայլերի դիմելու համար և՛ նախնական քննարկումներ են պետք, և՛ փոխհամաձայնեցում,  եթե, իհարկե, իշխանությունները հարգում են լրագրողական հանրությանը, ապա նրանք պետք է նախօրոք խոսեին և փոխհամաձայնության գային։  Իսկ այստեղ ուղղակի ստիպողաբար խորհրդարանը որոշեց այդ սահմանափակումները կիրառել, ինչը մեր կողմից շատ սուր քննադատության արժանացավ»։

Այսպիսով, այս փոփոխությունից հետո օգոստոսի 11-ին ԱԺ նիստի ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հրամայել է դադարեցնել ուղիղ եթերի հեռարձակումը։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հայտվել են լրագրողների համար նախատեսված օթյակում, և բռնի ուժող դուրս հանել նրանց՝ արգելելով տեսալուսանկարահանել։ 

Նույն պատկերին ականատես եղանք օգոստոսի 24-ի և օգոստոսի 25-ի նիստերի ժամանակ, կրկին ուժ գործադրվեց լրագրողների նկատմամբ և խոչընդոտվեց մասնագիտական գործունեություն իրականացնելը։ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբեյալ ասել է. «Ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ»։ 

«Անընդունելի եմ համարում նման իրավիճակում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը, և ես քննարկել եմ ընկերներիս հետ, և եթե էլի նման իրավիճակ լինի, մենք որևիցե ձևով չպետք է լրագրողներին այդտեղից հանենք»,- օգոստոսի 25-ի ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, և հավելեց,- «Չնայած կա կարծիք, որ ճիշտ չէ, որ որևիցե պաշտոնյայի լուսանկարը կամ տեսանյութը, որտեղ իրեն հարվածում են, կամ ինքը գետնին է ընկնում, եթեր դուրս գա»։  

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» զեկույցում նշված է, որ ազգային ժողովում տեղի ունեցած այդ միջադեպերի ընթացքում գրանցվել են 3 ֆիզիկական բռնության, 3 ճնշման և 2 տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքեր։

Այս առիթով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ 

Նշենք, որ ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան է դիմել նաև սեպտեմեբերին՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով։

Հարկ է նշել՝ թե՛ լրագրողների նկատմամբ բռնության, և՛ թե լրագրողների աշխատանքային գործունեության խոչընդոտման դեպքերից հետո լրագրողական տարբեր կազմակերպություններ դատապարտող հայտարարություններ են տարածել՝ քննադատելով նման վերաբերմունքն ու պահանջելով Ազգային ժողովից վերացնել լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները, հրավիրել քննարկումներ և այլն։  Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ հայտարարությունները պրակտիկ արդյունք են տվել․

«Օրինակ՝ խորհրարանում երբ այդ սահմանափակումները կիրառվեցին, հետո, երբ լրագրողների նկատմամբ ճնշումներ, բռնությունենր տեղի ունեցան, մեր վերջին երեք հայտարարություններն այդ թեմայով տպագրեցի, և ուղեկցող նամակով ուղարկեցի ԱԺ նախագահին, որից մի քանի օր հետո նրա կողմից մենք հրավեր ստացանք․ հրավիրեց հանդիպման և այդ խնդիների քննարկման, և մենք ևս մեկ անգամ ներկայացրեցինք այդ փաստարկները և համարեցինք անընդունելի, հավաստիացումներ ստացանք, որ գոնե այդ սահմանափակումների լույսի ներքո, այնուամենայնիվ, լրագրողներն իրենց մամուլի սրահից այլևս չեն հեռացվի, ինչ էլ որ տեղի ունենա ԱԺ նիստերի դահլիճում։ Նրանց պետք է թույլ տան որ լրագրողները և՛ ծեծկռտուքը լուսաբանեն, և՛ որոշումներ և օրենքներ ընդունելու գործընթացը, և որևէ մեկը անվտանգության աշխատակիցներից չպիտի իրավունք ունենա մտնել այդ սրահ և պարտադրել, որ լրագրողները դուրս գան, այս մասով պայմանավորվածությունները կարծես թե իրագործվում են, բայց տեղաշարժման առումով սահմանափակումները չփոխվեցին»։ 

Լրագրողների նկատմամբ անարգանքի մեկ այլ դրսևորում էր դեկտեմբերին ԱԺ-ի միջանցքից ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված աթոռների դուրս բերումը։ Խնդիրն այն էր, որ օպերատորները նստած են եղել և հեռախոսով են տարվել, և չեն նկատել, որ Ալեն Սիմոյանն է անցել, ինչն էլ վերջինիս դուր չի եկել. 

«Ալեն Սիմոնյանի պատճառաբանությունը հետեւյալն էր՝ երբ օպերատորները կամ լրագրողներըպատգամավորի են տեսնում, պետք է ոտքի կանգնեն: Նրա մեկնաբանությամբ՝ այդպես պետք է հարգենքինստիտուտը: Որպես օրինակ, նա նշեց, թե՝ բա որ ասենք Կիպրոսի նախագահի հետ անցնեի այդ միջանցքով…»

Այսպիսով, հաշվի առնելով լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի աճը 2021 թվականին, ինչպես նաև լրագրողական աշխատանքի խոչընդոտումը՝ և’ տեղաշարժի սահմանափակման, և’ տեղեկատվություն ստանալու առումով, կարող ենք արձանագրել, որ այն, ինչ կատարվեց «ժողովրդավարական» Հայաստանի մեդիա դաշտում 2021 թվականին, ժողովրդավարության հետ կապ չուներ, ուստի, սա հետընթաց էր ժողովրդավարությունից։

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest