«Տղայիս զոհվելուց հետո ասում էի՝ գոնե իմ երեխայից հետո չշարունակվի, բայց շարունակվեց… Հողերը տվեց, երեխեքն էլ զոհվեցին»

263

Խաչիկ գյուղից բանակ զորակոչվածչ Թաթուլ Աբրահամյանը Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող էր, երբ սկսվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմը:

Որպես սահմանապահ գյուղի բնակիչ, նա խորությամբ էր հասկանում՝ ինչ ասել է հայրենի սահմանների պաշտպանություն։ Հաճախ ասում էր՝  բանակից վերադառնա, շարունակելու է ապրել Խաչիկում, երբեք չի հեռանա հարազատ գյուղից։

Նա երազում էր երաժիշտ դառնալ․ ստեղնաշարային գործիքներ էր նվագում և ազգային երգեր երգում։ Արդեն պլանավորել էր՝ երբ բանակից վերադառնա, Կոմիտասի անվան կոնսերվատորիա է ընդունվելու, իսկ ուսումն ավարտելուց հետո  երաժշտական գործիքներ է գնելու ու Խաչիկում  երաժշտական խմբակ է բացելու  սահմանապահ փոքրիկների համար։ Ցավոք, Թաթուլի երազանքներն անկատար մնացին․․․

Պատերազմի օրերին տանկիստ, մեխանիկ Թաթուլը եղել է թեժ մարտերի բովում։ Նա բանակ էր զորակոչվել 2019 թվականին․ վեց ամիս ծառայել էր ՀՀ ՊՆ Արմավիրի զորամասում,  այնուհետև տեղափոխվել Արցախ՝ Վարանդա։ Պատերազմի օրերին սկզբում  կռվել է Վարանդայում, այնուհետև հոկտեմբերի սկզբին տեղափոխվել է Ջրական։

«Ջրականում մարտի թեժ  օրերին Թաթուլի ոտքը վիրավոր է եղել, բայց նա  համառել է, բարձրացել  է, նստել տանկի մեջ ու վիրավոր վիճակում  խոցել է թշնամու 6 տանկ», — ForRights.am-ին պատմում է Թաթուլի մայրը՝ Վարդ Հակոբյանը։

Դեռ պատերազմից առաջ՝ զինծառայության օրերին, տանկիստ  Թաթուլը հասցրել էր աչքի ընկնել իր կարողություններով․ բազմաթիվ պարգևներ էր ստացել։ Զորամասում բոլորը գիտեին՝ Թաթուլը տանկի լեզուն լավ է հասկանում․ նա կարողանում էր ակնթարթների ընթացքում կողմնորոշվելով՝ հաշվարկված ճշգրտությամբ խոցել թիրախը։

«Թաթուլը զոհվել է հոկտեմբերի 13-ին։ Ջրականում, երբ Թաթուլենց վաշտը պետք է ինչ-որ տեղ տեղափոխվեր, ճանապարհին թշնամին հարված է հասցրել, ու ամբողջ վաշտից՝ մոտ 100 զինվորից 15-ն է փրկվել։ Թաթուլը զոհվել է իր ընկենրենրի հետ։ Ցավոք, նրա ընկերներից ոմանց մարմինները մինչև հիմա չեն գտել», — հուզմունքը խեղդելով՝ պատմում է հերոսածին տիկին Վարդը։

Թաթուլը ո՛չ զինծառայության օրերին, ո՛չ էլ պատերազմի ամենասարսափելի պահերին երբեք  չէր գանգատվում։ Հարազատների հետ մի քանի վայրկյան խոսելու հնարավարություն ունենալու դեպքում միշտ ասել է՝ ես լավ եմ, մի՛ անհանգստացեք։ Թաթուլը հոգատար էր ու բարի, վիրավոր լինելու փաստն էլ էր ծնողներից թաքցրել, որպեսզի նրանք չանհանգստանան։

«Վերջին անգամ Թաթուլի հետ  հոկտեմբերի 11-ին եմ խոսել։ Մենք չէինք պատկերացնում, որ այնտեղ վիճակն այդքան սարսափելի է։ Ինքը մեզ ոչ մի անգամ չի ասել, որ ոտքը վիրավոր է։  Հոկտեմբերի 11-ին, երբ խոսում էինք,  ես ձայնից հասկանում էի, որ մի բան այն չէ։ Ասացի՝ Թաթո՛ւլ ջան,  ձայնդ դուրս չի գալիս, կարո՞ղ  է հիվանդ ես, ասաց․ «Չէ՛, մա՛մ, լավ  եմ։  Դե լավ, ինձ կանչում են, հետո կզանգեմ»,  ու այդպես էլ  չզանգեց․․․», — պատմում է տիկին Վարդը։

Խաչիկում Թաթուլը միակն է, որ հերոսաբար զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։ Պատերազմի օրերին էլ, Թաթուլի հերոսանալուց հետո էլ աղոթում է բոլոր զինվորների համար, ուզում է՝  ո՛չ մի մայր չզգա այն, ինչ ինքն է զգում։


«Տղայիս զոհվելուց հետո ասում էի՝ գոնե իմ երեխայից հետո չշարունակվի դա։ Պատկերացնո՞ւմ եք՝ Աստծուց ինչ եմ խնդրել․․․․ բայց նույնը շարունակվեց։  Հողերը տվեց, երեխեքն էլ  զոհվեցին․․․․ Մի ամբողջ սերունդ զոհվեց։ Եթե պիտի հողերը տար,  գոնե այսպես չաներ, գոնե թող շուտ ստորագրեր։Իսկ եթե պատերազմը չէր  կանգնեցնում, տղաներն էլ զոհվեցին հանուն հայրենիքի, այդքանից հետո  գոնե հողերը չպետք է տար:․․․», — ասում է մայրը:։

Հասմիկ Բալեյան