Ժամկետային զինծառայող Մհեր Գրիգորյանը զորացրվելուց հետո պատրաստվում էր բարձրագույն կրթություն ստանալ, վերանորոգել ծնողների տունը, գումար աշխատել քույրիկին նվերներ գնելու համար: Բայց 44-օրյա պատերազմից նա տուն չվերադարձավ:

Մհերը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից էր, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Այն ավարտելուց հետո նա դիմել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սակայն քննությունները այդպես էլ չէր հանձնել, քանի որ  այդ ժամանակ հայրն ավտովթարից վնասվածքներ էր ստացել։ Սա էր պատճառը, որ Մհերը որոշել էր մնալ մոր կողքին, աշխատել ու թեթեւացնել ընտանիքի հոգսը:

Նանար Գրիգորյանը պատմում է, որ որդուն բանակ ճանապարհելիս խնջույք էր կազմակերպել. «Մհերն ասեց` չեմ հասկանում, ինչ ես անում, ո՞ ւր ես ճանապարհում, որ էսպես սուփռա-սեղան ես գցել: Ասացի` տղա ջան, դու չես հասկանում, ես քեզ առքով- փառքով ճանապարհում եմ, որ առքով- փառքով ընդունեմ: Բայց ես այս առք-փառքը չէի ուզում: Իմ տան մեջ անգամ նշանի սեղան չբացված, բերեցին, էրեխուն փակ դրեցին իմ դեմը: Դե ծնող, ապրի: Իմ էրեխուն վերջին անգամ հուլիսի 7- ին եմ տեսել, վերջին անգամ գրկել եմ ու դա է եղել»:

Պատերազմի առաջին երեք օրը ծնողները չեն կարողացել կապվել Մհերի հետ: Երրորդ օրը գիշերը նա զանգել է տուն, ասել է, որ լավ է ու պատերազմական գործողություններին չի մասնակցում: Միայն մի քանի օր հետո են ծնողները պատահաբար իմացել, որ իրենց որդին պատերազմի հենց առաջին օրվանից առաջնագծում է:

«Հեկտեմբերի 9-ին զանգեց, շատ ուրախ էր: Ասեց` մամա, գիտե՞ ս ինչ շարասյուն ենք ոչնչացրել, հերներն անիծել ենք: Իմ մեջ էնպիսի վախ մտավ: Եւ ուրախանում էի, եւ հպարտանում էի, եւ վախենում էի: Ասում էի` էրեխեքի տեղը չանեն: Վերջին անգամ էրեխեն զանգեց ամսի 10- ին: Մամ ջան, քուրիկին լավ կնայես, իմ մի հատիկին լավ կնայես, պապային լավ կնայես… ասեցի` էս ի՞ նչ ես խոսում այ բալես, ասեց` մամ ջան, քեզ լավ կնայես, լավ մնացեք… »,- պատմում է մայրը:

Մհերը զոհվել է մեքենայի մեջ, որը զենք- զինամթերք էր տեղափոխում: Թշնամին այդ մեքենային հարվածել էր ԱԹՍ-ով: Մհերն ու նրա հետ զոհված տղաները ճանաչվել են միայն ԴՆԹ հետազոտության միջոցով: Անգամ նրանց տեղափողող մեքենան է մոխրացած եղել:

Մհերի ծնողները իրենց համար դժվար որոշում են կայացրել: Նրանք ցանկանում են Էկո-ի միջոցով երեխա ունենալ: «Հիմա այդ նախապատրաստման փուլում եմ… Աստծոն խնդրի, որ ինձ քեզ հետ տա, բալես… տունս լցվի: Դատարկ է, չորս պատի մեջ ես, ու դու, խելագարվում ես: Չգիտես էլ ինչ անես, ինչով զբաղվես, որ օրդ սպանես, օրդ մեռցնես, եթե, իհարկե, էդ օր ա: Տանջանք է, մի օրը մի դար է տեւում… »,- ասում է  Նանար Գրիգորյանը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում՝

Անի Գևորգյան

Pin It on Pinterest