ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին: ՍԴ համապատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ-ն ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի համար 65N հրամանի Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործը քննել էր ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա:

ՍԴ-ն արձանագրեց, որ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը:

Իսկ նախարարի որոշման մասով ՍԴ-ն որոշել է «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին նախադասության» «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ի, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ Covid-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների, աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ դիմած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում շեշտեց, սակայն, որ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պայմաններում դրա կանխարգելման լավագույն լուծումը պատվաստումն է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest