Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

Պարոն Ղուկասյան, Տասը հայ գերի է Ադրբեջանից վերադարձվել Հայաստան՝ Եվրամիության միջնորդությամբ: Նրանք գերեվարվել են նոյեմբերի 16-ին տեղի ունեցած արյունալի մարտական գործողությունների ընթացքում: Սակայն, գերիների վերադարձի դիմաց Հայաստանն Ադրբեջանին է վերադարձել ականազերծման մնացած բոլոր քարտեզները, այս մասին հայտնել է նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառ Միշելը: Ստացվում է՝ հայկական կողմից Ադրբեջանն այլևս կախում չունի: Ինչպե՞ս են վերադարձնելու գերության մեջ գտնվող մյուս անձանց: Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։

-Այդ հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ինքն է զբաղվում գերիների հարցով: Ինչպես է ինքը մտադիր այս խնդրրին լուծում տալ, այս մեկ տարվա ընթացքում մենք այդպես էլ բանաձևը չհասկացանք:

Ես կարծում եմ, որ դիվանագիտական մեծ պարտություն է՝ մեկ տարվա ընթացքում  գերիների հարցին լուծում չտալը և առահասարակ, ի թիվս այլ հարցերի, սա վկայում է, թե որքանով է թույլ այսօրվա կառավարության դիքերը միջազգային ասպարեզում: Ոչ ոք Ադրբեջանին չդատապարտեց Արցախի դեմ իրականացրած ագրեսիայի համար և տեսնում ենք, որ հայ գերիների հարցը շարունակում է մնալ օրակարգում: Այս տարվա ընթացքում էլ տասնյակ նոր գերիներ հայտնվեցին Ադրբեջանի ձեռքում, այս ամենը ակնհայտ տապալումներն են այս կառավարության: Այլ մեկնաբանություն չի կարող լինել, անզոր է կառավարությունն այս խնդիրը լուծել:

Կա տեղեկություն, որ հայակական կողմը Իշխանասարի հավտավածում ադրբեջանական երկու զինծառայող է գերեվարել: Հնարավո՞ր է՝ առաջնագծում իրավիճակը կրկին լարվի:

-Իսկ ինչու չպետք է լարվի, ի՞նչ արգելանքեր կան դրա համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է ընդամենը եռակողմ հայտարարություն ռազմական գործողությունների դադարեցման մասին, չկա երկկողմանի որևէ փաստաթուղ, որով կողմերը պետք է հրադադարը պահպանեն, չկա բուֆերային գոտի, չկա Զինված ուժերի բաժանման գործընթաց: Պատերազմի սպառնալիքն առկա է այնքանով, որքանով 2020 թվականի նոյեմբերի 10-ից առաջ էր:  Ցանկացած պահի կարող է պատերազմը վերսկսվել, սա կախված է Ադրբեջանի ցանկությունից:

Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եվրոպական կողմը սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացներում ներկայացվածություն կունենա՝ փորձագետների մակարդակով: Սա դրակա՞ն է, թե՞՝ ոչ:

Սա ո՛չ դրական է, ո՛չ՝ բացասական: ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի փորձը կարող է օգտակար լինել, բայց եթե չկան խաղաղության, հակամարտության մասին պայմանագրեր, չկան դիվանագիտական հարաբերություններ ի՞նչ դելիմիտացա, դեմարկացիա կարող է լինել սահմանին կամ կամունիկացիաների բացում: Սրանք դատարկ խոսակցություններ են: Գուցե ինչ-որ հանձնաժողովներ ստեղծվեն, աշխատանքեր տարվեն, բայց դելիմիտացիայի վերաբերյալ որևէ միջազգային փաստաթուղթ կնքելու համար կողմերը պետք է դադարեցնեն հակամարտությունը: Պետք է լինի հակամարտության դադարեցման մասին պայմանագիր, որը կարող է կնքվել միայն ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո: Այն քաղաքականությունը, որը վարում է ՀՀ-ն, որն ուղղված է շրջանցել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո այդ պայմանագրի կնքումը, բերում է այս իրավիճակին:

Նախորդ շաբաթվասկզբին հայտարարվեց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար բանագնացիների նշանակման անհրաժեշտության մասին, իսկ շաբաթվավերջին հայտնի դարձավ, որ Երևանը ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այս ընտրությունն ինչպե՞ս եք մեկնաբանում:

Ռուբեն Ռուբինյանը շատ թույլ մասնագետ է, որպեսզի այդպիսի լուրջ հարցում ներկայացնի Հայաստանը: Հասկանալի է, որ կադրային պակասի պարագայում, իսկ այս կառավարությունն ունի այդպիսի պակաս, ուրիշ նշանակում, երևի չէր կարող լինել: Մնացած կադրերը, որոնք կան ավելի վատն են, քան Ռուբեն Ռուբինյանը: Վատագույնի և ավելի վատագույնի միջև է ընտրություն կատարվել:

Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Վերջինիս դիվանագիտական փորձն անգամ մեծ է Ռուբինյանի տարիքից: Ինչ արդյունքեր սպասել նրանց հանդիպումներից:

Հետևաբար ոչ մի բան կարելի է չսպասել, որովհետև նայեք, թե ով է Հայաստանի ներկայացուցիչը և եզրակացություն արեք, թե ինչ արդյունքի կարելի է հասնել: Զրո կարողություն ունեցող դիվանագիտական ներուժ ունեցող երկիրը և համապատասխան ներկայացուցիչները զրո արդյունքի կհասնեն:

Իշխանության արտաքաին քաղաքականության թևի ներկայացուցիչները նշում են, որ սա Հայաստանի համար դրական գործընթաց է, նույնը նաև Թուրքիայի մասով են նշում: Հայ-թուրքական այս շփումները ինսկապես դրական են:

Այդ շփումները ոչ մի բան չեն տալու: Սա գործընթաց է, որի իրականացումն ԱՄՆ-ի պահանջն է՝ Թուրքիայի նկատմամաբ, Ռուսաստանն էլ շահագրգռված է, որ ռուսական երկաթուղին աշխատի Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապ ստեղծելով: Այսպիսի պայմաններում Հայաստանը պարզապես կատարում է արտաքին նախաձեռնություններից բխող անհրաժեշտ քայլերը: ՀՀ-ն չունի քաղաքականություն Թուրքիայի նկատմամաբ: Ակնկալել, որ ՀՀ-ն՝ այսօրվա կառավարությունն, ի վիճակի է Թուրքիայի հետ հայ-թուրքական օրակարգով հարցեր քննարկել, հարցեր առաջ քաշել, սա չափազանց անհավանական բան է:

Սա սահմանների բացման գործընթացի մեկնարկ կարո՞ղ ենք համարել:

Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ստիպված կլինի դա անել, իսկ Թուրքիային կստիպի ԱՄՆ-ն: Այժմ ստիպում է, որ այդ ուղղությամբ քայլեր անեն, դրա համար էլ Թուրքիան ինչ-որ գործողություններ է անում, բայց հետաքրքրություն այդ ուղղությամբ Թուրքիան չունի և ես կարծում եմ, որ այդ գործընթացը հնարավորինս երկար կձգվի:

Պարոն Ղուկասյան, վերջում ներպետական մեկ հարց. Աշխատանքից ազատվել է  ԳՇ պետի կալանավորված տեղակալ Ստեփան Գակաստայնը: Նա անցնում է անորակ հռթիրների հայտնի գործով, որով անցնում է նաև Դավիթ Տոնոյանը: Սա նշանակում է արդո՞ք բարձրաստիճան զինվորականներին պատասխանատվության ենթարկելու գորխընթացի մեկնարկ: 

Որևէ լուրջ քննություն 44-օրյա պատերազմում մեր պարտության, պատասխանատուներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու մասով բան չի արվում: Այդ հրթիռների շուրջ աղմուկը նրա համար է, որ ինչ-որ մեկին քավության նոխազ ընտրեն, որ պատասխան տա, բայց սա ինչ-որ էական առաջընթաց չի: Մեր բանակը պատերազմից հետո որևէ լուրջ բարելավում չապրեց, ընդհակառակը տեսանք, որ ադրբեջանցիները որտեղ ուզեցին մեր զինվորներին գերեվարեցին, որքան դիրքեր ուզեցին՝ վերցրեցին, իրենց մարտական խնդիրները կատարեցին, իսկ այդ առումով որևէ դրական փոփոխություն, որով հայկական բանակը փայլեր՝ չի եղել: Այն մթնոլորտը, որը կար պատերազմից առաջ, ընթացքում՝ անպատասխանատվության վիճակը շարունակում է պահպանվել, քանի դեռ քաղաքական կամք չկա պատերազմի պատճառները բացահայտել և հետևություններ անել: Չափազանց միամիտ ակնկալիք կլինի, եթե այսօր խորհրդարանում գտնվող ուժերից, որոնք մեղավոր են պարտության համար, ակնկալել բացահայտում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest