Երեք դուստր, ինը թոռ ունեցող Մյասնիկ Գեւորգյանը 44- օրյա պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվել եւ մեկնել էր Մատաղիս: Նա ցանկանում էր լինել առողջական խնդիրներ ունեցող թոռան կողքին:

61- ամյա կամավորը մահացել է հոկտեմբերի 22- ին` քսաներկու օր հիվանդանոցում ծանր վիճակում գտնվելուց հետո: Նրա թոռը` Արտակ Շեկոյանը ժամկետային զինծառայող էր,  ծառայում էր Մատաղիսում եւ ընդամենը տասը օր առաջ էր հիվանդանոցից վերադարձել ծառայության: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ նա ծառայության ընթացքում ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով ոտքերի շրջանում լուրջ վնասվածքներ էր ստացել: Որոշ ժամանակ հոսպիտալում բուժում ստանալուց հետո, նրան վերադարձրել էին ծառայության: Այդ է պատճառը, որ Մյասնիկը չափազանց շատ էր անհանգստանում թոռան համար եւ ցանկանում էր լինել նրա կողքին:

Թեեւ պատերազմի ընթացքում պապ ու թոռ եղել են Մատաղիսում, սակայն նրանք այդպես էլ չեն հանդիպել: «Մենք զանգում էինք Մյասնիկին, չէր պատասխանում: Զանգեցինք, մեկ էլ վերցրեց հեռախոսը, ձայնից զգացինք, որ ինչ-որ բան է եղել, ասեց` պատերազմի դաշտում ամեն ինչ էլ պատահում է, ասեց` ոտքս է, տանում են օսկոլկեն հանեն: Մի քիչ հետո զանգեցինք, ձայնից զգացինք, որ ոտքը չի, լուրջ բան է… Ողնաշարն էր կոտրել: Օսկոլկեն յոթերորդ ողից մտել էր, եկել, պարանոցի մոտ մնացել: Բժիշկները հույս չտվեցին: 22 օր ապրեց ինքը»,- պատմում է կամավորի կինը`տիկին Ալիսան:

Այս ընթացքում կորել է կապը թոռան` Արտակի հետ: Միայն հոկտեմբերի 29- ին նրանից լուր է եկել, նա զանգել է ու հարցրել է, թե որ հիվանդանոցում է պապը, ասել է` արդեն կարող է վերադառնալ Երեւան ու անմիջապես ացելել նրան: Մի քանի ժամ անց, սակայն, զանգահարել է, ասել, որ տեղափոխվել է Երեւան` Իզմիրլյան հիվանդանոց` թեւերի շրջանում բեկորային վնասվածքներով: Պապու մահվան լուրը նրան հաղորդել են հարազատները` այցելելով նրան հիվանդանոցում:

«Երբ բուժվեց, նորից տարան ծառայության: Արարատում, Լեննականում, վերջում էլ Կապանում: Ծառայեց վերջացրեց: Բուժվեց: Թեւերի օսկոլկեքը հանեցին, ոտքերինը դեռ մինչեւ հիմա հանում են: Բայց ասում ա` ես ինձ մեղավոր եմ զգում, որ իմ պապը իմ համար զոհվեց: Ասում եմ` ոչինչ, քո պապը քո համար էր գնացել: Նրա կյանքը գնաց, քոնը փրկվեց»,- պատմում է տիկին Ալիսան:

Նրա խոսքով, ինքը մինչ օրս սարսափով է հիշում պատերազմի օրերին հիվանդանոցում իր տեսածները. «Երբ մտնում էի սենյակ, ասում էի` վայ, Մյասնիկ, էս էրեխեքի տարիքը տեսնում եմ, քեզ մոռանում եմ: Մեղք են, գոնե մենք մեր կյանքը ապրել ենք: Անտանելի էր: Վազելով մտնում էի սենյակ, ասում էր` հը ՞, էլի բերեցին: Այնքան վատ վիճակում էին բերում էրեխեքին»:

Ամուսնուն կորցրած կնոջ մտքում տպավորել էր մի դեպք, երբ գյումրեցի մի կին լաց էր լինում իր վիրավոր որդու համար, ում պետք է տանեին վիրահատության, սակայն նա չգիտեր, որ իր երկրորդ որդին զոհվել է. «Մենք գիտեինք, բայց իրան չէինք ասում… հետո բժիշկը այդ կնոջը ասեց` գնա տուն, քեզ տանը սպասող կա»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest