Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Մամիկոն Ասլանյանը Վանաձորի ավագանու ընտրություններում զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։ Վանաձորի ավագանին դեռևս քաղաքապետ չի ընտրել, ավագանու նիստը պետք է տեղի ունենար վաղը՝ դեկտեմբերի 17-ին։

Մամիկոն Ասլանյանի թիմը հայտարարելհ է, որ քրեական հետապնդումը  բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակ է հետապնդում։։

Ասլանյանի ձերբակալմանը անդրադարձել իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ձերբակալումը համընկնում է քաղաքապետի ընտրությանը նախորդող մի քանի օրվա հետ, ինչը բացարձակապես պատահական համարել ինքը  չի կարող։

<Եթե Ասլանյանի կողմից այդ  գործողությունները կատարվել են ենթադրենք մինչև 2018թ, ապա, ինչու չի քրեական գործ հարուցվել ասենք հենց 2018թ հեղափոխությունից հետո, կամ լավ ասենք, 2019թ, 2020թ կամ 2021թ․-ի առաջին կեսին։ Քննարկման առարկա չեմ դարձնում հարցը, թե նշված արարքները Մամիկոն Ասլանյանը կատարել է, թե ոչ, դա անմիջականորեն պետք է պարզի քննչական մարմինը։  Այս ամբողջ շարադրանքը հիմք է տալիս պնդելու, որ նույնիսկ հիմնավոր քրեական հետապնդման դեպքում անգամ, տեղի ունեցածն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ>,- գրել է Սաքունցը։

< Ասլանյան> դաշինքի անդամ Խաչատուր  Քոքոբելյանը հայտարարել է, որ իր կարծիքով ոչ թե Ասլանյանին ձերբակալել են, այլ նա գերի է։

<Սա միայն քաղաքական է և կարիք էլ չկա ապացուցելու, որ իրավական որևէ հիմք չկար։ Իշխանություններին կոչ եմ անում չհարձակվել ՏԻՄ համակարգի վրա և փշուր-փշուր անել այն, քանի որ դա կայացած համակարգ էր։  Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին և վերջ տալ հաղթած թիմի նկատմամբ իրականացվող քաղաքական և ուժային տեռորին, այլապես այս իշխանությունը ևս մեկ ավելորդ անգամ կարձանագրի ժողովրդավարության հետ որևէ աղերս չունենալու փաստը»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest