Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն Իտալիայում  հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպման սկզբում Նախարարը  շնորհակալություն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զինված ընդհարումները դադարեցնելուն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերացման, ինչպես նաև ռազմագերիներին վերադարձնելուն ուղղված Եվրոպայի խորհրդի և մասնավորապես վերջինիս անձնական ջանքերի համար: 

Նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին համապարփակ կերպով ներկայացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, գերիներին վերադարձնելուց հրաժարվելը, ինչպես նաև փոխանցել նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և հայրենադարձված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, արտադատական սպանությունների և ապօրինի դատավարությունների վերաբերյալ մանրամասները: Կարեն Անդրեասյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին խնդրել է շարունակել գործարկել ԵԽ շրջանակներում առկա բոլոր կառուցակարգերը հայ գերիներին անհապաղ հայրենիք վերադարաձնելու համար: 

Հանդիպման ավարտին Նախարարը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել նաև արդարադատության ոլորտի լայնածավալ բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները: 

Համաժողովի շրջանակներում Նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ անդամ երկրների իր գործընկերների հետ: Իռլանդիայի արդարադատության վարչության պետական նախարար Ջեյմս Բրաունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական քաղաքականության մշակման ոլորտում Իռլանդիայի առաջատար փորձառությունը և ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների շրջանակներում հետագա համագործակցության խորացման հնարավորությունները: 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին: 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest