Աբովյանցի պարուսույց,  լուսանկարիչ, լրագրող Հարություն Ստեփանյանը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ  «Մեծն Տիգրան » ջոկատի հետ      կամավոր մեկնել է ռազմաճակատ:

Մինչ այդ նա Աբովյանում ղեկավարում էր ազգագրական պարի  «Ժայռ»  համույթը, որն իր գործունեությունը շարունակում է նաեւ Հարությունի  զոհվելուց հետո:  Հարությունը սկզբում պարել է Գագիկ Գինոսյանի ղեկավարած  «Կարին»   պարի համույթում, որից հետո էլ ստեղծել է  «Ժայռ » համույթը:  Հարությունը ժամանակին նաեւ  ազգագրական  պարի  փառատոններ է կազմակերպել:

«Երբ  պատերազմի  լուրը  լսեց, զանգեց, ասաց` երկու քնապարկ պատրաստեք, գնում եմ պատերազմ: Մենք էլ պատրաստեցինք, ինքը շտապում էր, ասաց` տղաները սպասում են, ջոկատը հավաքվել է, գնում են: Մենք էլ իջել ենք, մուտքի մոտից  ճանապարհել»,- ասաց  Հարությունի քույրը` Աիդան:     

 Աիդան հիշում է, որ եղբայրը պատերազմի ընթացքում միայն նշանաբառերով է հաղորդակցվել մերձավորների հետ, անուններ չի տվել, որպեսզի իր գտնվելու վայրի մասին  չիմանան: Հերոսը երբեք չի խոսել պատերազմի մասին, շատ զգույշ է եղել, միայն հանգստացրել է հարազատներին: Մի անգամ միայն ասել է, թե գնալու են, որ հարսանիք նկարեն, ինչից էլ նրանք եզրակացրել են, որ գնում  են կռվելու:  Հարությունը զոհվել է Տոնաշենում, 2020թ.  հոկտեմբերի 19-ին:

«Հրամանատարը եկել էր, որ ասի այդ մասին, բայց աղջկա ծնունդն էր, չասաց, հետ գնաց: Իրենք հինգ հոգով են եղել, չորսը զոհվել են, մեկը ծանր վիրավոր է եղել, հիմա ապաքինվել է »,- ասում է Աիդան:

Հարությունի  քույրը պատմում է, որ  «Մեծն Տիգրան» ջոկատը միշտ էլ պատրաստ է եղել պատերազմի,  2016թ. ապրիլյան պատերազմից հետո սպասել են, որ եթե ռազմական գործողություններ լինեն, իրենք գնան ու կռվեն: Այդ նախազգացումն ունեցել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ էին անցկացնում:  

Աիդան հիշում է նաեւ, որ Հարությունն ու իր ընկերները անտառում պատահաբար հանդիպել են նորակոչիկ երեխաների, որոնք վախեցել են, քանի որ չեն իմացել, որ իրենց դիմաց հայ է կանգնած: Հարությունը խոսել է իրենց հետ, նաեւ`պար է սովորեցրել նրանց, որպեսզի կարողանան վախը հաղթահարել: Հարությունը Հայաստանում սար ու ձոր է չափչփել, գրեթե բոլոր վայրերում եղել, տեսել լեռները, սարերն ու հուշարձանները:

Դեկտեմբերի 16-ին Աբովյանի  թիվ  8  դպրոցում Հարություն Ստեփանյանի անունով դասարան է բացվելու:

Հարությունի կինը` Սուսաննան էլ ամուսնու  լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսն  է կազմակերպել  «Նարեկացի » կենտրոնում, վաճառքից  գոյացած գումարը   փոխանցել  «Զինվորի տուն »    վերականգնողական  կենտրոն:

Իսկ Հարությունը ժամանակին թե՛ մեր երկրում, թե՛ արտերկրում մասնակցել է ցուցահանդեսների:  Անդրկովկասում ջրի պահպանության  միջազգային ցուցահանդեսի  մրցույթում  2008թ.  Հարությունի աշխատանքները գրավել են առաջին  տեղը: 2019թ. Աբովյանի տուն-թանգարանում  «Ապրիր վերելք. Արարատ»   թեմայով  ցուցահանդեսում է առաջին տեղ գրավել, տարբեր ժամանակներում նաեւ պատվոգրեր է ստացել, այդ թվում նաեւ` ապրիլմեկյան միջոցառման շրջանակներում կազմակերպված  «Ծիծաղաշարժ լուսանկար » ցուցահանդեսում:

Աիդան հիշում է, որ տարիներ առաջ  պարի խմբով Իսպանիա  միջազգային փառատոնի մեկնելիս Անկարայում  նրանք  եռագույններով  պարել են «Յարխուշտա »    : Հարությունը նաեւ Արեւմտյան Հայաստան է գնացել, այնտեղ ման է եկել եռագույնով, հայտարարել, որ ինքն իր հողի վրա իրեն լավ է զգում: Վերադառնալիս էլ Անիից նա հետը քար էր բերել:  Հիշարժան է նաեւ, որ ամեն տարի, Նժդեհի ծննդյան օրը բարձրացել են Խուստուփ: Իսկ պատերազմ մեկնելուց առաջ Հարությունը գնացել, արյուն է տվել, նոր է գնացել:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest