Աբովյանցի պարուսույց, լուսանկարիչ, լրագրող Հարություն Ստեփանյանը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Մեծն Տիգրան » ջոկատի հետ կամավոր մեկնել է ռազմաճակատ:
Մինչ այդ նա Աբովյանում ղեկավարում էր ազգագրական պարի «Ժայռ» համույթը, որն իր գործունեությունը շարունակում է նաեւ Հարությունի զոհվելուց հետո: Հարությունը սկզբում պարել է Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարին» պարի համույթում, որից հետո էլ ստեղծել է «Ժայռ » համույթը: Հարությունը ժամանակին նաեւ ազգագրական պարի փառատոններ է կազմակերպել:

«Երբ պատերազմի լուրը լսեց, զանգեց, ասաց` երկու քնապարկ պատրաստեք, գնում եմ պատերազմ: Մենք էլ պատրաստեցինք, ինքը շտապում էր, ասաց` տղաները սպասում են, ջոկատը հավաքվել է, գնում են: Մենք էլ իջել ենք, մուտքի մոտից ճանապարհել»,- ասաց Հարությունի քույրը` Աիդան:
Աիդան հիշում է, որ եղբայրը պատերազմի ընթացքում միայն նշանաբառերով է հաղորդակցվել մերձավորների հետ, անուններ չի տվել, որպեսզի իր գտնվելու վայրի մասին չիմանան: Հերոսը երբեք չի խոսել պատերազմի մասին, շատ զգույշ է եղել, միայն հանգստացրել է հարազատներին: Մի անգամ միայն ասել է, թե գնալու են, որ հարսանիք նկարեն, ինչից էլ նրանք եզրակացրել են, որ գնում են կռվելու: Հարությունը զոհվել է Տոնաշենում, 2020թ. հոկտեմբերի 19-ին:
«Հրամանատարը եկել էր, որ ասի այդ մասին, բայց աղջկա ծնունդն էր, չասաց, հետ գնաց: Իրենք հինգ հոգով են եղել, չորսը զոհվել են, մեկը ծանր վիրավոր է եղել, հիմա ապաքինվել է »,- ասում է Աիդան:
Հարությունի քույրը պատմում է, որ «Մեծն Տիգրան» ջոկատը միշտ էլ պատրաստ է եղել պատերազմի, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո սպասել են, որ եթե ռազմական գործողություններ լինեն, իրենք գնան ու կռվեն: Այդ նախազգացումն ունեցել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ էին անցկացնում:

Աիդան հիշում է նաեւ, որ Հարությունն ու իր ընկերները անտառում պատահաբար հանդիպել են նորակոչիկ երեխաների, որոնք վախեցել են, քանի որ չեն իմացել, որ իրենց դիմաց հայ է կանգնած: Հարությունը խոսել է իրենց հետ, նաեւ`պար է սովորեցրել նրանց, որպեսզի կարողանան վախը հաղթահարել: Հարությունը Հայաստանում սար ու ձոր է չափչփել, գրեթե բոլոր վայրերում եղել, տեսել լեռները, սարերն ու հուշարձանները:
Դեկտեմբերի 16-ին Աբովյանի թիվ 8 դպրոցում Հարություն Ստեփանյանի անունով դասարան է բացվելու:
Հարությունի կինը` Սուսաննան էլ ամուսնու լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսն է կազմակերպել «Նարեկացի » կենտրոնում, վաճառքից գոյացած գումարը փոխանցել «Զինվորի տուն » վերականգնողական կենտրոն:
Իսկ Հարությունը ժամանակին թե՛ մեր երկրում, թե՛ արտերկրում մասնակցել է ցուցահանդեսների: Անդրկովկասում ջրի պահպանության միջազգային ցուցահանդեսի մրցույթում 2008թ. Հարությունի աշխատանքները գրավել են առաջին տեղը: 2019թ. Աբովյանի տուն-թանգարանում «Ապրիր վերելք. Արարատ» թեմայով ցուցահանդեսում է առաջին տեղ գրավել, տարբեր ժամանակներում նաեւ պատվոգրեր է ստացել, այդ թվում նաեւ` ապրիլմեկյան միջոցառման շրջանակներում կազմակերպված «Ծիծաղաշարժ լուսանկար » ցուցահանդեսում:
Աիդան հիշում է, որ տարիներ առաջ պարի խմբով Իսպանիա միջազգային փառատոնի մեկնելիս Անկարայում նրանք եռագույններով պարել են «Յարխուշտա » : Հարությունը նաեւ Արեւմտյան Հայաստան է գնացել, այնտեղ ման է եկել եռագույնով, հայտարարել, որ ինքն իր հողի վրա իրեն լավ է զգում: Վերադառնալիս էլ Անիից նա հետը քար էր բերել: Հիշարժան է նաեւ, որ ամեն տարի, Նժդեհի ծննդյան օրը բարձրացել են Խուստուփ: Իսկ պատերազմ մեկնելուց առաջ Հարությունը գնացել, արյուն է տվել, նոր է գնացել:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: