1. Ալջիկյան Արսեն Լեւոնի- 16.12.2001-03.11.2020, Ճարտար (զոհվելու վայրն է):
2.Աշոտյան Աշոտ Արմանի -25.09.2000- 19.10.2020, Հադրութ (զոհվելու վայրն է):
3. Արտուշյան Նարեկ Արսենի- 09.07.2001-10.10.2020, Ջրական (զոհվելու վայրն է):
4. Բաղդիշյան Գեւորգ Ստեփանի – 02.09.2000-22.10.2020, Կովսական (զոհվելու վայրն է):
5. Գեւորգյան Գոռ Արմենի- 22.03.1992-06.11.2020, Շուշի (զոհվելու վայրն է):
6. Կոջոյան Մխիթար Ռազմիկի- 04.12.1998- 29.10.2020, Ներքին Հորաթաղ (զոհվելու վայրն է):
7. Մանուկյան Լեւոն Արայի- 27.12.2000- 14.10.2020, Մատաղիս (զոհվելու վայրն է):
8. Մկրտչյան Արտյոմ Տիգրանի- 19.02.2001- 07.10.2020, Ջրական (զոհվելու վայրն է):
9. Սայադյան Հրանտ Կարենի- 06.12.2000- 14.10.2020, Վարանդա (զոհվելու վայրն է):
10. Սուքիասյան Արման Արտակի- 08.01.2001-08.11.2020, Մարտակերտ (զոհվելու վայրն է):
11. Վանյան Վլադիմիր Վարդանի- 12.02.1993- 08.11.2020, Մարտունի-3 (զոհվելու վայրն է):
12. Վարդանյան Դավիթ Ռոբերտի- 06.09.2001- 18.10.2020, Կարմիր շուկա (զոհվելու վայրն է):
13. Վարդանյան Սերգեյ Խոսրովի- 14.02.1993- 10.10.2020, Մարտունի (զոհվելու վայրն է):
14. Ունուսյան Համլետ Գարիկի- 14.07.2000- 11.10.2020, Հադրութ (զոհվելու վայրն է):
Այսուհետ Երեւանի N 6 արհեստագործական պետական ուսումնարան այցելողներն ամեն օր արցախյան երկրորդ պատերազմում զոհված ուսանողներին եւ շրջանավարտներին նվիրված հուշաքարն են տեսնելու եւ նրանց համար տնկված եղեւնիները: Անուն առ անուն: Երբ են ծնվել, երբ են զոհվել եւ որտեղ: Հուշաքարի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին: Խաչքարը տեղադրվել է ուսումնարանի տնօրեն Սոնա Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ գործարար Ռուդիկ Ավդալյանի աջակցությամբ:
Եթե չլիներ պատերազմը, նրանք դառնալու էին հրուշակագործներ, խոհարարներ, ավտոփականագործներ, դերձակներ ու վարսահարդարներ:
Ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ իրենց ուսանողներից զոհվել է տասնչորս հոգի, մեկն անհետ կորած է մինչ օրս:
«Այդ տղաները երեք տարի սովորել են մեր ուսումնարանում, տարբեր արհեստներ են սովորել, ավարտելուց հետո զորակոչվել են: Նրանցից չորսը`Սերգեյը, Գոռը, Դավիթը, Վլադիմիրը, ավելի վաղ էին ավարտել ուսումնարանը, կամավոր մեկնել եւ զոհվել են: Մյուսներն ավարտելուց անմիջապես հետո են զորակոչվել, պատերազմի ժամանակ զոհվել: Նրանք հերոս տղաներ էին: Ալջիկյան Արսենը թշնամու հինգ տանկ է ոչնչացրել, Աշոտյան Աշոտը հրամանատարին օգնության հասնելու ժամանակ է զոհվել: Հերոսաբար է զոհվել նաեւ Արտուշյան Նարեկը, որի դին բավականին ուշ են գտել: Նա էլ է տանկեր ոչնչացրել: Նույնը նաեւ Մանուկյան Լեւոնի մասին կարող ենք ասել: Նրա մայրը զույգ զավակների է սպասում: Բոլոր այդ տղաները կյանքով էին լեցուն, աշխույժ էին, կենսախինդ: Նրանցից միայն մեկն էր միշտ տխուր` Արտյոմը: Նա միշտ ասում էր` ես գնալու եմ բանակ եւ հետ չեմ գալու, կտեսնեք, կռիվ է լինելու, եւ ես զոհվելու եմ: Նա այդպիսի նախազգացում ուներ եւ միշտ կռվի մասին էր խոսում »,- պատմում է Գայանե Հովհաննիսյանը:
Պատերազմից վերադարձած նրա ուսանողներն էլ տիկին Գայանեին վստահեցրել են, որ մենք հաղթում էինք, անհասկանալի մնաց, թե ինչու վերջում պարտվեցինք:
«Տղաները պատմում են, որ արդեն ԱԹՍ-ներին էլ էին վարժվել, ձայնից գիտեին, որ գալիս է, ամեն մեկը փախչում, մի տեղ թաքնվում էր, սովորել էին, թե ինչպես պետք է փրկվեն»,-ասում է Գայանե Հովհաննիսյանը:
Պատերազմից վերադարձած ուսանողներից ոմանք էլ չեն ցանկացել մասնակցել իրենց զոհված ընկերների հուշաքարի բացմանը, ասել են` ոչինչ չենք ուզում վերհիշել այդ օրերի մասին, ծանր է: Ուսումը կիսատ թողած երիտասարդներն էլ պատերազմից հետո շարունակում են սովորել ուսումնարանում:
«Աշխատում ենք պատերազմից վերադարձած մեր ուսանողներին ջերմությամբ շրջապատել, քանի որ հաճախ նրանց տեսնում ենք տխուր ու թախծոտ: Մենք աշխատում ենք այդ մասին չխոսել իրենց հետ, չհիշեցնել այդ մասին »,- ասում է փոխտնօրենը:
Միեւնույնն է` տղաները չեն խոսում պատերազմի մասին, նույնիսկ աքցանով խոսք քաշել նրանցից չես կարող:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: