Տանկիստ Ռոլանդ Արզումանյանը ծանր վիրավորում էր ստացել Շուշիի մատույցներում` 2020թ-ին նոյեմբերի 7-ին: Նրան ու այլ վիրավորներին տեղափոխող մեքենան վերջին անգամ տեսել էին բերդաքաղաք բարձրանալիս: Երեք ամիս տեւած որոնումներից հետո հայտնաբերվել է Ռոլանդի դին:

Արզումանյանը Արագածոտնի մարզի Կարին համայնքից էր: Կառատեի չեմպիոն էր, անվճար ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Բանակից հետո նախատեսում էր շարունակել ուսումը:

«Նախ Հոկտեմբերյանում էր ծառայում, հետո Խոջալուի տանկովիում… ինքը մեզ կոնկրետ ոչ մի բան չէր ասում: Ասում էր` մենք երկրորդ գիծ ենք, երրորդ գիծ ենք, նենց էր մեզ համոզել, որ ինքը կռվի մեջ չի: Մենք իմացել ենք, որ ինքը կռվի մեջ է եղել, արդեն երբ ինքը վիրավոր էր: Մենք իմացանք, որ վիրավորվել ա, բայց հետո պարզվեց, որ զոհվել է»,- պատմում է զինվորի հայրը` Վոլոդիա Արզումանյանը:

Ռոլանդին գտնելու համար նրա հարազատները ուսումնասիրել էին Շուշիի մերձակայքում պատերազմի օրերին արված ու համացանցում տարածված բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը: Արդյունքում, Anna News տելեգրամյան ալիքի «Շուշիի համար վերջին կռիվը» («Последний Бой За Шуши») տեսանյութում գտել էին Ռոլանդի տանկը:  Հավանաբար, նկարահանումն արվել էր նրա` ծանր վիրավորում ստանալուց ընդամենը րոպեներ առաջ:

Սպաների խոսքով, Ռոլանդը վիրավորվել է ԱԹՍ հարվածի հետեւանքով առաջացած բեկորներից, երբ տանկից դուրս գալիս է եղել: Վոլոդիային հայտնի է դարձել, որ որդու գումարտակի տղաները զգուշացված են եղել Շուշիում իրենց սպասող վտանգի մասին: Չնայած դրան, Ռոլանդը համաձայնել է մեկնել այնտեղ: «Ես ամսի 9- ին եմ իմացել, բայց տղաս` Արտակը, ամսի 8- ին: Նրա ընկերներն են զանգել ու ասել: Համարյա երեք ամիս ման ենք եկել: Դե մեզ ոչ մեկ չէր թողում այդ տարածք մտնել: Մեզ սկզբից ասեցին` մենք դրել ենք Ուազիկը, ուղարկել ենք հիվանդանոց: Ստեփանակերտում ամեն տեղ ստուգեցինք: Ոչ մի տեղ չկար: Մեր բարեկամության կեսը էստեղ էր ման գալիս, մենք երեք եղբայրներով, փեսայով, բարեկամներով գնացել էինք էնտեղ: Վերջում պարզվեց, որ իրանց մոտ է եղել: Բերեցինք, տվեցին… ոնց որ բոլորին: Համարյա երեք ամիս էնտեղ ենք եղել: Իրանց սպաների հետ, խոսալով, ման գալով: Ղարաբաղում մի գյուղ ու տուն չէր մնացել, որ չմտնեինք: Կոնկրետ ոչ մի բան չգիտեինք: Իրանց սպաներն էլ չգիտեին… մենակ գիտեին, որ տղաներին մեքենայով տանում էին Շուշի, որ Շուշիով արագ հասցնեն հոսպիտալ»:

Ռոլանդ Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է  Արիության մեդալով: Նա ընտանիքի չորս երեխաներից մեկն էր: Նրա ավագ եղբայրը տարիներ առաջ մահացել էր նույն տարիքում, ինչ Ռոլանդը`ծանր հիվանդության հետեւանքով:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest