2018 թվականից անազատության մեջ գտնվող  Կարեն Հովհաննիսյանի գործով այսօր հրավիրված դատական նիստը կրկին հետաձգվեց։ Հովհաննիսյանի առողջական վիճակի պատճառով կրկին հնարավոր չի եղել նրան բերել դատարան։ Արմավիր քկհ-ն չունի հարմարավետ մեքենա անվասայլակով կալանավորին դատարան տեղափոխելու համար։

Արմավիր քկհ-ն, որտեղ պահվում է կալանավորը դատարանին էր ներկայացրել տեղեկանք, որ Հովհաննիսյանը ցանկանում է ներկա գտնվել դատական նիստին, սակայն առողջական վիճաի հետ կապված, նրա տեղափոխումը դարձել է անհնար։

Առաջացել են նաև տեխնիկական խնդիրներ, հնարավոր չի եղել Հովհաննիսյանին տեղափոխել նախատեսված մեքենայով, քանի որ կալանավորը գամված է անվասայլակին։ Կալանավորին տեղափոխելու համար անհրաժեշտ է այլ մակնիշի մեքենա։ Ավելի վաղ Հովհաննիսյանին ցանկացել էին ներկայացնել դատական նիստին, սակայն ճանապարհին նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Ավելի քան մեկ տարի սկսվել է դատական գործընթացը, սակայն դատական նիստերը տևական ժամանակ է հետաձգվում են և հայտնի չէ տեխնիկական խնդիրները կլուծվեն, թե ոչ։

Դատավոր Դավիթ Բալայանը դատավարության մասնակիցներին ծանոթացրեց տեղեկանքի բովանդակությունը, ապա հայտարարեց, որ մինչև մյուս դատական նիստը կաշխատի գտնել առաջացած տեխնիկական խնդիրների լուծումը, և եթե Հովհաննիսյանի առողջական վիճակը լինի բավարար նա կբերվի դատարան։

Նիստը հետաձգվեց։

Forrights.am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը անդրադառձավ Հովհաննիսյանի առողջական խնդիրներին և վերջերս արված փորձաքննության արդյունքներին․

«Փորձաքննության արդյունքների մեջ որոշակի հանգամանքներ են նշված․ հնարավոր է ինքը ստանա դեղորայքային բուժում։ Փորձաքննության մեջ կան թերի կետեր, և դրանց հետ մենք համաձայն չենք։ Հովհաննիսյանն անվասայլակի վրա է, եղել է ժամանակ, որ նա խցում նույնիսկ չի կարողացել օգտվել զուգարանից։ Սա կենցաղային օրինակ է, բայց ցույց է տալիս, թե ինչ վիճակում է նա։ Հիմա նույն տրամաբանությամբ առաջանում է տեղափոխման խնդիրը։ Ես կարծում եմ, որ կարող էին շտապ օգնության մեքենայով տեղափոխել»։

Խաչատրյանը ընդգծեց, որ դատարանի հետ իրենք որևէ խնդիր չունեն,որովհետև դատարանը չի որոշում առողջական վիճակն ու այդ տեխնիկական հարցերը։ Խոսքը մարդու առողջական վիճակի մասին։ Խաչատրյանի խոսքով տեղեկանքը ևս մեկ անգամ վկայում էր, որ մարդը չի խուսափում ներկայանալ նիստին, այլ ուղղակի ունի առողջական խնդիրներ և բացի դա նաև տեղափոխման համար կան տեխնիկական հարցեր։

«Շատ վատ եմ վերաբերում այն հարցին, որ Հովհաննիսյանը վատառողջ է բայց շարունակում է մնալ կալանքի տակ։ Ըստ էության, մենք ունենք փաստ, որ Կարեն Հովհաննիսյանը իր ոտքով գնացել է քրեակատարողական հիմնարկ, բայց հիմա շուրջ 2 տարի գամված է անվասայլակին։ Դրա հետ կապված կա հարուցված քրեական գործ, քննություն է գնում»,- հավելեց Խաչատրյանը։

Փաստաբանի կարծիքով ստացված փորձաքննության արդյունքները թերի են և պաշտպանական կողմը պետք է դրան նույնպես անդրադառնա՝ արդյո՞ք Հովհաննիսյանը ի վիճակի է կալանքի տակ մնալ, թե ոչ։

Հիշեցնենք, որ Կարեն Հովհաննիսյանը կալանավորված է 2018 թվականից։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 167․1-րդ հոդվածով՝ առանձին դաժանությամբ սպանության եւ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Կարեն Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հովհաննիսյանը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքի»ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանին հայտնել էր, որ «Նուբարաշեն» քկհ-ում իրեն բռնության են ենթարկել, ինչից հետո նա առողջական խնդիրներ է ձեռք բերել։ Հատուկ քննչական ծառայությունը այս հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցել։ Կատարվում է քննություն։

Pin It on Pinterest