Գոհար Սեխպոսյանը հիշում է՝ ինչպես իր միակ զավակը՝ Արցախում մեծացած Տիգրան Ավագյանը, առողջական խնդիրներ ունենալով, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանից մեկնեց Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։ Հերոսի մայրն ասում է՝ Տիգրանն իրեն չհարցրեց էլ՝ գնա՞ պատերազմ, թե՞ ոչ․ չգնալ չէր կարող։

2001 թվականին, երբ Տիգրանը 10 տարեկան էր,  մոր հետ Երևանից Արցախ՝ Իշխանաձոր էր տեղափոխվել։ Տիգրանի մայրը՝ տիկին Գոհարը, Իշխանաձորի դպրոցում ֆրանսերենի ուսուցչուհի է եղել, ավելի ուշ նաև հարևան գյուղում է օտար լեզու դասավանդել։

Տիգրանն ուսանել էր Արցախի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և ռազմագիտության ֆակուլտետում։ 2018 թվականին  Երևան  էր տեղափոխվել և երկրորդ մասնագիտություն ունենալու նպատակով մագիստրոսական կրթություն էր ստանում։ Իսկ մայրը շարունակում էր դասավանդել Իշխանաձորի դպրոցում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝պատերազմի մեկնարկի մասին իմանալուց հետո, Տիգրանը դիմել էր «Մեծն Տիգրան» աշխարհազորային հրամանատարին ու հատուկ ջոկատի կազմում մեկնել Արցախ։ Տիգրանը կարող էր չմեկնել Արցախ,  բայց համառեց ու մեկնեց։

Տիգրանը  իր պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, տարիներ առաջ,  զորամասում՝  մինչև օրս չպարզված հանգամանքներում գլխի հրազենային վիրավորում էր ստացել, ապա երեք ծանր վիրահատություն տարել։ Տիգրանի մայրը պատմում է՝ որդու ճակատին մեծ սպի կար, տիտան էր տեղադրված այդ հատվածում։ Տիգրանը 40 օր կոմայի մեջ մնալուց հետո հրաշքով փրկվել էր։ Մայրն ասում է՝ այն ժամանակ հրաշքով փրկվեց, բայց ի վերջո զոհվեց հանուն հայրենիքի, գուցե, նախախնամություն էր․․․


Որդին ապրում էր հայրենիքով․ ո՛չ իր կարգավիճակը, ո՛չ հետվիրահատական խնդիրների առկայությունը  ետ չպահեցին Տիգրանին։  Բացի այդ՝ Տիգրանը մի քանի ամիս էր, ինչ ամուսնացել էր․ հրամանատարն ասել էր՝ սա քո պատերազմը չէ, Տիգրա՛ն,  մի՛ արի, բայց Տիգրանն անդրդվելի էր եղել։

Նա 2020 թվականի սեպտեմբերի 29-ին զանգել է մորն ու ասել․ «Քանաքեռի զորամասում ենք։ Ես գնում եմ Արցախ, ես չեմ կարող չլինել այն երիտասարդների կողքին, որոնք այժմ պաշտպանում են հայրենիքը»։

«Տիգրանն ասում էր՝ յուրաքանչյուր զավակ իր մոր համար ամենալավն է։ Եթե ամեն մայր չթողնի որ իր զավակը կռիվ գնա, ո՞վ է պաշտպանելու հայրենիքը։  Որդիս ասում էր՝ ոչ մեկս ոչինչ չարժենք մեր հայրենիքի առաջ։  Տիգրանն ասում էր՝ դո՛ւ ես ինձ այսպիսին դաստիարակել, և իրա՛վ, այդպես է։ Որդիս փոքր էր, երբ Անդրանիկ զորավարի աճյունը հուղարկավորեցին Եռաբլուրում։ Ես,  նրա ձեռքը բռնած, Եռաբլուր գնացի։ Հայրենասիրությունը փոքրուց Տիգրանի մեջ արմատացած էր։ Ես երբեք չեմ ասել՝ դու վիրավոր ես, մի՛ գնա պատերազմ, ասել եմ՝ ինձ մենակ մի՛ թող։ Տիգրանն էլ ասում էր՝ բա որ ես չգնամ, քեզ ո՞վ է պաշտպանելու։ Հիմա երբեմն իրեն հարց եմ տալիս՝ իսկ հիմա ինձ ո՞վ պիտի պաշտպանի․․․ », — ասում է հերոս Տիգրանի մայրը։

Տիկին Գոհարն ասում է՝  որդին համառորեն Ապրիլյան պատերազմին էլ մասնակցեց։ 

«Տիգրանը  Ապրիլյան պատերազմի օրերին էլ դիմեց «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին, որ իրեն էլ ջոկատում ներառեն, բայց  մերժում էր ստացել, քանի որ Գասպարյանը գիտեր, որ որդիս գլխի հատվածում հրազենային վիրավորում ուներ։ Տիգրանն ասել էր՝ եթե դուք ինձ ձեզ   հետ չտանեք, ես ոտքով կհասնեմ Թալիշ։ Ու որպեսզի որդիս գոնե  իր աչքի առաջ լիներ,  Ռուստամ Գասպարյանը,  Տիգրանին էլ ներառեց ջոկատում», —  պատմում է Տիգրանի մայրը՝ Գոհար Սեխպոսյանը։ 
 
44-օրյա պատերազմի ընթացքում Տիգրանը մարտնչել է Տոնաշենում, հոկտեմբերի 19-ին անմահացել է։ 

«Տիգրանը  պատերազմի օրերին գոնե մի օր հեռու չի եղել դիրքերից։ Միակ օրը  հոկտեմբերի 19-ն է եղել, որ իրեն մարտական առաջադրանքի չեն ուղարկել՝ հաշվի առնելով, որ  մեկ օրով տուն պիտի իջնի, և հենց այդ օրը բլինդաժում թշնամու ինքնաթիռի հասցրած հարվածից Տիգրանն իր 5 ընկերների հետ միասին զոհվել է։ Հինգ հերոսների  մարմինները Արցախից Երևան է տեղափոխել նրանց վաշտի հրամանատարը։ Նա ասել է՝ իր տղաների մարմինները ինքը անձամբ կհասցնի Հայաստան, որ հանկարծ ճանապարհին որևէ բան չպատահի, մարմինները ճանապարհին չկորեն․ ցավոք, նման դեպքեր էլ են եղել․․․», — պատմում է տիկին Գոհարը։

Տիգրանն այժմ հուղարկավորված է Եռաբլուրում։ Հերոսի մայրն ասում է՝ Եռաբլուր գնալիս հասկանում է՝ որքան տղաներ իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, բայց ցավոք, կորցրինք  և՛ տղաներին, և՛ հայրենիքի մի մասը։ Իշխանաձորը, որտեղ  երկար տարիներ ապրել են Տիգրանն ու իր մայրը, թշնամին զավթել է։ Տիկին Գոհարն ասում է՝ անմխիթար  ցավ է զգում, երբ գիտակցում է, որ Տիգրանը զոհվեց, Իշխանաձորի հարազատ օջախն էլ թշնամին զավթեց։

«Իմ միակ զավակին կորցրի, մնացի միայնակ։ Իմ 20 տարիների աշխատանքը ներդրել էի Իշխանաձորում գտնվող տան վրա, որը թշնամին զավթեց․․․  Ես միայն այդ հույսով եմ ապրում։ Մենք բոլորս հույս ունենք, որ մի օր կվերադառնանք Արցախ․․․», — ասում է հերոսածին տիկին Գոհարը։


Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest