44-օրյա պատերազմից մեկ տարի անց Հայաստանի կառավարությունը, որը հասցրեց այս ընթացքում օրենսդրական փոփոխություն կատարել եւ պատգամավորներին՝  բացի աշխատավարձը, 250 հազար դրամ «ձեռքի ծախսի» գումար տալ, առ այսօր չի փոխհատուցել որեւէ քաղաքացու, ում գույքը մարտական գործողությունների ընթացքում օգտագործել եւ վնասվել է: Տուժած քաղաքացիների նկատմամաբ դրսեւորած այսօրինակ անտարբերության ֆոնին երկու շաբաթ առաջ կառավարությունը որոշեց 200 հազար դոլար հատկացնել եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նոր ծառայողական մեքենա գնել:

«Իրենք կարողանում են Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա գնել, իսկ խեղճ գյուղացիների չեն կարողանում փոխհատուցում տալ: Չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանին այդ մեքենան պետք էր, թե՝ չէ, բայց այսօր ինքը իմ ընկերներին, որոնք գերի են մնացել դավաճան է համարում, բայց մեր հաշվին, իմ հաշվին, գյուղացու հաշվին, երեխա կորցրած ծնողի հաշվին  այդ թանկարժեք մեքենան է քշում: Ինչ ասեմ, ես չեմ կարողանում իմ իրավունքերը պաշտպանեմ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է Խաչատուր Մարկոսյանը:

62-ամյա Խաչատուր Մարկոսյանը մեկն է այն աղքատացած ընտանիքներից, որոնց փոխադրամիջոցները ռազմական դրության ընթացքում պետությունը վերցրել է եւ տարել ռազմաճակատ:  Արցախյան առաջին եւ երկրորդ, ինչպես նաեւ քառօրյա պատերազմների մասնակից Խաչատուր Մարկոսյանը Եղնիկների դիրքերում է եղել, երբ տարածքային զինկոմից եկել ու որոշել են վերջինիս գնած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան տանել առաջնագիծ՝ պետության կարիքների համար:

«Տարել են՝ լավ են արել, հայրենիքի համար պետք էր, բայց պետական որոշում են ընդունել, որ տարել են պետք է կամ հետ բերեն կամ փոխհատուցում տան: Հիմա որտեղ դիմում եմ՝ ինձ ոչ մեկ չի օգնում, բացի գյուղապետից: Պատերազմի դաշտից եկել եմ ասում եմ՝ ավոտն ուրա՞, ասում են՝ չկա, ման ենք գալիս որ գտնենք: Դիմել եմ մարզտերան, այստեղից դիմել են ՊՆ, այնտեղից էլ Արցախ են դիմել, բայց ասում են մեքենան չկա: Մեր վերջին հույսը լրագրողներն են, խնդրում ենք մեզ օգնեք»,- ասում է պատերազմի մասնակիցը:

Արագածոտնի մարի Օհանավան համայնքում բնակվող Մարկոսյանները վարկ են վերցրել եւ գնել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ գյուղատնտեսական աշխատանքերի համար: Մեքենան արժեքը մոտ 1,5 մլն դրամ է, մարզպետարանից ասել են փոխահատուցելու են, բայց հայտնի չէ, թե երբ:

«Որ եկել են մեքենան տանեն փող են առաջարիկել, բայց տղաս չի վերցրել, ասել է՝ հայրս պատերազում է, մեքենան տարեք՝ հայրենիքին պետք ա: Այդ մեքենան իմ տան ապրուստի միջոցն էր, այս մեքենայով գնում էինք այգիներ, խոտ էինք կրում, վառելիք էինք կրում, այդ մենքենան էր իմ տունը պահողը»,-նշում է Խաչատուր Մարկոսյանը եւ հավելում, որ տանելուց հետո անգամ թույլ տրված խախտման համար տուգանքներն են վճարել:

 «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» իրավապաշտպան կազմակերպությունը մի քանի ամիս է Հայաստանի սոցալապես ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիներից այս խնդրի վերաբերյալ ահազանգեր է ստանում: Հետպատերազմական իրավիճակում թվում է՝ այս խնդիրն այնքան էլ հրատապ լուծում չի պահանջում, բայց երբ դեպքերը մասնավորեցնում ենք, բախվում ենք ընտանիքների, որոնք զրկվել են իրենց ապրուստի միակ միջոցներից:

Այս ընթացքում Forrights.am-ի խմբագրություն են դիմել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչ Արմեն Աբգարյանը, որն ունի չորս անչափահաս երեխա եւ  հինգ անչափահաս երեխա ունեցող Շիրակի մարզի Սիզավետ համայնքի բնակիչ Սամվել Քոթանջյանը: Վերջիններս ամիսներ շարունակ կառավարության, պաշտպանության նախարարության եւ սոցապնախարարության առաջացրած քաշքշուքներից հետո ճարահատյալ դիմել էին լրատվանմիոջի օգնությանը՝ հայտնելով, որ իրենց «Կամազ» մակնիշի մեքենաները, պետությունը տարել է պատերազմի դաշտ եւ վերադարձրել որպես մետաղի ջարդոն: Արմենն ու Սամվելը նշել էին, որ այս մեքենաներով իրականացվող աշխատաքներից ստացված եկամուտներն իրենց ապրուստի միակ միջոցն է եւ այժմ կաուտակել են պարտքեր եւ  ժամկետնանց վարկեր:

Հիշեցնենք՝ ՀՀ  կառավարությունը այս տարվա մայիսին որոշում էր ընդունել, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխհատուցում տրամադրեր այն քաղաքացիներին որոնց գույքը վնասվել է կամ ոչնչացվել: 

Forrights.am-ը ՀՀ կառավարությունից պարզաբանումներ էր պահանջել այս եւ նմանօրինակ խնդիրներ ունեցող մյուս քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու առնչությամբ: Մեր գրավոր հարցումը գործադիրն ուղարկել էր Պաշտպանության նախարարություն, որտեղից, սակայն, խնդրահարույց հարցերին, մեղմ ասած, անգամ լղոզված պատասխաններ չեն փոխանցել:

Գերատեսչություններից հետաքրքրվել էինք՝ քանի քաղաքացու պետք է փոխհատուցում տրվի, որոնց շարժական գույքը ռազմական դրությամբ պայմանավորված օգտագործվել է եւ վնասվել կամ ոչնչացվել է: Այս հարցի պատասխանը ՊՆ-ն, որն աչքի է ընկնում թերի կամ մանիպուլյատիվ հաղորդագրությորններ տարածելով, համարել է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք եւ որեւէ վնաս կրած քաղաքացիների թվի մասին պատասխան չի փոխանցվել:

Անդրադառնալով մեր մյուս հարցերին՝ երբվանից է մեկնարկելու փոխհատուցման գործընթացը, եթե չի մեկնարկել, ապա ինչու՞ կամ մինչ այս պահը քանի՞ քաղաքացու է փոխհատուցում տրվել, որքա՞ն է կազմում այդ գումարը, ՊՆ-ից ուշագրավ պատասխան են փոխանցել: Պարզվում է՝ միչգերատեսչական հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրի քաղաքացիների վնասի չափը, գույքագրում իրականացնի եւ որոշի ինչքան պետք է փոխատուցել, ձեւավորվել է ընդամենը հոկտեմբերի  22-ին:

Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ իրենց դեռ որեւէ գերատեսչությունից չեն մոտեցել վնասի չափը ճշտելու համար:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest