Առողջապահության նախարարը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ չպատվաստված քաղաքացիները այսուհետ գործատուին կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական պատասխան պետք է ներկայացնեն ոչ թե 14, այլ 7 օրը մեկ անգամ։

Սերտիֆիկատը պետք է ունենա 72 ժամվա վաղեմություն։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են՝ նոր սերտիֆիկատ ներկայացնելու պարտականությունն առաջանում է այն ժամանակ, երբ լրանում է աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը՝ մինչև դեկտեմբերի 1-ը գործող կարգավորումներին համապատասխան։ Այս կարգավորումների իրականացումը վերահսկվում է ԱԱՏՄ-ի կողմից։ Տեսչական մարմնից Factor.am-ին հայտնեցին, որ իրենք ստուգայցեր իրականացնում են ամենօրյա ռեժիմով․ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 852 ստուգայց, որի արդյունքում արձանագրվել է 31 խախտում։ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը բավականին ցածր է․ դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1․352․805 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 835․816, երկրորդ դեղաչափ` 516․989: Առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներով փորձում է բարձրացնել պատվաստման տեմպը․ հունվարի 1-ից էլ նախատեսվում է հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստումը հավաստող փաստաթղթով:

«Սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Ռեստորաններում QR կոդ չպահանջելու դեպքում սանկցիաներ կկիրառվեն»,- ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Դեռ բաց են մնում մի շարք հարցեր, մասնավորապես, տեխնիկական առումով ինչպես և ով է ստուգելու QR կոդերի կամ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթղթի առկայությունը հաստատության մուտքի մոտ։ Անահիտ Ավանեսյանը երեկ նշեց, որ նախագիծն այս պահին քննարկման փուլում է, իսկ ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու է ԱԱՏՄ-ն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest