Գագիկ Մալխասյանը արցախյան երկրորդ պատերազմից երկու ամիս առաջ էր զորակոչվել, ծառայում էր Հադրութում: Գագիկն ավարտել էր Երեւանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանը: Մոր` Աննայի պատմելով, որդին գրեթե մինչեւ վերջ կռվել է Հադրութում, նոյեմբերի 8-ին զոհվել Շուշիում:

«Պատերազմը սկսվելու օրվանից  իրենք պաշտպանում էին Հադրութը, հետո, երբ հանձնել են Հադրութը, իրենք նահանջել են դեպի Մարտունի-2, ընկել շրջափակման մեջ, տասն օր այդպես մնացել, մի նեղ միջանցք են գտել, դուրս եկել: Հետո, նոյեմբերի 1-ին, թե 2-ին  հասել են Խնձրստան գյուղ, իսկ արդեն նոյեմբերի 6-ին իրենց հրաման են տվել, որ պետք է գնան  Շուշի: Որդիս զոհվել է նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, թեժ մարտերի ժամանակ: Ամսի 6-ին նա մեզ տեղյակ էր պահել, որ իրենց Շուշի են տանում, իսկ հաջորդ երկու օրերին կապ չենք ունեցել Գագիկի հետ: Երբ արդեն հաստատվեց հրադադարը, սկսեցինք փնտրել մեր որդուն: Եղբայրս եւ ամուսինս մեկնեցին Ստեփանակերտ, այնտեղ մի քանի օր «Կարմիր խաչի » հետ զբաղվեցին փնտրտուքով: Ադրբեջանցիները հավաքել, տարել էին մեր երեխեքի աճյունները, փոխանակեցին իրենց գերիների հետ », -ասում է Աննան:

Հետաքրքրվեցինք, թե Գագիկը իմացե՞լ է նախօրոք պատերազմի մասին:

«Գագիկը նորակոչիկ էր, հազիվ թե իմանար, իրեն մեկ ամիս պահել են Մարտունիում, հետո տեղափոխել Հադրութ: Նա միայն կասկածներ ուներ, քանի որ վերադասներից ով արձակուրդում է եղել` կանչել էին: Իսկ իրենց այդ ընթացքում չեն տարել զորավարժությունների: Շատ բան չէր ասում հեռախոսով, ասում էր, որ ամեն ինչ կպատմի, երբ վերադառնա: Նա մեզ նույնիսկ չէր ասել, որ իրենց  առաջնագիծ են տարել: Մի տղա միայն պատմել է, որ երբ ինքը վիրավոր է եղել, Գագիկն իրեն օգնել է, տարել անվտանգ տեղ եւ հետ գնացել: Իր հետ կռվողներն էլ ասում էին, որ երկու ամսվա ծառայող է եղել տղաս, բայց նրա նման կռվող չի եղել, հոգով ուժեղ էր »,- հիշում է Գագիկի մայրը:  Աննան տեղյակ է նաեւ, որ որդու հրամանատարը, որի անունը Վարուժ է, նոյեմբերի 7-ին, թեժ մարտերի ժամանակ  տանկով չորս հոգու հետ փախել է Շուշիից:

«Մեզ ծանոթ ունենք, որ տեղյակ էր, զանգեց, հարցրեց, թե ամսի 5-ին Շուշին հանձնել են, երեխեքին ինչի՞ են տարել, զոհել »,- ասում է Աննան:

Գագիկի տատը` Սոֆիան էլ արտասվելով  հարցնում է. «Եթե նոյեմբերի 5-ին հանձնել են  Շուշին,  եւ թուրքը կեղնի էնտեղ, երեխեքին  ինչի՞ են տարել,  ութսուն հոգու տարել են անօդաչուների, դիպուկահարների դեմ, որ ի՞նչ անեն: Ութսուն ադրբեջանցիներ էին կանգնած, եւ մեր երեխեքը նրանց դեմ պետք է կռվեի՞ն: Դա կանխամտածված էր, դա ավելի շատ հայի ձեռքի գործ էր, քան թուրքի: Թուրքը չէր կըրնա համատարած, ութսուն երեխու վերացնել: Որպես ի՞նչ էին տարել այդ նորակոչիկ, մատղաշ երեխեքին  »:

Սոֆիա տատն ասում է, որ Վարուժը կալանավորված է, բայց  թե որքանով կհաստատվի նրա մեղքի չափը, չգիտեն:   Նա սպասում է միայն, որ մեղավորները պատժվեն:

Թագուհի  Հակոբյան    

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest